Սկզբնաղբյուրներում հստակորեն չի արտահայտված 198 թ-ի արևելյան արշավանքում հռոմեական բանակի թվաքանակը, որը կարելի է պարզել միայն առկա տվյալների վերլուծության արդյունքում:
Դա պարզելու համար հռոմեական բանակը կազմող լեգեոնները կրկին նպատակահարմար է դիտարկել 2 խմբում.
ա) լեգեոններ, որոնք ուղղակիորեն հիշատակվում են Սեպտիմիոս Սևերոսի բանակի կազմում.
1. I Adiutrix-ը,
2. I Italica-ն,
3. I Parthica-ն,
4. II Parthica-ն,
5. III Gallica-ն,
6. III Italica-ն,
7. III Parthica-ն,
8. IV Scythica-ն,
9. VII Claudia-ն,
10. VIII Augusta-ն,
11. XVI Flavia-ն:
բ) լեգեոններ, որոնք ուղղակիորեն չեն հիշատակվում, սակայն որոնք այդ ժամանակ գտնվում էին արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում և կարող էին հայտնվել Սեպտիմիոս Սևերոսի բանակի կազմում.
1. II Traiana-ն (198 թ-ին տեղաբաշխված էր Եգիպտոսում),
2. IV Flavia-ն (198 թ-ին տեղաբաշխված էր Կապադովկիայում),
3. VI Ferrata-ն (198 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավում),
4. X Fretensis-ը (198 թ-ին տեղաբաշխված էր Երուսաղեմում),
5. XII Fulminata-ն (198 թ-ին տեղաբաշխված էր Մելիտեում),
6. XV Apollinaris-ը (198 թ-ին տեղաբաշխված էր Սատաղում):
Այսպիսով հաստատապես հայտնի է, որ Սեպտիմիոս Սևերոսի տրամադրության տակ կար 11 լեգեոն` որոնց կազմում ("Օգոստոսյան լեգեոն"-ի 6.826 հաստիքային թվաքանակի պայմաններում) պետք է ընդգրկված լիներ 75.086 լեգեոներ: Սրանից զատ արևելյան ու հարավ-արևելյան ուղղություններում 198 թ-ին տեղաբաշխված էր ևս 6 լեգեոն` 40.956 լեգեոներ:
Այս պայմաններում կարելի է ենթադրել, որ տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո, անմիջականորեն մարտական գործողություններ վարելու համար կարող էր լինել մոտ 100.000 լեգեոներ: Իր հերթին արևելյան պրովինցիաներից այս բանակին կարող էր միանալ ևս մոտ 60.000 դաշնակից ռազմիկ:
Այսպիսով կարելի է պնդել, որ Սեպտիմիոս Սևերոսի բանակը կազմում էր 160.000 ռազմիկ, որից մոտ 100.000 լեգեոներ և 60.000 դաշնակից:
Էջանիշներ