ՍՈՎՈՐԱԿԱՆ ՖԱՇԻԶՄ
Մտքի և մտավոռի միջև
Ամեն անգամ, երբ լսում էի, որ քաղաքապետարանը հանրահավաքների անցկացման տեղի համար ընդդիմությանը առաջարկում է որեւէ մարզադաշտ, մարմնովս սարսուռ էր անցնում: Անմիջապես հիշողությանս մեջ վերակենդանանում էին 70-ական թթ. հեռուստատեսային ալիքներով հնչող Չիլիի դեպքերի լուսաբանումները: Ֆաշիստ բռնապետ Պինոչետի հրամանով երկրի բոլոր այլախոհականներին հավաքում էին մայրաքաղաքի գլխավոր մարզադաշտում, որտեղ մարդկանց կտտանքների էին ենթարկում, շատերին էլ սպանում: Եվ բավական ժամանակ աշխարհի տարբեր երկրների ֆուտբոլային թիմեր, ի նշան բողոքի, չէին ցանկանում խաղալ անմեղ մարդկանց արյունով ներկված այդ դաշտում:
Ո՞վ գիտի, մեր երկրի նորօրյա այս ֆաշիստներիª Սերժի ու Քոչարյանի (առանց սրա ոչ մի հարց չի լուծվում Հայաստանում) մտքներինն ի՞նչ է, որ Ազատության հրապարակի փոխարեն, որպես հանրահավաքի վայր, շարունակ մարզադաշտ են առաջարկում: Կարծում եմ, հատկապես մարտի մեկի դեպքերից հետո ոչ մեկի մեջ կասկած չի կարող լինել, որ Հայաստանում 10 տարուց ավելի ֆաշիստական ռեժիմն է իշխում: Եվ վերոհիշյալ երկու խելագարներին առաժմ ոչ մի զսպաշապիկ հնարավոր չի լինում հագցնել` թեկուզ քաղաքական դաշտի` միջազգային ամենահզոր կառույցների օգնությամբ: Իհարկե, այսպես չի կարող երկար շարունակվել, մենք չենք ընկրկելու, պայքարելու ենք մինչեւ լիակատար հաղթանակը` ժողովրդավարական Հայաստանի վերածնունդը:
Ցավալի է, որ ժամանակին հարգված կամ գոնե ոչ վատ համբավ ունեցող` մեր երկրի որոշ մտավորականներ այսօր հայտնվել են ֆաշիստական ճամբարում, դարձել պալատական (իմա՛ ֆաշիստական) «սազանդարներ»: Խորհրդային տարիներին ԽՍՀՄ-ում հասարակության մի շերտ ստեղծվեց, որը ներառում էր գիտնականների, մշակույթի, գրականության, լուսավորության եւ այլ մտավոր բնագավառների մարդկանց: Այն անվանեցին «ինտելիգենցիա», իսկ այդ դասի մարդուն` «ինտելիգենտ»: Սա ծագում է ֆրանսերեն «էնտելիժան» բառից, որը բառացի նշանակում է «խելացի, բանական»: Հետագայում մենք` հայերս, թարգմանեցինք այդ հասկացությունները «մտավորական» եւ «մտավորականություն» բառերով: Սակայն այսօր բանից պարզվում է` ամեն մեկը չէ, որ արժանի է այդ կոչմանը:
Ես հանդես եմ գալիս որպես ընդդիմության ներկայացուցիչ եւ խոսքս ուղղում հանրաճանաչ, վաստակաշատ դերասան Սոս Սարգսյանին: Ինչպե՞ս կարող էիք դուք ձեզ թույլ տալ եւ կես միլիոնից ավելի (այո, սխալ չհասկացաք) հայ ժողովրդին «զիբիլ» անվանել: Այդ «զիբիլն» է ձեզ ծափահարել, փառաբանել, ամենամեծ բարձունքների հասցրել, այլապես, առանց ժողովրդի մեծարանքի, դուք ոչ մեկը կլինեիք: Ունեք ամեն տիտղոս, հասել եք ամեն բարձունքի, ի՞նչ են ձեզ խոստացել