Երեկվա հանդիպումը բավականին հետաքրքիր էր՝ տարբեր առումներով, այդ թվում նաև տեղեկատվական. կոնկրետ ես ինձ հետաքրքրող որոշ բաներ պարզեցի։
Ի դեպ, նաև նկատեցի, որ շատերը նիհարել էին։
Սկզբում ահավոր անկապ էր ստացվում ամեն ինչ, բոլորս էլ մի տեսակ տրամադրություն չունեինք, և ինչ անում էինք, կարծես էն չլիներ։ Թումանյանի արձանի մոտ երկու ժամում հավաքվելուց հետո սովորության համաձայն գնացինք West, որտեղ աղմուկը սովորականից ավելի շատ էր , մի խոսքով՝ շատ անկապ էր, և շատ չանցած՝ դուրս եկանք West-ից, որից հետո Չուկին հրաժեշտ տվեցինք , ու ինքը, ինչպես միշտ, բայց այս անգամ արդեն երկար ժամանակով, իր մի քանի ընկերների հետ միասին մեզ լքեց։ Հետո գնացինք Մանկական երկաթուղի ու այն չգործող վագոնի մեջ նստած՝ ահագին ժամանակ մտքի բլոտ խաղացինք։ Կարելի է ասել՝ հետաքրքիր անցավ, չնայած որ ես ահավոր էի խաղում...
Իսկ հետո գնացինք “Square One”, որտեղից էլ սկսվեցին ամենահետաքրքիր մասերը։ Դե, ինչպես միշտ, ֆրի պատվիրեցինք ու միաժամանակ սկսեցինք խաղալ մի հետաքրքիր խաղ, որի անունը, ցավոք, չգիտեմ։ Մյուսները կարծես թե մինչ այդ էլ էին խաղացել, բայց ես առաջին անգամն էի խաղում։ Խաղի էությունն այն էր, որ բոլորս հերթով մի խուրձ ատամմաքրիչներից, որոնցից մեկը կոտրած էր, առանց տեսնելու քաշում էին մի հատիկ, և ում որ ընկներ կոտրածը, այդ մարդուն կամ պիտի բոլորս հարցեր տայինք, որոնց ինքը պիտի ամենայն ազնվությամբ ու անկեղծությամբ պատասխաներ, իսկ հրաժարվելու դեպքում խաղից դուրս գար, կամ էլ ինչ ասեինք՝ պիտի աներ։ Մի խոսքով՝ ահագին հետաքրքիր էր։ Հետո այնպես ստացվեց, որ խաղի մասին արդեն մոռացանք ու սկսեցինք նույն ձևով անկեղծ ու մտերմիկ զրուցել՝ իրար նմանատիպ հարցեր տալով ու պատասխանելով։ Ժամը մեկի մոտերը “Square One”-ից դուրս եկանք ու, չնայած սկզբում նախատեսվում էր տուն գնալ, բայց, չգիտես ինչու, գնացինք Կարապի լիճ, երկու ժամ էլ այնտեղ նստեցինք ու զրուցեցինք։ Որից հետո նոր գնացինք տուն։
Նկատել եմ, որ ֆորումի հանդիպումների ժամանակ միշտ ամենահետաքրքիրն ու անկեղծտ վերջին ժամերն են լինում՝ գիշերը։ Երևի մի կողմից մթությունն է անկեղծության ու անկաշկանդության դրդում, մյուս կողմից՝ շուրջբոլորը տիրող լռությունն ու հանդարտությունը, չգիտեմ։ Ամեն դեպքում, լավ անցավ։
Հուսով եմ, որ բոլորը բարեհաջող տեղ հասան։ Համենայնդեպս, ես ու Արշակը, չնայած ժամը երեքն էր, հաջողացրինք երթուղայինով տուն հասնել։ Ճիշտ է, ստիպված էինք շուրջքաղաքային ուղևորություն կատարել, բայց դե կարևորը՝ նորմալ հասանք։