Ոչ միանգամից (ավելի շուտ տասնամյակների ընթացքում), բայց ի վերջո պարզվեց, որ միավորված այս պետությունում արդեն հայերը, որոնք հիմնականում Տայքի և Գուգարքի բնակիչներն էին, ոչ մի կերպ բացարձակ մեծամասնություն չէին կազմում: Ու եթե առանձին վերցրած վերջիններս իրենց թվաքանակով դեռևս կարող էին համեմատվել վրացիների, աբխազների կամ ծանարների հետ, ապա վերջիններիս միասնական դիտարկման դեպքում հայերը անխուսափելիորեն մնում էին փոքրամասնություն դերում: Իսկ միջնադարում վրացիներին, աբխազներին ու ծանարներին կարելի էր որոշակի վերապահումներով դիտարկել որպես մեկ կրոնաքաղաքական ամբողջություն, քանի որ այս երեք ազգերն էլ, կենցաղով լինելով իրար շատ մոտ, դավանում էին նույն կրոնը` ուղղափառությունը:
Ընդ որում մեկ պետության մեջ միավորումից զարմանալիորեն շահեցին միայն վրացիները, իսկ հայերը, աբխազները և ծանարները հսկայական կորուստներ կրեցին: Փոփոխությունները կործանարար եղան հատկապես աբխազների ու ծանարների համար, քանի որ սրանք, վրացիների հետ լինելով նույն կրոնի և կենցաղով ու բարքով նրանց ավելի մոտ, տառացիորեն մի քանի տասնամյակում գրեթե անմնացորդ լուծվեցին վրացական էթնոսի մեջ` իրենց ծայրահեղ թուլացման հաշվին գենետիկորեն ուժեղացնելով վերջինիս: Ուշագրավ ժողովրդագրական այս գործընթացի մասին աղոտ կերպով գլխի են ընկել նաև ժամանակակիցները: Այսպես, 1020 թ-ի Անիի ճ-մ-ին մասնակցած Քարթլիի արքա Գեորգի I-ի (1014-1027) դեսպանին Մատթեոս Ուռհայեցին սկզբում կոչում է <<վրաց իշխան>>, մի քիչ հետո` <<աբխազաց իշխան>>, տառացիորեն մի քանի տող ներքև` կրկին <<վրաց իշխան>>, իսկ Քարթլիի թագավորություն էլ նա գրեթե միշտ անվանում է <<Աբխազաց թագավորություն>>: Նույն կերպ Հովհաննես Սիկլիցեսը Գեորգի I-ին կոչում է <<Աբխազիայի արխոնտ>>, իսկ Քարթլիի թագավորությունը` <<Աբխազիա>>:
Այս տեսանկյունից Տայքի, Գուգարքի և Բարձր Հայքի հայերը ավելի ամուր գտնվեցին, ինչը բացատրվում է նրանով որ նրանց սկզբում հարևան էր ուժեղ Անիի թագավորությունը, իսկ հետագայում` վերջինիս հոծ հայաբնակ շրջանները: Բացի այդ հայերը կրոնական տեսանկյունից տարբերվում էին վրացիներից և հետևաբար դժվար էին ձուլվում: Այնուհանդերձ ուղղափառությունը որոշակի տարածում գտավ նաև հայկական այս տարածքներում, որի հետևանքով շատ հայեր, հարյուրամյակների ընթացքում աստիճանաբար կորցնելով իրենց ազգային դիմագիծը, դառնալով վրացադավան և արդյունքում` վրացի, կրկին գենետիկորեն ուժեղացրին վրաց էթնոսը:
Երևույթը ունի զուտ տեսական-պատմական բովանդակություն ունեցող մեկ այլ կողմ ևս. գրականության մեջ բազում զտարյուն հայեր կոչված են <<վրացի>>: Այսպես, Քարադուռի իշխան, արմատներով Մամիկոնյաններից սերող Լիպարիտ Քաջ Օրբելյանին (1021-1058) Մատթեոս Ուռհայեցին անվանում է <<վրացի>>: Նույն կերպ է նա բնորոշում նաև Գրիգոր Բակուրյանին, որին Աննան (<<Ալեքսիական>>) ուղղակիորեն անվանում է <<հայ>> և որը, ի դեպ, ստորագրում էր հայերեն տառերով: Հետաքրքիր այս երևույթի վրա ուշադրություն է դարձրել դեռևս Նիկողայոս Մառը, իսկ ակադեմիկոս Հ. Բարթիկյանը, քննարկելով մատնանշված երևույթը և իրավացի կերպով բացատրելով այն, նշել է. <<Միջնադարում ազգության մասին դատում էին` ելնելով տվյալ անձնավորության դավանանքից: Նույն Ուռհայեցին բազմաթիվ զտարյուն հայերի անվանում է <<հոռոմ>>, իհարկե նկատի ունենալով այն հանգամանքը, որ նրանք հունադավաններ էին>>:
Վերադառնալով հիմնական թեմային` փորձենք ամփոփել այն և մատնանշենք Ժամանակակիցների համար լիովին աննկատ մնացած քաղաքական տրանսֆորմացիայի այս երևույթի հիմնական փուլերը.
ա) 978 թ. – Արտանուջի թագավորության անզավակ արքա Դավիթ II Մեծի (961-1000) որդեգիր, վերջինիս պապի պապ Ատրներսեհ I-ի (881-888, 888-923` արքա) թոռան թոռան որդի, Աբխազական թագավորության վերջին և անզավակ արքա Թեոդոսիոս III Կույրի (976-978, 987-988) քրոջ որդի, Քարթլիի կառավարիչ Բագրատը` Բագրատ I-ը (975-978` Քարթլիի կառավարիչ, 978-980` Քարթլիի կառավարիչ և Աբխազիայի արքա, 980-1014` Քարթլիի արքա), Դավիթ II Մեծի, ինչպես նաև վրաց իշխանների մի մասի և աբխազ իշխանների գործուն աջակցությամբ 978 թ-ին հռչակվում է Աբխազիայի թագավորության արքա` սկսելով կրել Աբխազական թագավորության արքայի տիտղոսը` <<թագավոր Աբխազաց>>-ը:
բ) 980 թ. – Բագրատ I-ը Դավիթ II Մեծի, ինչպես նաև վրաց և աբխազ իշխանների գործուն աջակցությամբ իր իշխանության տակ է գցում նաև Քարթլին: Ստեղծվում է Իբերիայի թագավորության արևմտյան մասը (Մծխեթ-Ալանաց Դուռ ամրոց ուղիղ գծից արևմուտք) և Աբխազիան ընդգրկող Քարթլիի թագավորությունը, իսկ նրա արքան ժառանգում է Արտանուջի թագավորության արքայական տիտղոսի մի մասը` <<թագավոր Վրաց>>-ը` հռչակվելով արդեն <<թագավոր Աբխազաց և Վրաց>>: Սրանով մինչ այդ Քարթլիի տարածքին տիրող Արտանուջի թագավորությունը, ինչպես 395 թ-ին Հռոմեական կայսրությունը, փաստացի կիսվեց է երկու մասի: Արդյունքում առաջացան է իր բոլոր հատկանիշներով հայկական Արտանուջի և իր բոլոր հատկանիշներով վրացական Քարթլիի թագավորությունները: Ընդ որում վերջինս ընդգրկում էր նաև Աբխազական թագավորության տարածքը: Սակայն X դարի վերջին` Դավիթ II Մեծի կենդանության օրոք, սա բացարձակապես որևէ նշանակություն չուներ, քանի որ Բագրատ I-ը Արտանուջի արքայի որդեգիրն էր, իսկ քաղաքականապես դեռևս թույլ Քարթլիի թագավորությունը լիովին գտնվում էր Դավիթ II Մեծի ազդեցության ոլորտում, որի փաստացի տիրապետության տակ էր հայտնվել նաև նախկին Աբխազական թագավորության տարածքը:
գ) 1000 թ. – Դավիթ II Մեծը մահանում է, նրա թագավորության տարածքը անցնում է Բյուզանդիային, իսկ տիտղոսը որդեգրին` <<թագավոր Աբխազաց և Վրաց>> Բագրատ I-ին, որը դրանից հետո սկսում է կրել <<թագավոր Աբխազաց, Վրաց և Հայոց>> տիտղոսը: Սրանով Արտանուջի թագավորությունը, ի դեմս արքայական տիտղոսի նոր կրողի, դե-յուրե միացավ Քարթլիի թագավորությանը, սակայն դե-ֆակտո կործանվեց, քանի որ նրա տարածքը անցավ Բյուզանդիային: Նույն կերպ 476 թ-ից հետո Արևմտյան Հռոմեական կայսրությունը դե-յուրե միացավ Բյուզանդիային, քանի որ Հռոմեական կայսեր տիտղոսի միակ կրողը մնաց Բյուզանդիայի կայսրը, սակայն դե-ֆակտո կործանվեց, քանի որ նրա տարածքը անցավ գերմանական վարձկանների առաջնորդ Օդոակրի (476-490) ստեղծած պետությանը, իսկ 490 թ-ից` Օստգոթերի թագավորությանը:
