1165 սեպտեմբեր – Անարզաբայի ճ-մ

Կիպրոսից արշաված Անդրոնիկ Կոմենոսի գլխավորած բյուզանդական (մոտ 15.000), ինչպես նաև Կիլիկիայում նրան միացած Օշին Հեթումյանի (մոտ 2.000) միացյալ բանակը մոտեցավ քաղաքի մոտ մարտակարգ ընդունած Թորոս Ռուբինյանի բանակին (մոտ 10.000), որից հետո Անդրոնիկի հրամանով նրա բանակը ընդունեց խաչակիր օրդեններին բնորոշ սեպաձև մարտակարգ :
I փուլ – Հայկական բանակը, անտառներով ու ձորակներով աննկատ թևանցնելով թշնամուն, անակնկալ թևային հարվածներ հասցրեց և ծանր պարտության մատնեց վերջինիս:
II փուլ – Հայկական բանակը հետապնդեց և ոչնչացրեց թշնամու փախչող մնացորդներին: Ու թեև այդ ընթացքում Թորոսին աննկատ մոտեցած հեծյալ Անդրոնիկը անակնկալ հարձակումով տապալեց վերջինիս ձիուց և դիմեց փախուստի, սակայն, շնորհիվ հուսալի զրահի ու երկար վահանի, Ռուբինյան իշխանը որևէ էական վնաս չկրեց:
Հայերը կորցրին 400, թշնամին` 4.201 զինվոր:

Հ.Գ. Հայկական ու բյուզանդական աղբյուրներում հիշատակվող այն տեղեկությունը, որ Անդրոնիկն իր բանակը դասավորել էր "խոզի կամ կենդանու" ձևով և որը վերջիններս ընկալել են որպես բյուզանդական զորավարի արհամարհանքի ցույց հայերի նկատմամբ, իրականում պետք չէ հասկանալ ուղղակի իմաստով:
Կարելի է կարծել, որ բյուզանդական բանակը, որն այդ դարաշրջանում արդեն կորցրել էր իր "հռոմեական" որակները և ըստ էության վերածվել էր միջին եվրոպական ֆեոդալական պետության հեծելազորային մի բանակի, իրականում ընդունել է սուր ծայրը դեպի հակառակորդի դասավորության կենտրոնն ուղղված խաչակիր ռազմա-վանական օրդեններին բնորոշ սեպաձև մարտակարգ, որտեղ շարքով կանգնած ռազմիկների ամբողջությունը հեռվից նայելիս իրոք նմանվում է խոզի:
Ըստ երևույթին հենց այս հանգամանքն է, որ չեն ընկալել ռազմական գործին անտեղյակ հոգևորական-պատմիչները: Կարելի է ենթադրել, որ վերջիններս, լսելով ճակատամարտին մասնակցած ռազմիկների կիրառած արտահայտությունները այն մասին, որ Անդրոնիկն իր բանակին տվել է "կենադանու", "խոզ"-ի կամ "խոզի գլխի" ձև ու չխորանալով դրա ռազմա-տակտիկական նրբությունների մեջ, այդ բառերը ընկալել են որպես թշնամու հրամանատարի արհամարհանքի ցույց հայերի նկատմամբ: Իմ տեսակետը անուղղակիորեն հաստատվում է նաև այն հանգամանքով, որ թշնամու բանակը լիակատար անկարողություն դրսևորեց մասերի բաժանված Հայկական բանակի անակնկալ (հավանական է թևային) հարվածին դիմադրելիս: Իսկ հայտնի է, որ "խոզի գլուխ"-ը բավականին արդյունավետ է հակառակորդի մարտակարգերին հզոր ճակատային հարված հասցնելու համար, սակայն միաժամանակ այն նաև խիստ անդյուրաշարժ է, անմանևրունակ, անօգնական ու հատկապես անպաշտպան թևային հարվածներից: Որպես ասվածի հաստատում կարելի է մատնանշել "խոզի գլուխ" մարտակարգի կիրառման ամենահայտնի օրինակներից մեկը` 1242 ապրիլի 5-ի "Սառցաջարդ" անունով հայտնի Չուդ լճի ճ-մ-ը:
Այս օրինակը, ի դեպ, կրկին ցույց է տալիս պատմիչներին գրեթե համատարած բնորոշ այն թերությունը, որ նրանք, լինելով հոգևորականներ և խորթ ռազմական գործից, չէին մտնում ռազմական մանրամասնությունների մեջ ու իրենց աշխատություններում ներկայացնում էին ավելի շատ մարտի հոգեբանա-բարոյական կողմը և արդյունքը: Ռազմական մանրամասները պարզելու տեսակետից արդեն իսկ դժվարընկալելի այս տեղեկատվությունը իր հերթին հետագա մասնագետների թեթև ձեռքով, որոնք իրենք էլ լինելով փայլուն բանասերներ կամ լեզվաբաններ, այնուամենայնիվ չունեին ռազմական պատմության ոլորտի բավարար գիտելիքներ, ավելի է աղավաղվում: