Թեև այս հոդվածի հղումը Ancord-ը մեկ այլ թեմայում դրել էր, բայց ես նախընտրում եմ այստեղ տեղադրել ամբողջական հոդվածը հատուկ նրանց համար, ովքեր ուզում են Լևոնին ընտրել, որպեսզի Սերժը չընտրվի:

Էսսե. վետերան լրագրողի տեսակետն «ընտրության» մասին
Վահան Իշխանյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
«Նրանց (իշխանության) գործունեության գլխավոր մեթոդը բոլոր ակտիվ քաղաքացիների, այդ թվում` այս հրապարակում կանգնածներից շատերի վերաբերյալ այսպես կոչված կոմպրոմատներ հավաքելն ու հատուկ թղթապանակներ (դոսիեներ) կազմելն է»,- այս բացահայտումն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 26-ի հանրահավաքի մեկուկես ժամանոց ելույթից է:

Ես հրապարակում կանգնածներից չէի և կարդացի ելույթը թերթում, բայց ասածն ինձ էլ էր վերաբերում: Իմ դեմ էլ ինչ-որ թղթապանակ կլինի, բայց ոչ թե հիմա կազմված, այլ շատ ավելի վաղ` Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ:

1997 թվականին փորձեցի ստեղծել մի հասարակական կազմակերպություն: Ինձ մերժեցին, որովհետև, ինչպես տեղեկացա, Ազգային անվտանգության ծառայությունը (ԿԳԲ-ն) ինձ «անցանկալի անձ» էր պիտակել Տեր-Պետրոսյանի վարչախմբին ընդդիմադիր հոդվածներիս համար:

Այն ժամանակ ընդդիմադիր թերթում աշխատելը վտանգավոր էր. իմ գործընկեր լրագրողներին ծեծում էին, իսկ թերթերի խմբագրությունները ենթարկվում էին իշխանությունների հարձակումներին: Մեր շենքի շքամուտքը մութ էր, ու ամեն անգամ գիշերով վերադառնալիս տագնապ կար մեջս` թե հեսա գլխիս կխփեն:

1996 թվականի սեպտեմբերի 22-ի ընտրությունների արդյունքների կեղծիքների դեմ բողոքի ալիք բարձրացավ: Նախագահ էր հռչակվել Տեր-Պետրոսյանը, իսկ ընդդիմությունը պնդում էր, որ ընտրվել է Վազգեն Մանուկյանը, և պահանջում էր բացել քվեարկությունների արձանագրությունները: Մեր «Այժմ» թերթն ու ՍԻՄ-ի «Իրավունքը» երկու շաբաթ չտպվեցին. իրավապահներն ավերել ու փակել էին երկու խմբագրություններն էլ:

Ալիքի բարձրակետը 25-ին էր: Որոշվեց ներխուժել Ազգային ժողով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ԱԺ-ում էր: Սկսեցին ցնցել ճաղերն ու, ի վերջո, ջարդեցին: Ամբոխը ներս խուժեց: Ես էլ մտա, բարձրացա ուղիղ ԿԸՀ: Բայց ամբոխի հիմնական թիրախն իշխանություններն էին, մարդիկ գտել էին ԱԺ նախագահին ու փոխնախագահին ու արյունլվա արել:

Հանկարծ լսվեցին կրակոցներ: Ժողովուրդը նոսրացավ, շուրջս էլ ցուցարար չկար: Կենտրոնական մուտքի մոտ մի ոստիկան հարցրեց` դու ո՞վ ես: Հանեցի լրագրողի վկայականը, նա մահակն իջեցրեց գլխիս, բայց ես տակից պլստացի` չկպավ, ու արագ փախա:

Գիշերը, խոհեմաբար, տանը չքնեցի, բայց հաջորդ օրը հիմարաբար իջա քաղաք. տանկեր ու փողոցները շղթայած զինվորներ: Գրողների միության մոտ մի ընկերոջ տեսա, ասաց` հո չե՞ս գժվել, արա, ո՞ւր ես էկել, քեզ են ման գալիս, փախի: Հիմա նա Փարիզում է ապրում, զանգել-հարցնում էր` էդ հնարավո՞ր ա, որ Լևոնը վերադառնա:

1996-ի այդ լարված օրերին իմացա, որ հետախուզման մեջ եմ: Հետախուզվողների անուններն օդանավակայանում էին, որ չթողնեն-փախչեն, անունս` ցուցակի մեջ: Երկու բնակարան փոխեցի, որ հետքս կորցնեմ: Ոստիկանները գնացել էին մեր տունը խուզարկելու, մայրս լուսամուտից կանչել էր հարևաններին, որ գան` չթողնեն խուզարկել: Հարևանները տուն էին լցվել:

Ինձ փնտրել էին նաև նախկին կնոջս տանը: Աներս ասել էր` էդ մարդը բաժանված է, մեզ հետ կապ չունի: Մեկն առաջարկեց Իրանով փախցնել, համաձայնել էի: Երկու շաբաթից բռնությունները դադարեցին. ՀՀՇ-ական Դավիթ Շահնազարյանը հեռուստատեսությամբ ասաց, որ պետք է դադարեցվի այս թշնամանքը: Ես հասկացա, որ ամեն ինչ վերջացել է, կրքերը հանդարտվել էին:

Ես փրկվել էի, իսկ բռնել էին հարյուրներով: Ինձ նման նրանք էլ հիշողություններ ունեն Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակներից: Պատգամավոր Դավիթ Վարդանյանի ոտքերն ու ձեռքերը կապած ծեծել էին: Ծեծողների մեջ էր եղել ոստիկանության պաշտոնյա Մուշեղ Սաղաթելյանը, որին Տեր-Պետրոսյանն իր ելույթում ներկայացնում է որպես այս իշխանությունների կողմից ճնշված: Ճիշտ է, Սաղաթելյանին հեռացրին աշխատանքից, դատեցին ու նստացրին:

Դասընկերս` Հովիկը, քաղաքականության հետ կապ չուներ, ծրագրավորող էր, բայց նա էլ անցավ 96-ի բռնություններով: Տեսնես` հիմա որտե՞ղ կլինի: Լևոնի ելույթը հիշեցրեց Հովիկին: Պարզվեց` ԱՄՆ-ում է, նրա mail-ը գտա, նամակ գրեցի, թե ի՞նչ էր եղել նրան 96-ին: Պատասխանեց. «Խոսակցություններ կային, որ ընդդիմության բոլոր առաջնորդներին բռնել են, ես աշխատում էի «Արմիմպեքս» բանկում, ԱԻՄ-ի գրասենյակը կողքն էր, ասի` մի հատ մտնեմ, մի բան իմանամ: Մի քանի զինվոր «Կալաշնիկով» ավտոմատով մուտքի մոտ կանգնած էին: Նրանք ինձ առանց պրոբլեմի ներս թողեցին: Բոլորին ներս էին թողնում, բայց ոչ մեկին դուրս չէին թողնում:

Այնտեղ կային ԱԻՄ-ի մի տասնհինգ անդամ: Պատգամավոր Արամազդ Զաքարյանն ասում էր. «Դուք չեք կարող ինձ ձերբակալել, ես պատգամավոր եմ»: Նրան սկսեցին ուժեղ ծեծել, «Կալաշնիկովով» քիթը ջարդեցին: Սկսեցին բոլոր տղամարդկանց «Կալաշնիկովով» ծեծել: Կանայք ճչում էին: Հետո ձերբակալեցին բոլոր տղամարդկանց, տարան Նալբանդյան փողոցի ինչ-որ շենք (ոստիկանության վեցերորդ վարչություն): Մենք կարծես վտանգավոր հանցագործ լինեինք, մեզ ծեծում էին: Հրամայեցին պառկել կեղտոտ գետնին: Ես մտածում էի. «Մի ժամ առաջ ազատ մարդ էի ու ոչ մի վատ բան չէի արել, իսկ հիմա բանտում եմ, ինձ հետ անասունի պես են վարվում ու ծեծում են, ինչի՞ համար:

Նրանք մեզ տարան դատարան ու մոտ վեց ժամ պահեցին: Այնտեղ շատ բանտարկված տղամարդիկ կային: Մի ծեր մարդ կար, որին շատ ուժեղ ծեծել էին: Հետո դատավորը կարդաց դատավճիռը ու մեզ տարան բանտ: Ես մնացի էնտեղ տասը օր: Մի քանի օր մերոնք չգիտեին` որտե՞ղ եմ:

Էս դեպքերից մի քանի շաբաթ անց մեկնեցի ԱՄՆ: Սիրտս կոտրվել էր»:

Այդ անհանգիստ օրերի շատ ծանոթներս հիմա չկան: Ոմանք մեկնել են արտասահման, ոմանք մահացել են: Մնացողներն ականատես եղան, թե ինչպես ներկա վարչակազմը կրկնեց «անկախ» Հայաստանի առաջին իշխանությունների սարսափները, երբ 2004-ին շուրջ 600 ընդդիմադիրներ բանտարկվեցին կեղծ մեղադրանքներով: Ընկերներիս մի մասն էլ հեռացավ դրանից հետո:

Ընտրություննե՞ր, ժողովրդավարությո՞ւն, իշխանափոխությո՞ւն: Այդ հարցերը փակվեցին 1995-1996-ին:

Ես մոռացել էի անցյալը, ինձ վաղվա օրն էր հետաքրքրում: Ես լրագրող եմ, ուզում եմ, որ անկախ, քաղաքական խմբերից չվերահսկվող մամուլ լինի, մամուլը դառնա բիզնես, ու նորմալ աշխատավարձ ստանաս: Մտածում էի` ի՞նչ ծրագրերով կվերանա ռեժիմը, ու ժողովրդավարություն կհաստատվի, որ ամեն մարդ ազատություն ստանա, ու «դոսիեներ» չլինեն:

Տեր-Պետրոսյանի վերադարձն ընկալվում է որպես այլընտրանք:

Լևո՞ն, թե՞ Սերժ: Ես ընտրություն չունեմ: Ես հիմա այլ բան եմ մտածում. հանկարծ անցյալը չվերադառնա:
Աղբյուրը