դ) XI դարի առաջին քառորդ – Կորցնելով իր բնօրրանը հանդիսացած տարածքների մի մասը` արդեն միայն դե-յուրե գոյություն ունեցող Արտանուջի թագավորությունը միայն էթնիկ տեսանկյունից չէ, որ սկսեց ձեռք բերել վրացական նկարագիր: Ի տարբերություն նախկինի, երբ վերջինիս տարածքի մեծ մասը կազմում էին հայկական հողերը և միայն փոքր մասը` վրացականը, այժմ նաև տարածքային ընդգրկման տեսանկյունից այս թագավորությունում վրացական, աբխազական և ծանարական տարածքները սկսեցին գերակշռել, իսկ հայկական հողերը կազմեցին թագավորության տարածքի շատ փոքր մասը: Իր հերթին կորցնելով հոծ հայաբնակ նահանգները` Բարձր Հայքի հյուսիսը, Տայքը և Գուգարքի արևմտյան գավառները, <<թագավոր Վրաց, Աբխազաց և Հայոց>> Բագրատ I-ը և նրա հետնորդները փաստորեն սկսեցին տիրել մի թագավորությունում, որի բնակչության մեծամասնությունը կազմում էր վրաց, ինչպես նաև արդեն գրեթե լրիվ վրացականացած աբխազա-ծանարական էթնոամբողջությունը: Նույն կերպ դե-յուրե Հռոմեական կայսրությունը, սակայն դե-ֆակտո միայն Բյուզանդիան, այն բանից հետո, երբ 476 թ-ին կորցրեց Ապենինյան թերակղզին, իր կազմում սկսեց ընդգրկել հիմնականում հունաբնակ տարածքները, որի արդյունքում հունական տարրը հռոմեականի նկատմամբ վերջնականապես ձեռք բերեց գերակշռություն` էթնոմշակութային տեսանկյունից վերջնականապես ստեղծելով հունական մի պետություն, որը այնուհանդերձ ժամանակակիցների կողմից այն շարունակվում էր ընկալվել որպես <<Հռոմեական կայսրություն>>:
դ) XI դարի կես – Քարթլիի թագավորության արքաները, որոնց նախորդները` Արտանուջի թագավորության արքաները, միայն ձևականորեն էին <<թագավոր Վրաց>> և այդ կոչումը կրում էին միայն Վրաստանի տարածքի նկատմամբ իրենց հավակնությունները հիմնավորելու նպատակով, աստիճանաբար վրացականացան ու դարձան վրացիների թագավորներ, քանի որ սկսեցին իշխել մի պետությունում, որի մեծ մասը կազմված էր վրացական տարածքից և իրենց տիրապետության տակ ունենալ հպատակների մի ամբողջություն, որի մեծ մասը վրացի էր:
Վերջում նշենք, որ թեև հայկական տարրը հայտնվեց երկրորդ տեղում, այնուհանդերձ այն շարունակեց և մինչև մեր օրերն էլ շարունակում է պահպանել իր ծանրակշիռ տեղն ու դերը Վրացական պետության պետական կառույցներում և ազգագրական ընդհանուր կառուցվածքում:
Էջանիշներ