Իսկ պատերազմը շարունակվում էր: 1367 թ-ի գարնանը Աթալիայի կայազորը ապստամբեց և փորձեց քաղաքը հանձնել մամլուքներին: Սակայն Կոստանդին IV-ի և սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորած Կիլիկիայի (մոտ 14.000) և Կիպրոսի (մոտ 3.000) թագավորությունների միացյալ բանակը, ինչպես նաև Հիվանդախնամների օրդենը (մոտ 500) հետ գրավեցին քաղաքը: Հարմար ավարից զրկված մամլուքները, պատասխան հարվածն ուղղեցին Կոռիկոսին, սակայն Կիլիկիայի և Կիպրոսի թագավորությունների միացյալ բանակը այս անգամ ևս հաջողությամբ պաշտպանեց այն:
Կրած անհաջողությունները խիստ կատաղեցրեցին սահմանային պատերազմում հեշտ հաջողություն ակնկալող Բարքուքին, որը, կենտրոնացնելով սուլթանության հիմնական ուժերը, սկսեց պատրաստվել նոր հարձակման: Իսկ այդ ընթացքում հայերը փորձեցին ազատագրել իրենց սիրելի նավահանգիստը:
1367 ամառ – Այասի ճ-մ
Սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 30.000) պաշարեց քաղաքը Մամլուքյան սուլթանության բանակից (մոտ 1.000): Միաժամանակ Կիպրոսի թագավորության (3.000 զինվոր, 28 նավ), ինչպես նաև Հիվանդախնամների օրդենի (120 զինվոր, 4 նավ) նավատորմը ու բանակը ևս մոտեցան քաղաքին ու վերջինիս շրջափակումը իրականացրեցին ծովի կողմից:
I փուլ – Քրիստոնյաները ծովից ու ցամաքից անցան համակցված հարձակման և համառ մարտերով մտան քաղաք: Թշնամու կայազորի մնացորդը պատսպարվեց քաղաքի միջնաբերդում:
II փուլ – Քրիստոնյաները պաշարեցին միջնաբերդը, բայց, այդպես էլ որևէ արդյունքի չհասնելով, թողեցին քաղաքը և նահանջեցին:
Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 100, թշնամին` մոտ 500 զինվոր:
Սա Հայոց նավահագստի վերջն էր: Այս դեպքերից հետո քինախնդիր մամլուքները հիմնահատակ ավերեցին Այասը, ընդ որում ավերեցին այն աստիճան, որ նույնիսկ հիմա էլ մասնագետները դժվարանում են մատնանշել քաղաքի կոնկրետ տեղը:
“Մեր Կիլիկիո անմար սրտով,
Մեր պապերի կարոտ էրգրով
Հուսու ճերմակ առագաստով
Գացինք բաց ծով...”
Այս տողերը կարդալիս ամեն անգամ ինձ թվում է, թե դրանք նվիված են Այասին, հայոց շնորհաշատ ու գեղեցիկ այդ նավահագստին, որին այդպիսի դաժան ճակատագիր վիճակվեց…
Էջանիշներ