Քիչ առաջ մի տեղամասում, որտեղ ես վստահված անձ էի, ավարտվեց քվեաթերթիկների հաշվարկը: Ասեմ, որ օրվա ընթացքում ոչ մի խախտում չեմ նկատել (չնայած մինչ այդ մեկ այլ տեղամասում էի, որտեղ նույնպես ոչ մի խախտում չկար): Կա՛մ Երևանի կենտրոնում կեղծիքների տեխնոլոգիաներն են կատարելագործված, կա՛մ իսկապես այդ երկու տեղամասերում իմ ներկա գտնված ժամանակ ոչ մի բան էլ չի եղել: Ես կարող եմ խոսել երկրորդ տեղամասի արդյունքների մասին: Այնտեղ հաղթել է Սերժը, բայց շատ ավելի փոքր տոկոսներով, քան մնացած տեղերում: Հիսուն տոկոսը չի անցել միանշանակ: Ես հիմքեր չունեմ չհավատալու այս տվյալներին, քանի որ օրեր առաջ տնից տուն գնալիս էլ մոտավորապես նույն պատկերն էր: Միայն Լևոնի ձայներն էին մեր տեսածից մի քիչ շատ, իսկ Վահան Հովհաննիսյանինը մի քիչ քիչ: Այնպես որ, հայ ժողովուրդն իրեն արժանի նախագահ է ընտրել, ի՞նչ եք ուզում:
Էջանիշներ