Բագրատ II-ի (1027-1072) դեմ Լիպարիտ Քաջ Օրբելյանի (1021-1058) ապստամբությունը երբեք չի դիտարկվել որպես հայերի լայն մասնակցությամբ իրականացված ապստամբություն և երբևիցե չի ընկալվել որպես հայոց պատմության բաղկացուցիչ մաս, թեև ապստամբների հիմնական մասը հայեր էին և այն ծավալվում էր հոծ հայկական բնակչություն ունեցող բնիկ հայկական տարածքում` Գուգարքի հյուսիսային շրջաններն ընդգրկող Քարադուռի Օրբելյանների իշխանությունում:
Քարթլիի թագավորությունում հայերի և վրացիների միջև սրված հարաբերությունները, որոնք ի վերջո հանգեցրեցին հայկական տարածքներում բռնկված ապստամբության, ունեին խորը արմատներ և հարցը չի կարող իր բավարար բացատրությունը ստանալ լոկ Քարթլիի թագավորության ֆեոդալական բնույթի կամ Լիպարիտի փառասիրական նկրտումների մասին ընդհանուր դատողություններով:
Իրականում ապստամբության համար հիմք հանդիսացավ վերևում արդեն իսկ քննարկված գործընթաց` Արտանուջի թագավորության վերաճումը Քարթլիի թագավորության և վրացիների, աբխազների ու ծանարների միաձուլում, որի արդյունքում նախկինում առաջնային տեղ և դեր ունեցող հայ ազնվականները իրենց խաղացած դերով աստիճանաբար մղվեցին հետին պլան: Այս գործընթացը սկսվեց դեռևս Բագրատ I-ի թագավորության կեսերից, որը ոչ միայն աստիճանաբար իր հենարանը դարձրեց աբխազներին ու վրացիներին, այլև սկսեց բռնություններ գործադրել նաև հենց իր տոհմակիցների նկատմամբ (օրինակ` Արտանուջի դքսության անեքսիան և նրա տիրակալների ձերբակալումն ու սպանությունը): Այս գործընթացը իր զարգացումը ստացավ հատկապես Բագրատ I-ի երկարատև իշխանության ընթացքում: Իսկ ժամանակակիցների հոգեբանության մեջ Բագրատ II-ի թագավորությունը դեռևս ընկալվում էր որպես մի թագավորություն, որտեղ առաջնային դերը պետք է պատկաներ հայերին: Եվ հենց այդ տրամադրությունների կրողը հանդիսացավ Քարադուռի իշխանությունը, որի իշխան Լիպարիտը, ուղղորդելով հայերին, անջատվեց Քարթլիի թագավորությունից:
Այս պայմաններում, երբ Քարթլիի թագավորության Բագրատունիների արքայատոհմը Բագրատ II-ի օրոք վերջնականապես կորցրեց իր հայականությունը, իսկ հայերը սկսեցին սպառնալ Քարթլիի թագավորության ամբողջականությանը, Քարթլիի արքան վերջնականապես սկսեց հենվել իրենց ընդհանուր թվով թագավորությունում հայերին գերազանցող վրացիների, աբխազների և ծանարների վրա:
Եվ քանի որ աբխազները և ծանարները XI դարի վերջերին արդեն հիմնականում ասիմիլացվել էին վրացիների կողմից, իսկ կործանված Անիի ու Կարսի թագավորություններից շատ հայեր շարժվել էին դեպի հյուսիս և հաստատվել Գուգարքում ու Քարթլիի թագավորության հարավային այլ տարածքներում, ապա վրացիներից հետո կրկին Քարթլիի թագավորությունում իրենց թվով, ազդեցությամբ և մարտունակությամբ առաջնային տեղը սկսեցին զբաղեցնել հայերը: