Հոգլանդի հետ կապված պատմությունը հայկական մարգինալ մտածողության ու էսթաբլիշմենթի ամենամեծ աբսուրդներից է: Այս խնդիրը ունի երկու կարևոր բաղադրիչ, առանց որոնց Հոգլանդի պատմությունը մնում է նույնքան անհասկանալի ու խորհրդավոր, որքան թամպլիերների պատմությունն է: Այդ բաղադրիչներն են.
1. Պարզվում է, որ Հայ դատի խնդիրը Հոգլանդի ուսերին է ու նա պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, այն պարագայում, երբ նա իրավունք չունի ճանաչել այն, քանի որ դա նրա իրավասություններից դուրս է. հայոց ցեղասպանությունը կարող են ճանաչել ԱՄՆ Սենատը, Համայնքների պալատը կամ գոնե նախագահը, իսկ դեսպանը այդպիսի գործառույթ չունի և չպետք է ունենա: Այսինքն` չճանաչելով հայոց ցեղասպանությունը` Հոգլանդը պարզապես դուրս չի գալիս իր լիազորությունների շրջանակներից և չի մտնում իրավասությունների այն ոլորտ, որոնք պատկանում են պառլամենտին կամ նախագահին:
2. Յուրաքանչյուր պետություն, երկիր, համաձայնելով դիվանագիտական հարաբերություններ ունենալ մեկ այլ երկրի հետ, պարտավորվում է հարգել այդ երկրի որոշումները, այդ թվում` այն հարցում, թե որ իրադարձությունը ինչպես է մեկնաբանում այդ երկիրը և թե ով է ներկայացնելու տվյալ երկիրը մեկ այլ երկրում: Այս պահին ակնհայտ է երկու բան. ա. ԱՄՆ-ն որպես պետություն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, բ. ԱՄՆ-ն, որպես պետություն, որոշել է, որ իր երկիրը Հայաստանում ներկայացնելու է Հոգլանդը: Սրանք օբյեկտիվ փաստեր են: Մնացածը հայ հանրության գիտակցության մետամորֆոզներն են, իսկ մետամորֆոզներից ամենահանճարեղն այն է, որ Հայաստանը չի ցանկանում ընդունել այդ դեսպանին` պահանջելով նրան ճանաչել իր պետական քաղաքականության կողմից չընդունված փաստեր, մեկ էլ էքստերն կարգով փոխել իր սեռական կողմնորոշումը այն համապատասխանեցնելով միակ ճշմարիտ հայկական սեռական կողմնորոշմանը: Մինչդեռ իրականում մեկ այլ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող նորմալ, բանականության գոնե որոշ պարամետրերի համապատասխանող երկիրը, այս դեպքում Հայաստանը չունի այլ հնարավորություն, քան` կա'մ ընդունել ԱՄՆ-ի քաղաքականությունը որպես փաստ ու ընդունել նրա դեսպանին, որի սեռական կողմնորոշումը որևէ քաղաքագիտական կանոնով չի կարող լինել քննարկման առարկա, կա'մ հրաժարվել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերություններից` ազատվելով և' գլխից, և' գլխացավից: Ընտրությունը Հայաստանինն է, ընտրությունը անում է Հայաստանը, որը պետք է որոշի` իր համար առավել կարևոր է Հոգլանդի սեռական կողմնորոշումը, թե ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները: Վերջ: Մնացածը զգացմունքներ են ու անվերջ միֆեր, ինչպես կասեր Չարենցը, "գուցե միֆ է երկիր Նաիրին, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն": Այսպիսին է Հոգլանդին չընդունող երկիր Նաիրին... Եվ սա մեր ողբերգությունն է, հայկական ողբերգությունն է, հայ մտածողության ողբերգությունն է և բոլորովին ոչ-ամերիկյան: Ամերիկան իր ողբերգությունները լավ գիտի, մնում է, որ Հայաստանն էլ իմանա իր ողբերգությունները: Մնացածը լռություն է ու ինքն իր մեջ իր ողբերգությունների պատճառները փնտրելու անայլընտրանք ճանապարհ...
Էջանիշներ