Իսկ այդ ժամանակ Կիլիկիայի թագավորությունում…
… Պատմությունը երբեմն զարմանալի պատկերներ է ստեղծում, պատկերներ, որոնցում հիմնական հմայքը պատկանում է հակասություններին: Մամլուքյան սուլթանություն և Կիլիկիա, սա իր ժամանակի Մերձավոր Արևելքի երևի թե ամենաուժեղ հակասությունն էր, որում էլ հենց արտահայտվեց նրա պատմական յուրօրինակ հմայքը: Էյուբյանների սուլթանության ավերակների վրա բարձրացած Մամլուքյան սուլթանությունը և նրանում իշխող մամլուքները ըստ էության իրենցից ներկայացնում էին գայլային ոհմակի օրենքներով ապրող մարդկանց մի խումբ, որոնք, ինչպես արդեն տեսանք և դեռ էլի կտեսնենք, անխնա գզվռտոցի մեջ, ինչպես իսկական գայլեր, հանուն բարձրագույն իշխանության գագաթը մագլցելու ոչնչացնում էին մեկ-մեկու:
Սրան հակառակ, Կիլիկիայի թագավորությունում այդ ժամանակ տիրում էր այնպիսի մի գեղեցիկ հանդարտություն և խաղաղություն, որը իր որոշ գծերով կարելի է համեմատել թերևս միայն հեքիաթների վերջերում նկարագրվող երջանիկ թագավորությունների հետ: Եվ իրոք որ այս գեղեցիկ թագավորությունը բոլոր հիմքերն ուներ իրեն երջանիկ համարելու, քանի որ սահմաններում տիրում էր գրեթե չընդհատվող խաղաղություն, իսկ երկրի գլխին էլ կանգնած էր կրկին գրեթե հեքիաթային թագավորական մի զույգ` իր հպատակների անկեղծ սիրուն ու հարգանքին արժանացած Հեթում I-ը (1226-1269) և իր բարեգործություններով ու մեղմ բնավորությամբ հայտնի Զաբել թագուհին (ծն. 1216, մահ. 1252)` Լևոն I Մեծի (1187-1198` իշխան, 1198-1219` Հայոց արքա) աղջիկը: Թագավորության կառավարման գործում սկզբնական տասնամյակներում կարևոր դերակատարություն ուներ նաև թագավորահայր Կոստանդին Հեթումյանը (ծն. մոտ 1190, մահ. 1262) Դե իսկ բանակն էլ գտնվում էր թագավորի մեծ եղբոր` ուղիղ կես դար “Հայոց սպարապետ”-ի պաշտոնը զբաղեցրած Սմբատ Սպարապետի (ծն. 1208, մահ. 1276) հրամանատարության տակ: Այս վիճակում երկիրը վայելեց ներքին անդորրի և արտաքին խաղաղություն գրեթե երեք տասնամյակ: Եվ միայն 1240-ականների երկրորդ կեսերից սկսված սկիզբ առան քիչ թե շատ լուրջ ընդհարումներ սահմաններում Իկոնայի սուլթանության և Ղարամանյանների էմիրության հետ, որոնք, սակայն, հիմնականում ավարտվեցին հայերի օգտին: Բայց պատմական զարգացումները երբեք էլ հնարավորություն չեն տվել հայերին վայելելու հարատև խաղաղություն և այդ խաղաղ տասնամյակներն էլ պետք է ավարտվեին…
1255 թ-ին Հեթում I-ը դաշինք կնքեց թագավորության սահմաններին մոտեցած մոնղոլների հետ և դրանով, գոնե դաշինքի գործունեության սկզբնական տարիներին, ավելի ամրապնդեց իր երկրի անվտանգությունը: Սակայն կնքված այս դաշինքը ուներ նաև բացասական մի լուրջ կողմ, քանի որ դրա պատճառով Կիլիկիայի թագավորությունը ներքաշվում էր Մամլուքյան սուլթանության դեմ մղվող պատերազմի մեջ և վաստակում էր մամլուքների չմարող ատելությունը: Սա իհարկե վատ էր, բայց մյուս կողմից էլ Հայոց արքային մեղադրելը ևս ճիշտ չէր, քանի որ, ունենալով գայլային օրենքներով ապրող այնպիսի հարևաններ, ինչպիսիք մամլուքներն էին, Հայոց թագավորությունը վաղ թե ուշ պետք է ենթարկվեր սրանց հարձակումներին, այսինքն թշնամությունը մամլուքների հետ ցանկացած դեպքում պետք է որ սկսվեր…
Այսպես թե այնպես, բայց դաշինքը կնքված էր և դա էլ հենց կարծես խորհդանշեց Կիլիկիայի թագավորության “հեքիաթային դարաշրջան”-ի ավարտը…
Ի կատարումն կնքված դաշինքի Կիլիկիայի թագավորության բանակը Հեթում I-ի և Սմբատ Սպարապետի գլխավորությամբ մասնակցեց Մոնղոլական կայսրության հարավ-արևմտյան տարածքներում փաստացի անկախացած և միայն ձևականորեն Մոնղոլական Մեծ խաների գերիշխանությունը ընդունող իլխանների պետության` Իլխանության, մղած պատերազմներին, սկսած 1256 թ-ից: Ընդ որում Հայկական բանակը Իլխանության համար իրոք որ անփոխարինելի դեր էր կատարում: Բանն այն է, որ Մոնղոլական կայսրության և Իլխանության հեծելազորը իրականում ծանր կարող էր համարվել միայն արևելյան ու միջին ասիական չափանիշներով, այն դեպքում, երբ վերջինս, Մերձավոր Արևելքում հավասարազոր լինելով միջին հեծելազորին, այլ հավասար պայմաններում զիջում էր Հայոց այրուձիուն, ինչպես նաև վրացական, խաչակրաց, արաբական կամ մամլուքյան ծանր հեծելազորերին: Ընդ որում դրությունը առավել բարդացավ XIII դարի կեսերից, երբ Իլխանության բանակում սկսեց աստիճանաբար վերանալ նույնիսկ միջին հեծելազորը: Սա իր հերթին հանգեցրեց մինչ այդ էլ մերձամարտից խուսափել ձգտող Մոնղոլական կայսրության և Իլխանության բանակում հիշատակված մարտավարության առավել զարգացմանը: Ընդ որում, եթե սկզբնական շրջանում մերձամարտից խուսափումը, թեև որոշ չափով լինելով հարկադրված, այնուհանդերձ Մոնղոլական կայսրության և Իլխանության բանակի համար հանդիսանում էր յուրօրինակ մարտական տակտիկա, ապա XIII դարի կեսերից սկսած ծայրահեղության հասած այս միտումը ընդունեց վտանգավոր չափեր` Իլխանական բանակում անփոխարինելի դարձնելով Հայոց այրուձին և վրացական հեծելազորը: Լիակատար պարզության համար ավելացնենք նաև, որ Կիլիկիայի թագավորության բանակից բացի Մամլուքյան սուլթանության դեմ մղվող պատերազմին Իլխանության բանակի կազմում մարտական գործողություններին մասնակցում էր նաև Հայոց այրուձին ուղղակիորեն Իլխանության տիրապետության տակ գտնվող տարածքներից, այսինքն Հայաստանի մնացած 17 նահանգներից:
Էջանիշներ