12. Սաքոն գժվում է
Մարդկանց վստահելը, սիրելը, մտերմանալը, հարգելը, նվիրվելը շատ հեշտ է: Բայց այդ ամենը հեշտ է մարդու սովորական առօրյայում, այլ ոչ թե բանակային ծառայության ընթացքում: Յուրաքանչյուրի կողմից որոշակի զգուշավորությունը դիմացինին արգելում է իրեն ամբողջովին ճանաչել, կամ էլ ստիպում է սխալ կարծիք կազմել:
Բայց դա իհարկե չի նշանակում, որ բանակում չես գտնում մարդկանց, ում վստահում ես (ոչ մեկին խորհուրդ չէի տա բանակում ինչ-որ մեկին լիովին վստահել), սիրում ես, մտերմանում ես, հարգում, նվիրվում և այլն: Առանց մտերմության, առանց ոմանց նկատմամբ ջերմ զգացմունքներ ունենալու, առանց հարգելու ու հարգվելու, առանց ինչ-որ չափով վստահելու կարելի է պարզապես խելագարվել: Իհարկե չի բացառվում, որ այդպես ավելի լավ կլինի: Ի՞նչ է եղել որ: Կխելագարվես, խելառ-խելառ քեզ համար տրտինգ կտաս ու չես զգա թե ծառայությունդ ինչպես անցավ:
Բայց այդպե՞ս է որ: Ինչու՞ պետք է խելագարի համար ծառայությունն անկատ անցնի: Դժվար, հա, դու էլ... Ա՛յ ավագ Հարությունյան, մեկ-մեկ այնպիսի ախմախ մտքեր ես ասում, որ անկախ ինձնից մտածում եմ, թե արդեն խելառել ես: Դե որ խելառ ես, ասա տեսնեմ, ծառայությունդ աննկատ է անցնու՞մ: Իհարկե կարող ես ինձ հակաճառել ու հակադարձել, թե իբր «խելառը դու ես», բայց մի մոռացիր, որ ես դու եմ...
Չէ, աչքիս իսկականից խելագարվել եմ, կամ էլ գուցե տաքություն ունեմ: Բայց ամենից հավանականն այն է, որ արդեն ավանդական դարձած եղանակով իմ բուն պատմությունից շեղվում եմ ու ընկնում կեղծ փիլիսոփայական մտորումների գիրկը: Այնպես որ նորից վերադառնանք մեր բուն պատմությանը, կամ ավելի ճիշտ այդ պատմության համար անհրաժեշտ որոշ իրադարձություններին:
Սաքոն յուրօրինակ մարդ էր: Առաջինը Փանոսն էր, երկրորդը Սաքոն: Չէ, Սաքոն ձախորդ չէր: Ինքը ուղղակի սիրված էր, ճիշտ այնպես, ինչպես Փանոսը:
Հետաքրքրիր մարդ էր Սաքոն: Վստահում էր բոլորին, սիրում էր բոլորին, մտերմանում էր ամենքի հետ, հարգում էր բոլորին ու նվիրվում բոլորին: Ու այդ ամենն անում էր այնպիսի պարզ մանկական անմիջականությամբ, որ դիմացինին, այսինքն բոլոր մյուս զինծառայողներին, ստիպում էր վստահել, սիրել ու հարգել իրեն, մտերմանալ ու նվիրվել:
Սաքոն հաճախել էր իրենց գյուղի տասնամյա դպրոցը: Հաճախել տաս երկար ու ձիգ տարիներ, ապա ավարտելով ութնամյակը, դուրս եկել դպրոցից: Սաքոն երկու անգամ մեկ դասարան հետ էր մնացել ու սրա մեղավորը ոչ թե իր ունակություններն են եղել, այլ երկրի ու մասնավորապես գյուղի ու մասնավորապես իր ընտանիքի սոցիալական վիճակը: Ընտանիքի հոգսը հիվանդ հայրը մենակ չէր կարող քաշել, մայրը հազիվ հասցնում էր փոքր քույր-եղբայրներին պահել, տատ, պապ չուներ: Գյուղում չունենին ուրիշ հարազատներ, ու թեև հարևանները բարի մարդիկ էին, կարողացածին պես հասնում էին Սաքոի ընտանիքին, բայց դե նրանք էլ էին խեղճ ապրում:
Բայց երբ Սաքոն դարձավ տասնութ տարեկան, նրան չթողեցին նորից կանգնել հոր մեջքին, ու տասնութամյա պատանին անցավ պարտադիր զինվորական ծառայության, տան ողջ հոգսը թողնելով հոր ու փոքր եղբոր վրա, ու մեկ էլ այն հույսին, որ մեծ հորեղբայրը ժամանակ առ ժամանակ Ռուսաստանից փող կուղարկի:
