150 հազար դոլար` վտարված քաղաքացուն

15:36 Yerevan | 11:36 GMT | Monday 9 July 2007

2002-ից Եվրոպայի խորհրդի անդամ դարձած Հայաստանի քաղաքացիները տարիներ շարունակ Եվրոպական դատարանի վճիռներին են սպասում: Իսկ ինչպես հայտնի է` ով սպասում է, նա հասնում է:

2002-ից Եվրոպայի խորհրդի անդամ դարձած Հայաստանի քաղաքացիները տարիներ շարունակ Եվրոպական դատարանի վճիռներին են սպասում: Իսկ ինչպես հայտնի է` ով սպասում է, նա հասնում է: Այս տարի վերջապես Եվրոդատարանը սկսեց Հայաստանից ստացված գանգատներ քննել եւ վճիռներ արձակել: Բնականաբար, դրանք, որպես կանոն, Հայաստանի Հանրապետության դեմ են` հօգուտ ՀՀ քաղաքացիների: Մոտ մեկ ամիս առաջ լուր ստացանք, որ Միշա Հարությունյանն է հաղթել Հայաստանին: Իսկ երեկ տեղեկացանք, որ ԵԴ վեբ-կայքում նոր հաղորդագրություն է տեղադրված Հայաստանից ստացված հերթական գանգատի կապակցությամբ: Խոսքը վերաբերում է պետական կարիքների համար խլված հողերին, որոնք պետության «գերակա շահի» անվան տակ գրոշներով վերցվեցին բազմաթիվ քաղաքացիներից: Սակայն ունեզրկված քաղաքացիների որոշ մասն այդպես էլ չհաշտվեց կատարվածի հետ եւ շարունակում է պայքարը: Այդ գործերից մի քանիսով արդեն սկսվել է կոմունիկացիայի` կողմերին հարց ու պատասխաններ տալու փուլը: Իսկ մի գործով` արդեն կոնկրետ արդյունք: Խոսքը Աբովյան 1/3 հասցեի մասին է: Ավելի ճիշտ` Կարաբալայի արձանի հարեւանությամբ գտնվող նախկին գարեջրատան` մոտ 100 քառակուսի մետրանոց տարածքի մասին է, որը նրա տիրոջից` Գեւորգ Ճղլյանից խլել են ու դրա դիմաց այն ժամանակվա չափանիշներով բավական պատկառելի գումար վճարել: Սակայն մարդը դժգոհ է մնացել` համոզված, որ փոխհատուցումը համարժեք չի, բացի այդ` չի պահպանվել արդար դատաքննության սկզբունքը եւ այլն: Մի խոսքով, նրա փաստաբան Արթուր Գրիգորյանը, անցնելով հայաստանյան բոլոր դատական ատյաններով, դիմել է Եվրոդատարան: Սեփականատերն անգամ մոռացած է եղել իր գանգատի մասին, երբ Եվրոդատարանից հարցում են արել եւ նոր փաստաթղթեր են պահանջել: Ապա մի շարք հարցադրումներ են արել` ուղղված պետությանը: Ի վերջո` տեսնելով, որ պարտությունն անխուսափելի է, ՀՀ կառավարությունը զիջել է իր դիրքերը եւ հաշտություն կնքելու առաջարկ է արել քաղաքացուն: Բանակցություններ են ընթացել, եւ պետությունը Ճղլյանին առաջարկել է 150 հազար դոլար` իր կրած վնասի դիմաց: Այս գումարն անշուշտ չնչին է քաղաքացու կրած բարոյական վնասի, չարչարանքների, վատնած նյարդերի դիմաց, սակայն խնդիրը գումարը չէ, ոչ էլ դրա չափը, այլ այն բարոյական ապտակը, որ սրանով հասցվել է օրինախախտ պետությանը:

Միեւնույն ժամանակ հատկանշական է, որ պետությունն ամեն ինչ անում է, որ բանը չհասնի ԵԴ վճռի, քանի որ դրանով նախադեպ կստեղծվի եւ պետական կարիքներից տուժած բոլոր քաղաքացիները կօգտվեն այդ հնարավորությունից: Եւ այդ դեպքում խոսքը կգնա ոչ թե մի քանի հարյուր հազար, այլ միլիոնավոր դոլարների մասին:

Մենք տեղեկացանք նաեւ, որ այժմ կոմունիկացիայի փուլում է նաեւ Հյուսիսային պողոտայից վտարված մեկ այլ ընտանիքի` Եդիգարյանների գործը, որոնք անգամ զոհ են տվել` «հանուն» պետական կարիքների: Մյուս գործերով եւս արդեն գրագրություն է սկսվել, եւ չի բացառվում, որ մոտ ժամանակներս դրանցով եւս առաջխաղացում արձանագրվի: Այնպես որ, կարծում ենք, առաջիկայում պետությունը պետք է իր բյուջեում առանձին տողով ԵԴ վճիռների համար փոխհատուցման գումարներ նախատեսի` հակառակ դեպքում երկրի բյուջեն ճեղքվածք կտա:

http://www.zhamanak.com/article/6710/