քոչարյանասերժական աղբի կտորները, որ այդքան հեշտությամբ սեփական ժողովրդին նրանց եք ծախում: Իսկ գրող Պերճ Զեյթունցյանի համար ընդդիմությունը մեր ժողովրդի (թե՞ իր) «350 հազարանոց ամոթն» է: Դեռ լավ է, որ չի ասում` 350 հոգանոց ամոթ: Այս գրողը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք նշանակվել էր մշակույթի նախարար: Չկայացավ որպես նախարար: Անընդհատ ինչ-որ սկանդալային իրավիճակների մեջ էր հայտնվում: Եվ մի օր էլ Զեյթունցյանը Հայաստանից երկար ժամանակով անհետացավ (կարծեմ ԱՄՆ էր տեղափոխվել): Հիմա էլ, իհարկե, հաշիվներ ունի Տեր-Պետրոսյանի, հետեւաբար` նաեւ ընդդիմության հետ մաքրելու:
Շատ «յուրօրինակ», բանաստեղծի մտքի «թռիչքին հարիր» գաղափար է արտահայտել Ռազմիկ Դավոյանը. դու մի ասա, մենք` սովահար ամբոխականներս, գնում էինք Ազատության հրապարակ` մի կտոր բան ուտելու... Խղճում եմ ձեզ, պարոնայք «մտավորականներ», դուք հայ ժողովրդին չարժեք, դուք, իսկապես, մեր ամոթն եք: Էլ ի՞նչ պահանջենք Շուշան Պետրոսյանից` իր ջարդարար «ամուսնու» հետ միասին կամ խրատական կեցվածքով հանդես եկող, սակայն բարոյական կերպարից իսպառ զուրկ, ռաբիսի կարկառուն ներկայացուցիչ Նունե Եսայանից: Ի դեպ, այս երկու երգչուհի «քույրիկները», հրեշտակի շորերով հանդերձավորված, վերջերս իրենց երախտագիտության տուրքը մատուցելով այս ֆաշիստական ռեժիմին, որի շնորհիվ տիտղոսներ են ձեռք բերել, հարստացել ու լկտիացել են, նրա երեւելիների համար «Սիրո գույներ» չափազանց զգայացունց վերտառությամբ մի համերգ ունեցան: Սրանց նման «աստղիկներին» ցանկանք այսուհետ դատարկ դահլիճներ...
Երբեւէ որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ Հայաստանում կարող է ֆաշիզմ ծագել, որը աղերսներ կունենա թաթար-մոնղոլական բռնապետության հետ: Այդ էլ տեսանք, այդ էլ «վայելեցինք» տասը տարուց ավելի:
Ընդդիմությունը չի կարող հանդարտվել, հանգիստ առնել, քանի դեռ բանտերում են մեր ազգի լավագույն շատ զավակներ, քանի դեռ չեն պատժվել մարտի մեկի դահիճները, քանի դեռ մարդակերպ հրեշների ձեռքում է իշխանությունը: Իհարկե, գալու են այլ` մեր ուզած ժամանակները: Հետաքրքիր է, ինչպե՞ս են ժողովրդի աչքերին նայելու այսօրվա պնակալեզները (նկատի ունեմ ոչ միայն «մտավորականներին», այլ նաեւ ստահակ չինովնիկներին, կերած-խմած օլիգարխներին), չէ՞ որ ժողովուրդը նաեւ չներել գիտի: Հիշենք 88 թ. մեր սիրված ու տաղանդավոր դերասանուհու հետ կատարված դեպքը, որը մի ճակատագրական սխալի պատճառով այնքան էր հանրության կողմից մերժվել, օտարվել, որ ստիպված եղավ երկիրը փոխել:
Իսկ առայժմ առջեւում օգոստոսի մեկն է... Պայքա~ր, պայքա~ր մինչեւ վերջ:
Մայա Մարտիրոսյան
ԳԱԱ գիտաշխատող
ՉԻ
16.07.08
Էջանիշներ