Շրջենք Երևանի փողոցներով… Ի՞նչ է կատարվում: Ամենուր շինարարություն: Երևանը 1934 թվականի նման կրկին վերածվել է շինարարական հրապարակի: Ինչքանո՞վ է նպատակահարման և ինչո՞ւ չէ, նաև նպատակաուղղված այս ամենը:

Խոսենք նպատակահարմարության մասին. Կառուցվում են բազմաթիվ նորանոր էլիտար շենքեր, որոնք դուրս են մղում հենց Թամանյանի նախագծած բազմաթիվ շինություններ: Դրա հետ միաժամանակ բնակչության մի ստվար զանգված զրկվում է իր պապենական տներից ու բնակվելու “աքսորվում” դեպի քաղաքի ծայրամաս:

Նպատակաուղղվածությունը. Ներկայումս կառուցվում են նորանոր արագընթաց մայրուղիներ, գետնուղիներ, գետնանցումներ: Արդյո՞ք սրանք կարդարացնեն իրենց: Օրինակ Իսակովի պողոտայից դեպի օդանավակայն ձգվող ճանապարհը. Մեր հանճարեղ ճարտարապետները նախագծեցին մի փողոց, որը առկա մայրուղին բանտային ճաղաշարով մասնատեց մասերի: Վստահորեն կարող եմ ասել, որ այդ նորամուծությունը բացարձակապես մայրուղուն արագ ընթացք չտվեց: Հակառակը, որևէ ավտոմեքենայի խափանման դեպքում այդ վայրում խցանումից չեն խուսափի: Կամ մեկ այլ փաստ. Գնալով ավելանում են ավտոմեքենաների թիվը: Այդ ինչ լայնության ավտոճանապարհներ պետք է փորվեն գետնի տակ, որպեսզի կարողանան ապահովել մեքենաների հանգիստ ու անվտանգ ընթացքը: Բացի այդ, փորելով գետնուղիներ, կարծում եմ, սեյսմակայունության տեսակետից որոշ խնդրի առաջ կկանգնեն մեր շինությունները: Իսկ գետնանցումների մասին. ներկայումս ունենք բազմաթիվ գետնանցումներ, որոնք իրենց նպատակին չեն ծառայում, առավել ևս, որոշները վերածվել են հասարակական “բացօթյա” զուգարանի: Իսկ մեր հարգարժան քաղաքացիները գերադասում են փողոցը կտրել-անցնել առանց իրենց նեղություն տալու, հենց փողոցի մեջտեղով:

Ճիշտ է, Երևան քաղաքի ճարտարապետները ձգտում են օգտակար գործ անել քաղաքի համար, քաղաքը բարձր մակարդակի վրա ներկայացնել օտար աչքերին: Սակայն ինչքանով է դա նպատակահարմար ու նպատակաուղղված: