Մուրադ Բոջոլյանն ու Սարգիս Հացպանյանը քրեակատարողական հիմնարկից նամակ են հղել Հայ ազգային կոնգրեսին՝ ողջունելով քաղբանտարկյալների ազատ արձակումը:
Մուրադ Բոջոլյանը նշում է. «Վերջին տարիներին Հայաստանում լուրջ քաղաքական գործընթաց է սկսվել, որն արդի փուլում հնարավորություն է տալիս առանց քաղաքական ցնցումների և ուղղակի կամ անուղղակի երկխոսության միջոցով վերականգնել Սահմանադրական կարգը, հիմնավոր քայլեր կատարել ժողովրդավարության, օրինականության և արդարության վերահաստատման ուղղությամբ, որպեսզի Հայաստանում այլևս երբևէ չլինեն անարդարության զոհեր»: Նա շնորհակալություն է հայտնել Համաժողովրդական շարժման մասնակիցներին, ովքեր հավատացել են իր անմեղությանը և երեք տարի պայքարել նաև իր ազատության համար: Նա կարևորել է ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքն իր հանդեպ, ինչը նպաստել է իր բարի անվան վերականգնմանը հասարակության լայն շրջանակում:
Բոջոլյանը հիշեցնում է, որ շուտով լրանում է իր անազատության վերջնաժամկետը՝ նշելով, որ չէր ցանկանա, որ այդ փաստը խոչընդոտեր իշխանության ու ՀԱԿ-ի հնարավոր երկխոսությանը:
Սարգիս Հացպանյանն իր նամակում կոչ է անում երկխոսություն սկսել իշխանության հետ՝ օգտվելով շարժման «այսօր առկա ուժային և դիրքային հզոր առավելությունից»: «Գտնում եմ, որ եզակի այդ հնարավորությունը չի կարելի կորցնել, և ինձ ազատ չարձակելը չի կարող դրան խանգարող պատճառ հանդիսանալ: Վստահ եմ, որ նման պատասխանատու պահին այս դիրքորոշմամբ շատ ավելի մեծ նպաստ եմ բերում վերջնական հաղթանակին և արագացնում եմ այն, ուստի պահանջում եմ հարգել իմ այս խնդրանքը: Ես ուզում եմ ձեզ խնդրել նաև Ռ. Քոչարյանի ակնհայտ ապօրինի հրամանով իմ երկրից ինձ արտաքսելու մասին անհեթեթ որոշումն անվավեր ճանաչման հասնելու պայքարում, իմ ընտանիքով, երկու երեխաներիս հետ ընդմիշտ Հայաստանում ապրելու իրավունքս ձեռք բերելու հարցում հայցել ձեր աջակցությունը և զորակցությունը»,- գրում է Հացպանյանը:
Մուրադ Բոջոլյանը դատապարտվել է լրտեսության, Սարգիս Հացպանյանը` սուտ մատնության մեղադրանքներով:
Tert.am
Էջանիշներ