Հեղինակային ու հարակից իրավունքները ամրագրված են ՀՀ օրենսդրության համաձայն և հաստատված են "Հայհեղինակ" Հ/Կ-ի կողմից 06.06.2011 թ-ին տրված թիվ 08/2217 լիցենզիայով:
Մհեր Հակոբյան
Ռազմիկների թվաքանակի հիմնախնդիրը անտիկ և միջին դարերում
Անտիկ և միջնադարի բանակների ռազմիկների թվաքանակի հիմնախնդիրը (այսուհետև` ՌԹՀ) հանդիսանում է ռազմական պատմության թերևս ամենաբարդ, վիճահարույց ու չուսումնասիրված հարցերից մեկը: Տարբեր դարաշրջաններում մասնագետների կողմից հարցի վերաբերյալ արտահայտվել են ամենատարբեր կարծիքներ և մոտեցումներ: Ընդ որում հակասական այդ կարծիքներն արտահայտվել են ոչ միայն մասնագետների, այլ հենց պատմիչների` տեղեկատվության սկզբնական կրողների, կողմից: Հատկանշական է, որ ամեն մի դարաշրջանում արտահայտված կարծիքը կրել է իր դարաշրջանի կնիքը:
Ստեղծված բարդ ու հակասական պատկերը մեր կարծիքով մեծապես պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
1. Խնդրի գաղտնիության կենսական նշանակությունը: Որևէ պատմական բանակի թվաքանակը, որը ներկայումս ունի տեսա-պատմական բնույթ, կոնկրետ ժամանակատարածային հարթությունում ունեցել է խիստ կարևոր ու կենսական նշանակություն և, հասկանալի պատճառներով, պահվել է խիստ գաղտնի: Այսպես, եթե սեփական բանակի թիվը քիչ ցույց տալը երբեմն նպատակ է հետապնդել բթացնել հակառակորդի զգոնությունը և անակնկալ կերպով մահացու հարված հասցնել նրան, ապա երբեմն էլ, ընդհակառակը, բանակի թիվը շատ ցույց տալով զորավարները ձգտել են կանխել հակառակորդի հարձակումը: Այսպիսով, կրելով հասկանալի ռազմա-տակտիկական բովանդակություն, կոնկրետ ժամանակատարածային հարթությունում սույն տեղեկատվությունը եղել է հույժ գաղտնի և հասու է եղել միայն ընտրյալներին: Իսկ “ընտրյալները”` արքան և (կամ) զորավարները (այսուհետև` Զորավար), որպես կանոն չեն եղել պատմաբաններ ու չեն թողել իրենցից հետո իրադարձությունները նկարագրող աշխատություններ: Ավելին, նույնիսկ այն հազվադեպ դեպքերում էլ, երբ մենք տիրապետում ենք կոնկրետ ռազմական մանրամասները արտացոլող փաստաթղթերի, որևէ երաշխիք ունենալ չենք կարող առ այն, որ դրանցում չեն պարունակվում կոնկրետ Զորավարի կողմից սուբյեկտիվ նպատակներ հետապնդող չափազանցեցումներ: Այսպես, Զորավարը, ընդգծելու համար իր հաղթանակի նշանակությունը կամ բացատրելու համար իր անհաջողությունը, բոլոր հիմքերն ունի փոքր ցույց տալու իրականում ավելի մեծ եղած իր ուժերն ու կորուստները և, ընդհակառակը, մեծ ցույց տալու իրականում ավելի փոքր եղած հակառակորդի ուժերն ու կորուստները:
Պատմաբանները վաղուց են նկատել, որ որևէ հավատ պետք չէ ընծայել Լուկոլլոսի ռազմական զեկուցագրերին [1], որոնք հանդիսանում էին. “ճշմարտությունը թաքցնելու լավագույն միջոցը” [2], իսկ նրանց հեղինակը. “անտարակույս, ստեր հորինող է” [3]: Պատահական չեն ասում, որ մարդիկ ամենաշատը ստում են երկու պարագայում` որսից ու պատերազմից հետո:
2. Տեղեկատվությունը փոխանցող պատմիչների քաղաքականացվածությունը, վատ տեղեկացվածությունը և սուբյեկտիվիզմը: Պատմական իրադարձությունների պատկերը շարադրող երկերի մեծագույն մասը ստեղծվել է նկարագրվող իրադարձություններից զգալի ժամանակ անց: Օրինակ, Ալեքսանդր III Մեծի (մ.թ.ա. 336-323) նվաճումների պատմությունը, ինչքան էլ տարօրինակ հնչի, մեզ է հասել հենց նման կերպ: Ընդ որում այդ երկերը գրվել են այն ժամանակ, երբ Հռոմին կենսականորեն անհրաժեշտ էր ոչ միայն հիմնավորել արևելքում իրականացվող իր նվաճողական քաղաքականության “արդարացիություն”-ը, այլև` ժամանակակիցներին ու սերունդներին ոգևորելու համար դրանք ներկայացնել որպես դյուրին մի գործ: Հենց սրանով էլ բացատրվում է մարտնչող բանակների ու նրանց կրած կորուստների այն տարօրինակ հարաբերակցությունը, որը մինչև հիմա էլ զարմացնում է մասնագետներին:
Այսպես, մ.թ.ա. 331 թ-ի հոկտեմբերի 1-ի Գավգամելայի ճակատամարտում, ըստ Արիանոսի, հունա-մակեդոնական բանակը կորցրել է 100 մարդ և 1.000 ձի, այն դեպքում, երբ հակառակորդը կորցրել է 30.000 սպանված և դրանից էլ շատ գերի [4]: Նույն ճակատամարտում, ըստ Դիոդորոս Սիկիլացու, Ալեքսանդրի բանակը կորցրել է 500, իսկ թշնամին` 90.000 զինվոր [5]: Նախորդ հեղինակներից հետ չի մնում նաև Կուրտիոս Ռուֆոսը, որի վարկածի համաձայն կորուստներն ունեին “300 հույն ընդդեմ 40.000 պարսիկի” տեսքը [6]: Նույն իրավիճակն է նաև արևմտյան գրական ավանդույթներով “Միհրդատյան պատերազմներ” կոչվող մարտական գործողությունների նկարագրման հարցում: Մասնավորապես, ըստ հռոմեական “ճշմարտախոս” հեղինակների, մ.թ.ա. 69 թ-ի հոկտեմբերի 6-ի Տիգրանակերտի ճակատամարտում Մեծ Հայքի բանակի հետևազորից սպանվել է 100.000 մարդ, իսկ 55.000-անոց հեծելազորից էլ շատ քչերն են ազատվել, այն դեպքում, երբ հռոմեական բանակը կորցրել է ընդամենը… 5 հոգի [7]: Իր հերթին, եթե մենք ընդունենք “Միհրդատյան պատերազմներում” Պոնտոսի կրած կորուստների մասին հռոմեական հեղինակների տեղեկությունները և դրանք գումարենք իրար, ապա մնում է միայն զարմանալ, որ Պոնտոսում ու նրա իշխանության տակ գտնվող Փոքր Հայքում դեռևս կենդանի տղամարդ ընդհանրապես մնացել էր [8]:
_______________________
[1] Ադոնց Ն. Տիգրան Մեծ, Երևան, 2010, էջ 55-79 և այլ էջեր, Մանանդյան Հ. Հ. Տիգրան երկրորդը և Հռոմը էջ 145-146 և այլ էջեր, Երևան 1940 և այլն:
[2] Ադոնց Ն. Տիգրան Մեծ, Երևան, 2010, էջ 61:
[3] Ադոնց Ն. Տիգրան Մեծ, Երևան, 2010, էջ 61:
[4] Արիանոս Ալեքսանդրի արշավանքը 3.15.6, Երևան 1987:
[5] Դիոդորոս Սիկիլացի Պատմական գրադարան 17.61, Երևան 1985:
[6] Կուրտիոս Ռուֆոս Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը 4.16.26 , Երևան 1987:
[7] Բարոյախոսի համբավ ունեցող այս ճշմարտախոսի բերած տվյալներին ծանոթանալիս քիչ է մնում մեր կողմից էլ ավելացնենք, թե այդ 5 հոգուն էլ ամենևին հայերը չսպանեցին. նրանք, որ ունեին մի քանի հազարամյա ռազմական ավանդույթներ, բազմիցս տարածաշրջանում ընդհարվել էին աշխարհակալ պետությունների հետ ու հետ մղել նրանց ոտնձգությունները, մի քանի անգամ հասել էին գերիշխանության ու հենց նոր էլ ստեղծել էին մի հսկայական կայսրություն, դրանում լրիվ անընդունակ էին, ուղղակի հռոմեական բանակի զինվորներից մեկը ընկավ ձիուց, մյուսը մահացավ սրտի կաթվածից, երրորդին սխալմամբ հենց հռոմեացիները նետահարեցին, չորորդին օձը կծեց, իսկ վերջինին հարվածել էր իր անձնական թշնամին և ընդհանրապես նա միայն ծանր վիրավորված էր: Այս կապակցությամբ դիպուկ են Արտակ Մովսիսյանի խոսքերը, որ. "Հայերի շուրջ 150 հազարի դիմաց հռոմեացիների 5 զոհ տալուն կարելի էր հավատալ, եթե Ք.ա. 1-ին դարում Հռոմն ունենար ինքնաթիռներ և միջուկային զենք…" (Մովսիսյան Ա. Ե. Տիգրան Մեծ, էջ 53 Երևան 2010 թ.):
[8] Խնդիրը մանրամասն քննարկվել է Հակոբյան Մ. Ի. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 7-ում (էջ 38):
Էջանիշներ