Ուշադրություն! Եթե ինչ-որ մեկը գրագետ ձևով ու առանց իմաստային փոփոխությունների ռուսերեն թարգմանի ներքևում բերված տեքստը, ապա մեծ գործ արած կլինի հայագիտության համար

Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 24>>-ից

Հյուսիսային Բագրատունիների հայկական այս թագավորությունը, որը հիմք ուներ դեռևս 782 թվականին Աշոտ Ատրներսեհի Բագրատունու ստեղծած իշխանությունը և որում կառավարում էր Հյուսիսային Բագրատունիների նորացված ճյուղը, տարբեր ժամանակներում և տարբեր չափով ընդգրկել է Մեծ Հայքի Տայք նահանգը, Բարձր Հայքի հյուսիսային գավառները, Գուգարք նահանգի կենտրոնական ու արևմտյան, ինչպես նաև Փոքր Հայք նահանգի արևելյան գավառները, ինչպես նաև նախկին Իբերիայի թագավորության տարածքի արևմտյան մասը:
Մեր պատմագիտության կողմից (օրինակ Լեոյի մոտ) այս թագավորությունը առանց բացառության և ավանդականորեն համարվել է վրացական ու ընկալվել որպես վրացական պետականության արտահայտություններից մեկը: Ավելին, այս թագավորության պատմությունը, որպես վրացական թագավորության պատմությունը, հայ պատմագիտության կողմից համառորեն չի ուսումնասիրվել: Այն երբեք չի դիտարկվել որպես հայ ժողովրդի պատմության բաղկացուցիչ մաս, իսկ նրա մասին բացառիկ հիշատակումներ արվել են միայն ընդգծելու համար վերջինիս <<վրացականությունը>> և դա այն դեպքում, երբ նրանում մինչև XI դարը <<վրացական>> կարող է համարվել լավագույն դեպքում միայն այն, որ նրա բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմող հայերի մի մասը եղել է վրացադավան:
Ավելին, <<ժողովուրդների բարեկամության>> տեսականորեն հիասքանչ, սակայն գործնականում անիրագործելի գաղափարը ամեն կերպ ընդգծել և փառաբանել ձգտող սովետահայ պատմագիտությունը կառուցել է հսկայական, սակայն լիովին սնանկ ու հակագիտական մի տեսություն, որը նպատակ ունի ցույց տալ այս ժամանակաշրջանում <<Հայոց և Վրաց թագավորությունների համագործակցությունը>>: Սակայն այս տեսությունը սեփական պատմական հիմնավորվածության տեսանկյունից ուղղակի ծիծաղելի է, քանի որ իրականում... համագործակցում էին երկու Հայկական թագավորություններ և այստեղ որևէ <<վրացական>> երևույթ ուղղակի բացակայում է:
Ընդհանրապես պետության և մասնավորապես միջնադարյան պետության էությունը բնորոշող կարևորագույն հատկանիշներից է.
ա) այն տարածքը, որի վրա գտնվում է այդ պետությունը,
բ) այն ժողովուրդը, որը բնակվում է այդ պետության մեջ,
գ) այն կառավարական տոհմը, որը իշխում է այդ պետությունում,
դ) այն պաշտոնական խորհրդանիշները, որոնք ընդունված են այդ պետության մեջ:
ա) Արտանուջի թագավորությունը գտնվում էր Հայաստանում: Սա այնքան ակնհայտ փաստ է, որ միայն ամեն կերպ <<ժողովուրդների բարեկամության>> կյանքից կտրված գաղափարը իդեալականացնող ու դրա կեղծ փայլից կուրացած պատմաբանները, ինչպես նաև վրացական ազգայնամոլությունը քարոզող և ողջ Հյուսիսային Հայաստանը (Գուգարքը, Տայքը, Բարձր Հայքի և Արարատի հյուսիս-արևելյան գավառները) <<վրացական տարածք>> հռչակած վրաց ազգայնամոլները կարող են հակառակը պնդել: Լիակատար պարզության համար նշենք, որ այս թագավորությունը հիմնականում ընդգրկում էր Հայաստանի Գուգարք և Տայք նահանգները, ինչպես նաև Բարձ Հայքի մի մասը,
բ) Արտանուջի թագավորության բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին: Սա ևս ակնհայտ փաստ է, քանի որ այդ մասին են վկայում նույնիսկ այժմ թուրքական վայրագությունները, ինչպես նաև վրացական պաշտոնական ու ոչ պաշտոնական վերաձևումները վերապրած և մատնանշված ողջ այդ տարածքում ցրված խաչքարները, վանքերը ու ամրոցները` իրենց ողջ ճարտարապետական և տոպոնոմիական առանձնահատկություններով: Բացի այդ Գուգարքի հյուսիսի, որպես Հայաստանի հյուսիսային սահմանի մասին են վկայում այնպիսի սկզբնաղբյուրներ, ինչպիսիք են Ստրաբոնը, Մովսես Խորենացին, Փավստոս Բյուզանդը, Ղազար Փարպեցին, Անանիա Շիրակացին և այլոք:
գ) Արտանուջի թագավորությունում իշխում էր իր ողջ գործունեությամբ տիպիկ հայ հանդիսացած, ինչպես նաև Հայաստանի ու հայերի շահերի պաշտպանության համար հոգևոր, աշխարհիկ և ռազմական ոլորտում հսկայական ավանդ ներդրած Բագրատունիների տոհմը:
Այս ակնհայտ փաստը ևս անտեսվել է:
Ավելին, վրաց ազգայնամոլները, ծիծաղելիորեն վերափոխելով պատմությունը, անտեսելով հայկական սկզբնաղբյուրների ուղղակի վկայությունները և դրա փոխարեն հիմք ընդունելով սեփական պատմականության տեսանկյունից լիովին անհիմ երկու լեգենդ, ճգնում են ապացուցել, որ Արտանուջի թագավորությունում իշխած Բագրատունիները ուղղակիորեն սերում են իրենց հերա նախնիներից, որևէ կապ չունեն իրենց հիմնական ճյուղի հետ և նրանցում որևէ հայականություն ուղղակի բացակայում է: Այսպես.
- ըստ առաջին լեգենդի, որը մեզ է փոխանցում Կոստանդին Ծիրանածինը, Արտանուջի թագավորության Բագրատունիները սերել են Իսրայել-Հուդայի թագավորության արքա Դավթից (մ.թ.ա. մոտ 1012-972) և Իբերիա են գաղթել V դարում: Սակայն ողջ այս լեգենդի ծիծաղելիությունը կայանում է նրանում, որ դրանում դեմքի լիովին լուրջ արտահայտությամբ ապացուցվում է, որ 500 տարում (V դարից մինչև Կոստանդին Ծիրանածինի ապրած ժամանակաշրջանը` X դարի կես) Իբերիայում գոյություն է ունեցել Բագրատունիների ընդամենը... երեք սերունդ:
- ըստ երկրորդ լեգենդի, որը փոխանցում է <<Քարթլիս Ցխովրեբա>>-ն, Բագրատունիների նախահայրը Սողոմոն անունով մի հրեայի որդի էր, որը ազգակցական կապ է ունեցել սուրբ Հովսեփի եղբայր Կլեոպասի հետ: Կլեոպասից 27 սերունդ հետո` VI դարի կեսերին Սողոմոնի յոթ որդիները գալիս են Եկեղյաց գավառում իշխող Ռաքել թագուհու մոտ և մկրտվում: Դրանից հետո այս յոթ եղբայրներից երեքը խնամիական կապեր են հաստատում հայ թագավորական տան հետ, իսկ մնացած չորսը հաստատվում են Հայաստանի հյուսիսային նահանգներում: Առաջին հայացքից ավելի կոռեկտ տեսք ունեցող այս լեգենդը ևս իրականում պատմականորեն լիովին սնանկ է, քանի որ Բագրատունիները, և դա ժխտելը ուղղակի հակագիտական է, Հայաստանում գոյություն են ունեցել VI դարից շատ ու շատ առաջ: Իր հերթին Եկեղյաց գավառում VI դարում իշխած որևէ Ռաքել թագուհու մասին որևէ փաստ հայտնի չէ և այստեղ ակնհայտորեն տեղի է ունեցել գիտակցված կամ պատահական խեղաթյուրում:
Իսկ այժմ ծանոթանանք Հյուսիսային Բագրատունիների տոհմաբանության հայկական տարբերակին:
Այս տարբերակը առավել ամբողջական տեսքով պահպանվել է Վարդան Արևելցու մոտ, ըստ որի. <<Այդ ժամանակ (VIII դարի երկրորդ կես – Մ.Հ.) իսմայելացիների մոտ (Արաբական խալիֆաթում – Մ.Հ) առաջացավ մեծ խառնաշփոթ: Հայաստանը մի քիչ հանգստացավ և հայ նախարարները սկսեցին ուժեղանալ իրենց կալվածքներում: Իսմայելացիների առաջնորդը (խալիֆը – Մ.Հ.) Աշոտ Պատրիկի (Աշոտ Կուրացյալ Բագրատունու (726-748) – Մ.Հ.) որդի Վասակի (Վասակ Բագրատունու – Մ.Հ.) տղա Ատրներսեհի (Ատրներսեհ Բագրատունու (782-786` համիշխան) – Մ.Հ.) որդի Աշոտին (Աշոտ Բագրատունուն (782-786` համիշխան, 786-826) – Մ.Հ.) տվեց վրաց երկիրը: Վերջինս, ժամանելով Վրաստան, հնազանդեցրեց այն և, օգնության համար դիմելով Լևոնին (Լևոն IV-ին (775-780) – Մ.Հ.), նրանից ստացավ կյուրողապատի կոչում>>: Մեկ այլ տեղում իր սթափ հայացքներով աչքի ընկնող Վարդանը կրկին անդրադառնում է քննարկվող հարցին. <<Մի քանի խոսք էլ ասենք Բագրատունիներից սերող հայոց և վրաց արքաների ծագման մասին: Ինչպես ասվեց վերևում` քաջ Վարդանից (Վարդան Քաջ Մամիկոնյանից (416-451) – Մ.Հ.) հետո մինչև Սմբատ Բագրատունին (Սմբատ Բագրատունի (693-726) – Մ.Հ.) հայոց իշխանները իրենց նշանակումը ստանում էին պատահական կերպով: Վերջինիս հաջորդեց Վասակի որդի Աշոտը (Աշոտ Կուրացյալ Բագրատունին (726-748) – Մ.Հ.), որը կուրացվեց Մամիկոնյան իշխանների կողմից: Աշոտը ուներ երկու որդի` Սմբատը (Սմբատ Բագրատունին (761-775) – Մ.Հ)` հայոց, և Վասակը (Վասակ Բագրատունին – Մ.Հ)` վրաց արքաների նախնին: Վասակը ուներ Ատրներսեհ անունով մի որդի (Ատրներսեհ Բագրատունի (782-786` համիշխան) – Մ.Հ.): Հենց սրանից ծնվեց Աշոտը (Աշոտ Բագրատունին (782-786` համիշխան, 786-826) – Մ.Հ.), որից` Բագրատը (Բագրատ Բագրատունին (826-876) – Մ.Հ.), որը սպանվեց իր զարմիկի կողմից, նրան էլ հաջորդեց որդին` Դավիթը (Դավիթ Բագրատունին (876-881) – Մ.Հ.)...: Ահա այսպիսին է վրաց արքաների հաջորդականությունը>>:
Ահա Հյուսիսային Բագրատունիների տոհմաբանության երկու տարբերակները: Որ՞ն է առավել ճշմարտանմանը. կարծիքդ ձևավորի դու, ընթերցող...
Իսկ իմ կարծիքով այս տարբերակների համեմատական վելուծությունը, ինչպես նաև առկա փաստերի և տեղեկատվության համակարգված վերլուծությունը բերում է միանշանակ հետևության. Հյուսիսային Բագրատունիները սերել են Հայոց իշխան Աշոտ Կուրացյալ Բագրատունուց (726-748), այսինքն ճշմարտությունը լիովին արտացոլված է ծագումնաբանության հայկական տարբերակում: