Սիսի գրավումից հետո Կիլիկիայի թագավորության գրեթե ողջ ղեկավար կազմը` արքան ու իր արքունիքը, հայտնվեցին գերության մեջ: Այդ պահից սկսված հայոց այս գերիները որևէ իրական քաղաքական նշանակություն արդեն չունեին: Այնուհանդերձ ավելորդ չի լինի, որ մինչև առաջ անցնելը մի քանի խոսքով անդրադառնանք նաև այս մարդկանց հետագա ճակատագրին: Անդրադառնանք զուտ մարդկային առումով, որպես քաղաքական դեպքերի ու զարգացումների, ինչպես նաև որոշ չափով` իրենց կողմից վարված անհեռատես քաղաքականության զոհերի…...Հայոց այս թագավորության պատմությունը դեռ էլի ուներ շարունակվելու...
1375 թվականի հուլիսի 9-ին հայոց գերված արքունիքը հասավ Կահիրե: Այստեղ Բարքուքը Հայոց արքային ազատության փոխարեն առաջարկեց մահմեդականություն ընդունել, սակայն ստացավ լիովին սպասելի մերժում: Արդյունքում Լևոնը և իր ընտանիքը, ինչպես նաև Շահան Հեթումյանը մնացին գերության մեջ, իսկ մյուս գերիները, ինչքան էլ տարօրինակ հնչի, ազատ արձակվեցին: Պողոս I Սսեցին և հայ ռազմիկների ու իշխանների հիմնական մասը վերադարձան Սիս և այդուհետ դե-յուրե համարվեցին Մամլուքյան սուլթանի հպատակներ: Նախկին թագուհի Մարիունը, ասպետ Սոհիե Դուլկարտն ու վերջինիս կին` կոմսուհի Ֆիմին, մեկնեցին Երուսաղեմ: Այստեղ Մարիունն ու Ֆիմին դարձան կրոնավորյալ և, իրենց կյանքի մնացած մասն անցկացնելով Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքում, այդտեղ էլ գտան իրենց հավերժական հանգիստը: Սոհիե Դուլկարտի մասին այլ տեղեկություններ այլևս հայտնի չեն…
Կահիրեում մնացած և քաղաքական որևէ նշանակությունից լրիվ զրկված հայ գերիների վիճակը, ինչպես արդեն ասվեց, առանձնապես ծանր չէր: Գերիները ողջ Կահիրեի մակարդակով վայելում էին լիակատար ազատություն: Այս հարցում ոչ վերջին դերն ունեցավ նաև Սիսի անկումից հետո Կիլիկիայում ստեղծված քաղաքական դրությունը: Կիլիկիան հեռու էր, իսկ ներքաղաքական որոշակիորեն անկայուն վիճակում գտնվող Մամլուքյան սուլթանությունը բավարար միջոցներ չուներ այն լիակատար հսկողության տակ պահելու համար: Այս պայմաններում Կիլիկիայում դե-ֆակտո անկախ դրության էին հասել դեռևս մոնղոլական արշավանքների ժամանակ Փոքր Ասիայում հաստատված քոչվոր թուրքմենները, ի դեմս Զուլքադարյանների և սրանց ենթակա Ռամազանօղլիների: Քանի դեռ կանգուն էր Սիսը, սրանք անշեղորեն դաշնակցում էին Մամլուքյան սուլթանությանը, բայց, այժմ, Սիսի անկումից հետո, թուրքմենները միանգամից սկսեցին իրենց անկախ պահել: Իրերի աննկատ, բայց լիովին սպասելի այս զարգացումն էր, որ ստիպեց Բարքուքին սիրաշահել գերվության մեջ հայտնված Լևոին ու հայերին:
Ինչպես արդեն ասացինք, Կահիրեում Լևոնի դրությունը ծանր չէր, սակայն Հայոց արդեն նախկին արքան ձգտում էր լիակատար ազատություն ձեռք բերել և այդ նպատակով սկսեց բազում նամակներ հղել Եվրոպական արքունիքներին: Այս գործում Լևոնին զգալի օժանդակություն ցուցաբերեց 1377 թ-ի հուլիսից որպես խոստովանահայր, իսկ հետո արդեն որպես Լևոնի հուսալի ընկեր ու բարեկամ հանդես եկած ֆրանցիսկյան վանական Հովհաննես (Ժան) Դարդելը: Հենց նա էր, որ հետագայում գրեց Լևոնի կյանքի պատմությունը: Նույն այս ազնիվ վանականի ջանքերով էր, որ Շահան Հեթումյանը կարողացավ փախչել Կահիրեից` Լևոնի ազատության համար հետագայում ոտքի տակ տալով ողջ Եվրոպան…
Էջանիշներ