Մոսկովյան փողոցն արդեն ժպտում է, հաջորդը Մաշտոցն ու Տպագրիչներն են (տեսանյութ)
18:27 • 14.09.11
Երևանի անշուք տարածքները և շենքերը այսուհետ կզարդարվեն ու կգեղեցկացվեն կերամիկական խճանկարներով, քաղաքի տեսանելի տգեղ պատերին կհայտնվեն ճանաչված նկարիչների ստեղծագործությունները: Նախադեպն արդեն իրականություն է` այսօր Մոսկովյան 36 հասցեում տեղի ունեցավ Մարտիրոս Սարյանի «Իմ բակը» կտավի մոզաիկ պանոի բացման արարողությունը: Ընտրվել է հենց այս նկարչի ստեղծագործությունը, քանի որ, ինչպես բնութագրել են նախաձեռնության հեղինակները, Սարյանը այն նկարիչն էր, ով հայ գեղանակարչության մեջ ժպիտ բերեց:
Նախաձեռնությունն իրականացվել է «Ժպտա Երևան» ծրագրի առաջին նախագծի շրջանակում: Մի խումբ արվեստագետներ ծրագիրը ներկայացրել են քաղաքապետարան` հավանության արժանանալուց հետո սկսվել են աշխատանքները:
«Ժպտա Երևան» ծրագրի անդամ, նկարիչ Արմեն Աթանյանն ընդգծել է. «Այս ծրագիրը վաղուց կար. ծրագիր, որը ուսուցողական և ճանաչողական խնդիր է լուծում և դրա համար էլ այն իրականացավ շատ պարզ»:
«Ժպտա Երևան» ծրագրի նպատակն է նոր տեսք, գույն ու շունչ հաղորդել մայրաքաղաքի ճարատարապետական և գեղագիտական դեմքին: Ծրագիրն իր առջև նպատակ է դնում Երևան քաղաքաում ստեղծել հանգստի և ժամանցի արժանավայել պայամաններ երեխաների և տարեց մարդկանց համար, քաղաքը դարձնել գրավիչ զբոսաշրջիկների և բնակիչների համար:
Բացման արարաողությանը ներկա են եղել նաև մի շարք արվեստագետներ: Տեսնելով արված աշխատանքը՝ երգիչ Արամոն նշեց. «Մոսկովյան փողոցն արդեն իսկապես ժպտում է»: Իսկ դերասան Միքայել Պողոսյանն ընդգծեց. «Ժամանակն է, որ Երևանը, որը կենդանի մի օրգանիզմ է և բազում տխրություններ է տեսել, ժամանակն է, որ ժպտա: Այս նախաձեռնությունը, իրոք, մնայուն արժեք է»:
Եվս 2 նախագիծ` Մաշտոցի պողոտայում և Տպագրիչների փողոցում, շուտով ևս կհանձնվեն երևանցիների դատին: Ծրագրի նախաձեռնողները խոստանում են, որ այն կկրի շարունակական բնույթ:
Tert.am
Էջանիշներ