Ավելացվել է 45 վայրկյան անց
* * *
Սաքոյի ծառայությունը լավ էր անցնում: Դարդը իր հեռվում մնացած ընտանիքն էր, ում կողքին չէր, մեջքին չէր կարող կանգնել:
- Ասում եք հայրենիքն եմ պաշտպանում, տո՛, թողեք ընտանքիս պաշտպանեմ, - ասում էր դառնացած Սաքոն ատելությամբ հայացք նետելով սենյակի տձև պատերին: - Չեմ սիրում ես պատերը, քլունգ լիներ, ջարդեի, փշրեի: Էս ասֆալտից տհաճ հոտ ա գալիս, քանդեի, բույս ցանեի, - հավելում էր թախիծով:
Նրա գործը զորամասի մուտքին հետևելն էր: Հավերժ պահակ էր Սաքոն: Իր փոքրիկ սենյակ-տնակն էր ու դարպասները, որոնց հետևում էր աչալուրջ:
- Տո ո՞ւր ա, ավտո գա, դարպասները բացեմ համ ավտոն ներս գա համ էլ դրսի օդը, - ասում էր սպասումով ու ավտոմեքենայի թույլ ձայն լսելով վազում էր դարպասները բացելու:
Այսպես անցնում էր Սաքոյի սպասումով լի ծառայությունը: Բայց չէ, այդպես չէր անցնում:
Չնայած որ չէր սիրում բանակ կառույցը, չէր սիրում զորամասի պատերն ու պարիսպները, չնայած խորշում էր զինվոր-սպա, զինվոր-զինվոր արմատավորված փոխհարաբերություններից, բայց նա այնումամենայնիվ օրինակելի զինվոր էր, իր զինվորական պարտականությունները կատարում էր անթերի, անտրտունջ, առանց առարկելու:
Գուցե պատճառն այն էր, որ հասկացել էր, որ գործ անելիս ժամանակն ավելի արագ էր անցնում, գուցե պատճառը իր խառնվածքն էր, բայց նրա կեցվածքն այդպիսին էր: Երբ զորամասում սկսվեց որոշակի հատվածի վերանորոգման աշխատանքները, Սաքոն ինքնակամ գնաց ու միացավ բանվորներին: Հետո արդեն բոլորն ասում էին «Սաքոյի վերանորոգումը», որովհետև ամենից լավ հասկացող ինքն էր, ամենալավ գործ անողն ինքն էր, ամենանվիրված գործ անողն ինքն էր, ամենաՍաքոն ինքն էր: Իր անմիջական զինվորական պարտականությունները, կապված պահակակետի հետ, չէր մոռացել: Տարօրինակ վարպետությամբ համատեղում էր, տարօրինակ ձևով օր ու գիշեր ծառայում առանց հոգնելու, տարօրինակ կերպով այդ ողջ ընթացքում չէր մոռանում հաշվել ամիսները, շաբաթներն, օրերն ու ժամերը, երբ պետք է դուրս գար զորամասի պատերից, հաներ զինվորական համազգեստը, հագներ իր սիրելի՝ գյուղի աշխատանքից մաշված, բայց խիստ հարմար շորերն ու գնար դաշտում գործ անելու:
Այս օրինակելի ծառայությունը չվրիպեց հրամանատարության աչքից: Շուտով շարքային Սաքոյին պարգևատրեցին դիպլոմով, տվեցին սերժանտի կոչում: Զարմացած էր իր հաջողությամբ, փոքր ինչ շփոթված, գուցե փոքր-ինչ ուրախացած, բայց իրականում անտարբեր էր, շարունակում էր հաշվել իր ծառայության ժամերը, սպասելով երանելի ժամին, երբ պետք է տուն հասնի, գրկի ու համբուրի արդեն ծերացած մորը…
Ի՞նչ իմանար խեղճ Սաքոն, որ իր օրինակելի ծառայությունն իր գլխին փորձանք է դառնալու…
Ավելացվել է 1 րոպե անց
* * *
Հարևան զորամասում զինծառայողի պակաս կար: Ներքին հրամանով այնտեղ պետք է տեղափոխվեր Սաքոյենց զորամասի զինվորներից մեկը: Այդ ժամանակ Սաքոն օրերը հաշվելով հասել էր երկու ամսին ու ուրախ զվարթ բոլորին ասում էր.
- Մեկ զույգ ամիս մնաց ու կգնամ տուն… Այս պատերն էլ իմ համար չեն լինի:
- Այս պատերն արդեն քո համար չեն: Քո համար արդեն հարևան զորամասի պատերն են, - պատասխանեցին նրան:
Սաքոն սփրթնեց:
- Ինչու՞ ես:
- Որովհետև այնտեղ սերժանտ է պետք:
- Ես սերժանտ չեմ, շարքային եմ:
- Օրինակելի ծառայության համար քեզ սերժանտի կոչում է շնորհվել:
- Ախպեր, չեմ ուզում էդ սերժանտի կոչումը, առեք Ձեզ, - ասաց ձեռքն ուսադիրին գցելով:
- ԴՈՒ ԱՐԴԵՆ ՍԵՐժԱՆՏ ԵՍ: ՎԵՐԱԴԱՐՁ ՉԿԱ:
- Էլ օրինակելի չեմ ծառայի, մի տարեք ինձ, - խնդրեց Սաքոն:
- Կծառայես, դա քո բնավորությունն է:
- Չեմ ուզում: Ինչու՞ հենց ես: Զույգ ամիս է մնացել, թողեք հանգիստ ծառայեմ, տուն գնամ:
- Այնտեղ հանգիստ կծառայես:
- Այնտեղ հանգիստ չի լինի, ոչ մեկին չեմ ճանաչում: Ամեն մեկն ուզելու է իրենն ասի: Մեկի հետ վեճ, մեկի հետ կռիվ, մեկի հետ իրար չհասկանալ, մեկին ճնշել, մեկից ճնշվել, չեմ ուզում Ձեր այդ զորամասը: Թողեք հանգիստ ծառայեմ: Այնտեղի սպաներին չեմ ճանաչում: Բոլորն ինձ թշնամանքով են նայելու: ԹՈՂԵՔ հանգիստ ծառայեմ, զույգ ամիս է մնացել…
- Երկու ժամից ճամփա ենք ընկնում: Իրերդ հավաքիր, ընկերներիդ հրաժեշտ տուր:
- Թողեք հանգիստ ծառայեմ…
- Շտապիր:
- Թողեք հանգիստ ծառայեմ…
Ավելացվել է 1 րոպե անց
* * *
Սաքոյի աչքերում թախիծ ու սարսափ էր: Շփոթված ման էր գալիս զորամասում, որ ում տեսնի, հրաժեշտ տա: Բայց հենց որ մեկին տեսնում էր, մոտենում, բռնում էր ձեռքն ու ասում.
- Լավ էլի, խնդրում եմ, թողեք հանգիստ ծառայեմ: Ինչու՞ հենց ես:
Նրան պատասխանելու բան չունեին ոչ զինվորները, ոչ սպաները: Ինչ ասեին խեղճ տղային մարդիկ, ովքեր զինծառայող են ու պարտավոր են, երդում են տվել անվերապահորեն կատարել վերադասի հրամանները:
Չգիտեի որ Սաքոյին տանում էին: Տեսա շփոթված մոտենում է: Նրան տեսնելով ուրախացա.
- Ո՞նց ես, Սաք ջան:
- Թող հանգիստ ծառայում:
- Ի՞նչ:
- Լավ էլի, խնդրում եմ, ինչու՞ հենց ես:
- Սա՞ք, ի՞նչ է եղել:
- Գնում եմ: Էլ ինձ չես սովորեցնի: Էլ մարդ չեմ դառնա: Գնում եմ… չեմ գնում, տանում են…
- Ու՞ր Սաքո:
- Էն զորամասը: Էլ մարդ չեմ դառնա: Խոստումդ մոռացե՞լ ես: Չե՞ս սովորեցնելու: Ինչու՞ հենց ես: Դու էլ խաբեցիր: Էլ մարդ չեմ դառնա, տանում են… թողնեիր հանգիստ ծառայեի…
Ասաց ու գնաց առաջ, թողնելով ինձ շփոթված, տարակուսած, տրտում, գցելով հիշողությունների գիրկը:
Էջանիշներ