987 թ-ի աշնանը Արտավանյան-Գողթն երթուղով Աբուլ-Հաիջա Մուհամմեդի գլխավորությամբ Անիի թագավորության տարածք ներխուժած Ռավադյանների և Հերի էմիրությունների միացյալ բանակը (100.000) գրավեց Նախիջևանը Անիի թագավորության կայազորից (մոտ 1.000): Զարգացնելով հաջողությունը` Նախիջևանից արշավանքը դեպի հյուսիս-արևմուտք շարունակած թշնամական բանակը Անիի թագավորության բանակից (մոտ 1.000) գրավեց նաև Դվինը: Այս պայմաններում արքայից-արքա Սմբատ II Տիեզերակալը, հաշվի առնելով այն, որ Աբխազիայում Բագրատ I-ի գաղտնի աջակցությամբ իրեն արքա հռչակած ու իշխանությանը վերատիրած Թեոդոսիոս III Կույրը խիստ սպառնալից դիրք է գրավել Անիի թագավորության նկատմամբ և նպատակահարմար չգտնելով միանգամից պատերազմել երկու ճակատով, խոշոր գումար վճարեց Ռավադյանների էմիրությանը, որը, ստանալով այն ու կայազորներ թողնելով գրաված քաղաքներում, կնքեց զինադադար և իր հիմնական բանակային ուժերով հեռացավ Անիի թագավորության տարածքից:
Սակայն խնդիրները ոչ մի կերպ չէր կարելի լուծված համարել և Հայոց արքան ընդամենը հասել էր նրան, որ շահել էր որոշակի ընդմիջում, որը պետք է օգտագործվեր հնարավորինս արդյունավետ. ամենից առաջ անհրաժեշտ էր վերացնել հյուսիսից սպառնացող վտանգը: 987 աշնանը, հենց այն ժամանակ, երբ կնքվել էր զինադադար Ռավադյանների հետ, Քարթլիի թագավորության բանակը (մոտ 3.000) հարձակվեց Արտանուջի թագավորության վրա` հարվածելով վերջինիս վասալ Քարադուռի իշխանությանը: Սակայն Բագրատ I-ի պապ Բագրատ Բագրատունու գլխավորած Արտանուջի թագավորության բանակը (մոտ 5.000) Դլվիկի ճ-մ-ում (Գուգարք, Ջավախք գավառ) հաղթեց իր որդի Գուրգեն Բագրատունու գլխավորությամբ գործող թշնամական բանակին: Սակայն այս ճակատամարտը դեռևս խնդիրը չէր հանգուցալուծում: Շուտով մոտեցան Բագրատ I-ի գլխավորած Քարթլիի և Դավիթ II Մեծի գլխավորած Արտանուջի թագավորությունների հիմնական ուժերը, որի արդյունքում կնքվեց հաշտություն և պահպանվեց ստատուս քվոն: Դավիթ II Մեծը, որը այդ պահին անվիճելիորեն գերազանցում էր իր ապերախտ ազգականներին, ստիպված էր այնուհանդերձ աջակցել Վարդ Փոկասին, ինչն էլ նրան ստիպեց զիջումների գնալ ու համաձայնել հաշտությանը: Դե իսկ հայր ու որդի Գուրգենն ու Բագրատն էլ, որոնք կարծում էին, որ պարտվել են միայն խաղի սկզբում, որոշեցին խաղի մեջ մտցնել աբխազական հաղթաթուղթը:
Եվ ահա արդեն նույն 987 թ-ի դեկտեմբերին, երբ Արտանուջի թագավորության հիմնական ուժերը կրին թագավորության արևմուտքում էին կամ էլ Բյուզանդական կայսրության տարածքում, Թեոդոսիոս III Կույրի գլխավորած Աբխազական (մոտ 30.000) և Քարթլիի (մոտ 30.000) թագավորությունների միացյալ բանակը ասպատակեց Քարադուռի իշխանության տարածքը: Այս հանգամանքը վերջնականապես փաստացի պատերազմական գործողությունների մեջ ներքաշեց Անիի թագավորությանը, որը չէր կարող համակերպվել իր վասալ Արտանուջի թագավորության և իր վասալի վասալ Քարադուռի իշխանության նկատմամբ իրականացվող թշնամական գործողությունների հետ, մանավանդ, որ Ռավադյանների հիմնական ուժերը արդեն նահանջել էին: Արդյունքը եղավ Գորիի ճակատամարտը, որը շատ հարցեր դրեց իրենց իրական տեղում:
988 հունվար – Գորիի ճ-մ (Վրաստան, Տփղիսից մոտ 50 կմ հյուսիս-արևմուտք)
Արքայից-արքա Սմբատ II Տիեզերակալը պահանջեց Թեոդոսիոս III Կույրից դադարեցնել թշնամական գործողությունները և հեռանալ Անիի թագավորության գերագահության տակ գտնվող տարածքներից: Միաժամանակ Հայոց արքան կենտրոնացրեց Անիի թագավորության բանակը (մոտ 80.000, այդ թվում Ոստանիկ, ինչպես նաև Մարզպանական բանակը, որի կազմում էին մասնավորապես Գոռամ իշխանի գլխավորած Արտանուջի թագավորության հեծելազորը, Գուրգեն արքայի գլխավորած Վասպուրականի թագավորության բանակը (վերջինս իր կազմում ընդգրկում էր նաև Համակար Արծրունու գլխավորած Անձևյաց իշխանության բանակը և Աշոտ Մոկացու գլխավորած Մոկաց իշխանության հեծելազորը, ինչպես նաև Գնունյաց, Քաջբերունյաց, Գաբեղյանց, Գազրիկյանց, Գնդունյանց և Ձյունականյանց գնդերը), Կարսի թագավորության բանակը, Լոռու թագավորության բանակը, Աբուսամբ Սյունու գլխավորած Սյունյաց թագավորության բանակը, Հմայակ Սևորդու, Սմբատ ու Վասակ Առանշահիկների գլխավորած Խաչենի թագավորության բանակը, Գագիկ Բագրատունու գլխավորած Տարոնի իշխանության հեծելազորը, Գրիգորի գլխավորած Սասունի իշխանության բանակը, Կորճայքի հեծելազորը և Ճողբի իշխանության բանակը): Տեղեկանալով իր դեմ արշավել պատրաստվող Անիի թագավորության բանակի կենտրոնանալու մասին` Թեոդոսիոսը իր բանակով նահանջեց դեպի հյուսիսի և ճամբարեց Գորիի շրջակայքում: Դրանից հետո արքայորդի Մուշեղը, ամուսնացած լինելով Թեոդոսիոսի դստեր հետ և զգալով իրեն համեմատաբար ապահով, բանակցությունների նպատակով ժամանեց Թեոդոսիոսի ճամբար, սակայն գերվեց: Ի պատասխան դրա Անիի թագավորության բանակը ուղղություն վերցրեց դեպի Գորի: Սակայն թշնամին, ամուր դիրքեր գրավելով քաղաքի շրջակայքում, միաժամանակ բաց թողեց նաև Կուր գետի ջրերը և, առաջացնելով արհեստական ջրհեղեղ, սեփական դիրքերի դիմաց ստեղծեց համատարած լերկասառույց: Ստեղծված բարդ իրավիճակից ելք առաջարկեց Վասպուրականի Գուրգեն արքան, որը նաև հանձն առավ գերությունից ազատել իր քեռորդի Մուշեղին: Հրամայելով սեփական հեծելազորի ձիերը պայտել հաստ ու ցցային ելուստներ ունեցող պայտերով` Գուրգենը վերջինիս ուղեկցությամբ լերկասառույցի վրայով առերևույթ խաղաղ երթով շարժվեց թշնամու ուղղությամբ: Թեոդոսիոսը, կարծելով, թե հայերը գալիս են բանակցելու, իր թիկնապահ գնդով Մուշեղի ուղեկցությամբ մոտեցավ լերկասառույցի վերջին:
Լիակատար լռություն պահպանող Գուրգենի հեծյալները ընդհուպ մոտեցան թշնամուն և, միանգամից հզոր աղաղակ բարձրացնելով, անակնկալ հարձակվեցին Թեոդոսիոսի թիկնապահ գնդի վրա: Վերջնիս, պատրաստ չլինելով ընդհարմանը, խուճապի մատնվեց ու դիմեց փախուստի: Մուշեղը ազատվեց, իսկ յուրայինների կողմից լքված Թեոդոսիոսը գերվեց:
Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 1.000 զինվոր: Սակայն Հայոց արքան մեծահոգի գտնվեց և խստորեն չպատժեց իր ձեռքում հայտնված կույր ծերունուն: Քարադուռի իշխանությունը ընկավ Անիի թագավորության ուղղակի տիրապետության տակ, բայց 989 թ-ից նորից անցավ Արտանուջի թագավորությանը:
Էջանիշներ