Ամենազարմանալի համընկնումը, որ գոյություն ունի Չամչյանի գահացանկի և այսպես կոչված ‘‘համընդհանուր ընդունված’‘ կամ դասական պատմության հետ, դա Չամչյանի նշած` Զարմայրի (մ.թ.ա. 1194-1180) գահակալության տարիներն են, որն ըստ Խորենացու (Գիրք 1, գլուխ 32) մասնակցել է Տրոյական պատերազմին և զոհվել այդ ժամանակ: Տրոյական պատերազմը ու Տրոյայի կործանումը, որը մոտավորապես տեղադրվում էր մ.թ.ա. XII դարում, ներկայումս մասնագետների մեծամասնությունը ավելի կոնկրետացնում է մ.թ.ա. 1190-1180 թ-երին՝ որպես ամենածանրակշիռ հիմնավորում ունենալով այն հանգամանքը, որ Խեթթիի վերջին արքա Սուպիլուլիումա II-ը, որը գահ է բարձրացել մ.թ.ա. 1190 թ-ին, գրեթե հետք չի թողել իր մասին և նրա կարճատև տիրապետությունից հետո Խեթթին տառացիորեն ջնջվել է պատմության թատերաբեմից: Այս հանգամանքը ներկայումս բացատրվում է մ.թ.ա. 1190 թ-ից Բալկանյան թերակղզուց ներխուժումներ սկսած այսպես կոչված ‘‘Ծովի ժողովուրդներ’‘-ի (միկենյան հույներ, աքայացիներ, փռյուգացիներ և այլն) մասսայական և չտեսնված ավերիչ արշավանքով, որոնք ըստ Եգիպտոսի փարավոն Ռամզես III-ի (մ.թ.ա. 1184-1153) ‘‘Անալներ’‘-ի կործանեցին Խեթթին և հավանական է, որ հենց նույն ժամանակ էլ 10 տարվա պաշարումից հետո գրավեցին Տրոյան: Այս ամենից պարզ է դառնում, որ Զարմայրը ևս, որը հաշվի առնելով ‘‘Ծովի ժողովուրդներ’‘-ի արշավանքի աննախադեպ չափերը, իր ուժերով օգնում էր Տրոյային, նպատակ ունենալով արգելակել ներխուժողների հնարավոր հետագա արշավանքը դեպի Հայաստան, զոհվել է հենց ճշգրիտ այն տարում, երբ ընկել է Տրոյան: Հետաքրքիր է նաև, որ կրկին ըստ Մխիթար Այրիվանցու (մաս 2) Զարմայրը իշխում էր այն ժամանակ, երբ. ‘‘Հռոմեացիների վրա թագավորեց Էնեյը (Էնեյ (մ.թ.ա. մոտ 1230-1190) – Մ.Հ.)’‘: