Դասընկերս` Հովիկը, քաղաքականության հետ կապ չուներ, ծրագրավորող էր, բայց նա էլ անցավ 96-ի բռնություններով: Տեսնես` հիմա որտե՞ղ կլինի: Լևոնի ելույթը հիշեցրեց Հովիկին: Պարզվեց` ԱՄՆ-ում է, նրա mail-ը գտա, նամակ գրեցի, թե ի՞նչ էր եղել նրան 96-ին: Պատասխանեց. «Խոսակցություններ կային, որ ընդդիմության բոլոր առաջնորդներին բռնել են, ես աշխատում էի «Արմիմպեքս» բանկում, ԱԻՄ-ի գրասենյակը կողքն էր, ասի` մի հատ մտնեմ, մի բան իմանամ: Մի քանի զինվոր «Կալաշնիկով» ավտոմատով մուտքի մոտ կանգնած էին: Նրանք ինձ առանց պրոբլեմի ներս թողեցին: Բոլորին ներս էին թողնում, բայց ոչ մեկին դուրս չէին թողնում:
Այնտեղ կային ԱԻՄ-ի մի տասնհինգ անդամ: Պատգամավոր Արամազդ Զաքարյանն ասում էր. «Դուք չեք կարող ինձ ձերբակալել, ես պատգամավոր եմ»: Նրան սկսեցին ուժեղ ծեծել, «Կալաշնիկովով» քիթը ջարդեցին: Սկսեցին բոլոր տղամարդկանց «Կալաշնիկովով» ծեծել: Կանայք ճչում էին: Հետո ձերբակալեցին բոլոր տղամարդկանց, տարան Նալբանդյան փողոցի ինչ-որ շենք (ոստիկանության վեցերորդ վարչություն): Մենք կարծես վտանգավոր հանցագործ լինեինք, մեզ ծեծում էին: Հրամայեցին պառկել կեղտոտ գետնին: Ես մտածում էի. «Մի ժամ առաջ ազատ մարդ էի ու ոչ մի վատ բան չէի արել, իսկ հիմա բանտում եմ, ինձ հետ անասունի պես են վարվում ու ծեծում են, ինչի՞ համար:
Նրանք մեզ տարան դատարան ու մոտ վեց ժամ պահեցին: Այնտեղ շատ բանտարկված տղամարդիկ կային: Մի ծեր մարդ կար, որին շատ ուժեղ ծեծել էին: Հետո դատավորը կարդաց դատավճիռը ու մեզ տարան բանտ: Ես մնացի էնտեղ տասը օր: Մի քանի օր մերոնք չգիտեին` որտե՞ղ եմ:
Էս դեպքերից մի քանի շաբաթ անց մեկնեցի ԱՄՆ: Սիրտս կոտրվել էր»:
Էջանիշներ