1049 թ-ին Արալյան ծովի հյուսիսային ու արևելյան ափերին բնակվող ղփչախները շարժվեցին դեպի արևմուտք և ծանր պարտության մատնեցին սկզբում օղուզներին, իսկ ավելի ուշ` արևելյան պեչենեգներին: Արդյունքում Ղփչախական խանության սահմաններում հայտնվեցին Արալյան ծովի հյուսիսային ափերից մինչը Դոն ընկած հսկայական տարածքները, իսկ արևելյան պեչենեգները, ինչպես նաև օղուզների մի մասը ստիպված եղան անցնել Դոնը ու միանալ դեռևս 889 թ-ից Մերձսևծվյան տափաստաններում լիովին անկախ իշխող և Պեչենեգների խանությունը հիմնած արևմտյան պեչենեգներին: Այս ամենի հետևանքով Պեչենեգների խանությունը, իր մեջ ընդունելով պեչենեգների խոշոր հատվածներ և դաշնակցելով օղուզների հետ, կտրուկ ուժեղացավ` վերածվելով Բյուզանդիայի չափազանց վտանգավոր ախոյանի:
Ղփչախների այս տեղաշարժի արդյունքը եղավ նաև այն, որ օղուզների հիմնական մասը Կասպից ծովի արևելյան ափերով տեղաշարժվեց դեպի հարավ և, հաստատվելով Սելջուկյան սուլթանությունում ու ընդունելով իսլամը, կտրուկ ուժեղացրեց վերջինիս ռազմական պոտենցիալը` բոլոր պայմանները ստեղծելով սելջուկյան հետագա հսկայամասշտաբ արշավանքների համար: 1055 թ-ին Սելջուկյան սուլթանությունը գրավեց Բաղդատը և դարձավ Արաբական խալիֆության փաստացի տերը` իր գերագահությունը տարածելով խալիֆության տարածքում եղած տարաբնույթ էմիրությունների վրա:
1080-ական թվականների սկզբին ղփչախները վերսկսեցին իրենց առաջխաղացումը դեպի արևմուտք և ստիպեցին մինչ այդ Կիևյան Ռուսիայից պարտություններ կրած պեչենեգներին թողնել Մերձսևծովյան տափաստանները: Ի վիճակի չլինելով դիմադրել ղփչախներին և հետապնդվելով վերջիններիս կողմից` պեչենեգները անցան Դանուբը և փորձեցին հաստատվել Բուլղարիայի տարածքում: Հենց դրա արդյունքը հանդիսացավ Պեչենեգյան II պատերազմը և պեչենեգների ոչնչացումը: