… մոնղոլները
… 1240-ական թվականների սկզբին Մոնղոլական կայսրության ողջ բանակը կազմում էր մոտ 700.000 ռազմիկ, որոնցից մոտ 250.000-ը պատկանում էր մոնղոլական և նրանց ազգակից Գոբիի անապատի ցեղերին, իսկ մնացածը` նվաճված տարածքներից հավաքագրվող ռազմիկներին: Սակայն արդեն XIII դարի կեսերին այս թիվը, ի հաշիվ Մոնղոլական կայսրության կողմից նվաճված Հայաստանի, Վրաստանի և Կիևյան Ռուսիայի, ինչպես նաև կործանված Ղփչախական խանության ու դաշնակից Կիլիկիայի թագավորության, ավելի մեծացավ` ավելացնելով վերջինիս բանակը ևս մոտ 300.000 ռազմիկի չափով:
Միաժամանակ, սակայն, պետք է հաշվի առնել նաև փոփոխված ռազմա-քաղաքական իրավիճակը: Եթե XIII դարի առաջին կեսին Մոնղոլական կայսրությունը ու նրա 700.000-անոց բանակը ներկայացնում էին մեկ ամբողջություն և Մոնղոլական կայսրության բանակը պատրաստ էր Մեծ խանի առաջին իսկ հրամանով մարտի մեջ մտնել Ճապոնական ծովից մինչև Սև ու Միջերկրական ծովեր, Հնդկական օվկիանոս և Պարսից ծոց ընկած հսկայական տարածքի ցանկացած կետում, ապա, սկսած արդեն նույն XIII դարի կեսերից, իրավիճակը աստիճանաբար սկսում է փոխվել: Քանակական տեսակետից ավելի մեծացած և արդեն մոտ 1.000.000 ռազմիկ ընդգրկող Մոնղոլական կայսրության բանակը, ուղիղ համեմատական սեփական կայսրության կենտրոնացվածության աստիճանական անկմանը, ավելի ու ավելի շատ է սկսում կորցնել հիշատակված թվաքանակը գործնականում ապահովելու հնարավորությունը: Այս թվաքանակը, արդեն մեծապես ունենալով տեսական նշանակություն, դադարեց նույնիսկ այդպիսին լինել սկսած 1260-ականների սկզբից, երբ Մավերնահրն ու Յոթնագետքը ընդգրկող Չաղաթայական ուլուսը փաստացի անջատվեց Մոնղոլական կայսրությունից` դրանով իսկ վերջինիցս անջատելով նաև ավելի արևմուտք գտնվող Իլխանությունը և Ոսկե Հորդան: Միաժամանակ իրավիճակը ավելի բարդացավ նաև նրանով, որ Իլխանությունը, Ոսկե Հորդան և Չաղաթայական ուլուսը խիստ թշնամական դիրք գրավեցին միմյանց նկատմամբ: Այս պայմաններում մեզ հետաքրքրող տարածաշրջանում` Մերձավոր Արևելքում, Հայաստանում, Անդրկովկասում և Փոքր Ասիայում, Մոնղոլական կայսրության անունից, սակայն փաստացի միայն սեփական ուժերով ու միջոցներով, հիմնական դերակատարությունը ստանձնեց մոտավորապես Աքեմենյանների թագավորության տարածքին հավասար տարածք ընդգրկող Իլխանությունը, որի բանակը կազմում էր մոտ 200.000 ռազմիկ: Իլխանության գլխին կանգնած էր իլխանը, որը, ձևականորեն ենթարկվելով Մոնղոլական կայսրության Մեծ խանին, իրականում անկախ մի պետության տիրակալ էր:
Էջանիշներ