Ռավադյան I պատերազմ
(982)
Սալարյան II պատերազմից հետո Անիի թագավորության համար հարավ-արևելքից սպառնացող վտանգը շարունակում էր մնալ իրական: Ճիշտ է, Շադադյանների էմիրությունը որոշակիորեն կատարում էր բուֆերի դեմ, բայց բացառված չէր, որ վերջինս ամեն պահի կարող էր դաշնակցել իր երբեմնի սյուզերենի հետ: Բարեբախտաբար Իբրահիմ I-ի (960-983) իշխանության առաջին կեսում որոշակիորեն կայունցած Սալարյանների էմիրության վիճակը վերջինիս իշխանության երկրորդ կեսում կրկին սկսեց ծանրանալ, ինչը բավականին ժամանակ խաղաղություն ապահովեց Հայոց թագավորության հարավ-արևելքում:
Վիճակը սկսեց բարդանալ, սկսած 980 թվականների սկզբից: Այս ժամանակ Ատրպատականում մեծ ազդեցության էր հասել Ռավադյանների էմիրությունը, որի էմիր Աբուլ-Հաիջա Մուհամմեդը (961-1000) հենց այս ժամանակ վերջնականապես խլեց գերիշխանությունը Սալարյաններից: Սալարյանները վերածվեցին երկրորդական մի տոհմի ու, թեև իրենց գոյությունը շարունակեցին ևս գրեթե մեկ դար, բայց նրանց այդպես էլ այլևս վիճակված չէր որևէ էական դեր խաղալ Ատրպատականի քաղաքական կյանքում: Դրան հակառակ` Աբուլ-Հաիջա Մուհամմեդի օրոք Ռավադյանները ոչ միայն հասան մեծ հզորության և կրկին կարողացան իրական սպառնալիք ստեղծել Անիի թագավորության համար, այլև, ի տարբերություն Սալարյանների, կարողացան հիմք դնել ներքնապես ավելի ամուր մի պետության: Ավելացնենք նաև, որ այս Աբուլ-Հաիջա Մուհամմեդը հայկական աղբյուրներում հանդես է գալիս "Մամլան" անունով:
Վերջնականապես ամրապնդելով իր իշխանությունը Ատրպատականում` Ռավադյանների էմիրությունը պատերազմ սանձազերծեց Անիի թագավորության դեմ: Ընդ որում այս անգամ ևս, ինչպես նախորդ անգամները, Սալարյանների դեմ ընդվզած Շադադյանների էմիրությունը ընդունեց Ատրպատականի հերթական տիրակալի գերիշխանությունը, որի արդյունքում թշնամին հնարավորություն ստացավ միանգամից մուտք գործել Անիի թագավորության կենտրոնական շրջաններ: Սկսվեց Ռավադյան I պատերազմը:
982 թ-ին Ռավադյանների, Հերի և Շադադյանների էմիրությունների միացյալ բանակը (մոտ 70.000) Աբուլ-Հաիջա Մուհամմեդի գլխավորությամբ
Արտավանյան-Գողթն-Նախիջևան-Արած-Ուրծաձոր-Դվին-Արագածոտն-Շիրակ երթուղով հասավ Անի, բայց Սմբատ II Տիեզերակալի (977-989) գլխավորած Անիի թագավորության բանակը (մոտ 60.000)
Անիի ճ-մ-ում ծանր պարտության մատնեց թշնամուն:
Զարգացնելով հաջողությունը` թշնամու նահանջող մնացորդներին հետապնդող Անիի թագավորության (մոտ 40.000) ու Ռավադյանների էմիրության դեմ ապստամբած Գողթնի էմիրության (մոտ 10.000) միացյալ բանակը գրավեց
Դվինը և Նախիջևանը Շադադյանների էմիրության նահանջող բանակից (ընդհանուր` մոտ 1.000):
Ռավադյան I պատերազմը ավարտվեց: Արդյունքում Անիի թագավորությունը պահպանեց իր անկախությունը և տարածքային ամբողջականությունը ու վերացրեց հարավ-արևելքից կատարվող ներխուժումների համար հարմար պլացդարմ հանդիսացող Շադադյանների էմիրության արևմտյան տիրույթները (Դվին, Նախիջևան և հարակից տարածքներ), սակայն հարավ-արևելքից սպառնացող ու կրկին իրական տեսք ստացած վտանգը չվերացավ և հետագայում ավելի ու ավելի մեծ չափերի հասավ:
Էջանիշներ