Ոչ, Աստված Սուրբ Երրորդությունն է՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։ Աշխարհի արարումը տեղի է ունեցել Սուրբ Երրորդության կողմից։ Դրա մասին մի շարք աստվածաշնչյան գրվածքներ են վկայում։
ա. Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը։ Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ։ (Ծննդոց, 1.1,2)
Այս հատվածում տենում ենք առնվազն Սուրբ Հոգու ներկայությունը արարչության ժամանակ։
բ. Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»։ (Ծննդոց, 1.26)
Ուշադրություն դարձրեք, որ Աստված ասում է «մեր կերպարանքով ստեղծենք», այլ ոչ՝ «իմ կերպարանքով ստեղծեմ»։ Սա խոսում է մարդու արարմանը մեկից ավելի անձերի մասնակցության մասին։
գ. Աստուած բազմապիսի ձեւերով եւ այլազան օրինակներով նախապէս խօսեց մեր հայրերի հետ մարգարէների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խօսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամէն ինչի, եւ որի միջոցով ստեղծեց տիեզերքը։ (Պողոս առաքյալի թուղթը եբրայեցիներին, 1.1,2)
Այս մասում հստակորեն ասվում է, որ Հայր Աստված Որդու միջոցով ստեղծեց ողջ տիեզերքը։ «Որդու միջոցով» արտահայտությունն այստեղ նույն իմաստն ունի, ինչ որ նախորդ նախադասության մեջ «մարգարեների միջոցով» արտահայտությունը։ Քանի որ «Աստված խոսեց մարգարեների միջոցով», նշանակում է՝ մարգարեները խոսեցին այն, ինչ Աստված էր ներշնչում, ապա «Որդու միջոցով ստեղծեց տիեզերքը» կնշանակի՝ Որդին ստեղծեց տիեզերքն այնպես, ինչպես Հայրն էր կամենում։
Ամփոփելով այս երեք մեջբերումները՝ տենում ենք, որ արարչությունը կատարվել է Սուրբ Երրորդության կողմից։
Էջանիշներ