Lion-ի խոսքերից
Սրանից ուղիղ տաս տարի առաջ` 1999 թվականի հունվարի 22-ին, երբ ես սկսեցի աշխատել "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք" աշխատության վրա, ինձ այնպես էի զգում, կարծես առաջին քայլն եմ անում բարձր մի լեռան գագաթը տանող ճանապարհի ամենասկզբում: Եվ այն ժամանակ, երբ ես բարձրացնում էի գլուխս ու հայացք գցում լեռան կատարին, սիրտս կծկվում էր ու հաճախ էի ինքս ինձ հարց տալիս. "Արդյո՞ք բավական ուժ և եռանդ կունենամ ավարտին հասցնել մտածածս, արդյո՞ք կհերիքի աշխատասիրությունս ու կբավարարեն գիտելիքներս և, ամենակարևորը` արդյո՞ք կյանքը, իր անսպասելի շրջադարձերով ու վայրիվերումներով, հնավարություն կտա վերջին հասցնել սկսածս գործը":
Այժմ` ուղիղ տաս տարի անց այն օրից, երբ թղթին հանձնեցի աշխատության առաջին բառերը, ես, գրելով արդեն աշխատության վերջին բառերը ու այս անգամ ասես կանգնած լինելով նույն այդ բարձր լեռան կատարին, հետհայաց եմ գցում իմ անցած ուղուն և փորձում եմ հասկանալ ու գնահատել այն. ի՞նչ արեցի ես այս տաս տարում, ինչի՞ հասա և, ամենագլխավորը, ի՞նչ թողեցի ինձնից հետո...
Բարդ ուղի էր դա, ընթերցող, և սա ես ասում եմ առանց դույզն իսկ չափազանցեցնելու: Փորձեցի, սխալվեցի, ուղղեցի սխալներս, նորից փորձեցի, գտա ճիշտ ուղին և առաջ անցա: Արդյունքում մաս առ մաս ու տառացիորեն զրոյից ստեղծեցի նմանատիպ աշխատության գրելու մեթոդիկա: Ուսումնասիրության ենթարկեցին սկզբնաղբյուր հանդիսացող պատմիչների հսկայական քանակությամբ գրվածքներ և սեպագրեր, կարդացի մեծ քանակությամբ ընդհանուր պատմական ու նեղ ռազմագիտական գրականություն, փնտրեցի և գտա հարյուրավոր ինտերնետ կայքեր, կարդացի ու համեմատեցի այդ ամենը, անցա հազարավոր տպագիր էջերի վրայով` արդյունքում հաճախ, ինչպես ոսկեավազ լվացող մի ոսկեխույզ, ուրախ լինելով միայն նրա համար, որ դրանցում հանդիպել եմ ինձ հետաքրքրող թեմային վերաբերվող ընդամենը մի քանի խիստ արժեքավոր բառի կամ տեղեկատվության: Եվ այնուհանդերձ ես հավաքեցի տարաբնույթ աղբյուրներում ցրված այդ տեղեկատվությունը, ընթերցող, համակարգեցի դրանք, վերլուծեցի, ընդհանրացրեցի և իմ կողմից մշակած մեթոդիկայի օգնությամբ ի վերջո շարադրեցի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը:
Տես, ուսումնասիրված է հույների ու հռոմեացիների ռազմական պատմությունը, ուսումնասիրված է թերևս ամենաշատը աշխարհում, ակադեմիական մակարդակներով վերլուծված են եվրոպական հիմնական ազգերի ռազմական պատմությունները, սակայն նույնիսկ նրանք չունեն իրենց անցած ռազմական ուղու նմանատիպ սպառիչ և համընդգրկուն մի վերլուծության, այն դեպքում, երբ մենք արդեն... ունենք այն:
Հենց սա եմ ես համարում այս տաս տարվա ջանքերիս հիմնական պտուղը, ընթերցող, հենց սա է այն արդյունքը, որն ինձ շատ է գոհացնում և որը տեսնելով ես դույզն իսկ չեմ զղջում անցածս ուղու համար: Ընդ որում սա ես համարում եմ ոչ միայն իմ, այլև իմ ազգի ձեռքբերումը, քանի որ ներկայումս երկրագնդի վրա ապրող և ոչ մի ազգ չի կարող հպարտանալ նման մի փաստով` ունենալ իր անցած ռազմական ուղու սպառիչ տարեգրությունը: Երանի այնպես լինի, ընթերցող, որ այս գրքի մեջ դու էլ քո աչքերով տեսնես իմ տեսածը, քո հայացքով քննես իմ շարադրածը, իսկ եթե վիճելու էլ լինես հետս, ապա միայն նրա համար, որ այդ վեճից վեր հառնի ճշմարտությունը:
Եվ վերջում ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր համբերատար ուղեկից դարձան ինձ այս երկար ու դժվար ուղում և օգնեցին անցնել այն, բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով մոտեցան հնարավոր սխալներիս ու սայթաքումներիս և իրենց բարեմիտ խորհուրդներով փորձեցին առավել լավը դարձնել աշխատանքս, և վերջապես, ինչո՞ւ չէ, ուզում եմ դիմել նաև բոլոր նրանց, ովքեր նախանձախառն ծաղրանքով չարախնդացին արածիս վրա ու հեգնեցին:
Մի խոսքով, ուզում եմ դիմել բոլոր-բոլորին և, ընդօրինակելով մեր մեծ նախնիներին, ասել. "Անմեղադիր լերուք, կարն իմ այս էր: Տա աստված, որ ապագայում այս թեմայով ստեղծվի սրանից ավելի լավ մի աշխատանք...":
Անմեղադիր լերուք, կարն իմ այս էր: Բարին ընդ Ձեզ...
Էջանիշներ