Մ.թ.ա 180-ական թվականներին քոչվոր սարմատների մեծաթիվ ու հզոր հորդան անցավ Վոլգան և գլխովին ջախջախեց հիշատակված տարածքներին մինչ այդ տիրող սկյութերին, որոնց փոքր մասը նահանջեց դեպի արևմուտք, հետագայում ընդունելով սարմատների գերիշխանությունը, իսկ հիմնական մասը ձուլվեց սարմատների մեջ ու ավելի ուժեղացրեց վերջիններիս: Սրա արդյունքը եղավ մասնավորապես այն, որ Դանուբից Վոլգա ձգվող Մերձսևծովյան և Նախակովկասյան լայնարձակ տափաստաններում ստեղծվեց սարմատների արքայական ցեղ հանդիսացող ալանների (արևմտյան աղբյուրներում` <<ռոքսալաններ>>) գլխավորած Ալանական հզոր թագավորությունը, որը ակտիվ արտաքին ավարառուական քաղաքականություն էր վարում: Հայ-Ալանական պատերազմը այս քաղաքականության արդյունքներից մեկն էր: