Ներկայացումից հետո մենք թևանցուկ անցանք լուսնի լույսով ողողված ծառուղիներով և կանգ առանք իմ սենյակի առաջ։ Երբ նա ձեռքը մեկնեց, որ «բարի գիշեր» ասի, ձեռքն ափումս հպած խնդրեցի.
— Ինչ կլինի, գնանք ինձ մոտ։
— Օհո՜, այդ չեղա՜վ, այդ է՞լ է քեռիդ պատվիրել,— ասաց նա մատը վրաս թափ տալով։ Ու էլի աչքերը, չարաճճի աչքերը ծիծաղում են։
Գուցե կգա, երևի «նազ է անում»։
— Գնանք,— պնդեցի ես։
Նա այնպես լրջացավ և այնպես վեհորեն արժանապատվությամբ նայեց ինձ, որ ես նսեմացա, փոքրացա նրա առջև։ Երեկ էլ այդպես նայեց ինձ, և բոլորովին այլ կին դարձավ՝ անմատչելի, բարձր…
Բայց դա էլի միայն մի պահ տևեց։ Նա նորից պարզամտորեն ծիծաղեց և ուսիս խփելով ասաց.
— Գնա, գնա, և հանգիստ քնիր։ Միայն ա՛յն արա, ինչ քեռիդ պատվիրել է։
Ապա հանկարծ հարցրեց.
— Վաղը կգա՞ս կայարան ինձ ճանապարհ դնելու։
— Ու՞ր,— հանկարծակիի եկա ես։
— Գնում եմ տուն։
Ես մնացի շվարած։ Այդպես ուրեմն, այլևս ողջ կյանքումս երևի էլ չտեսնեմ նրան։
— Նու, նու, մի՛ տխրիր, էլի կպատահենք, դե բարի գիշեր։
— Գոնե ասացեք ով եք, ձեր անունը, հասցեն…— թախանձեցի ես նորից՝ «դուք»–ին անցնելով։
Չգիտես ինչու, դժվարանում է, բայց չի էլ ուզում մերժել, չի ուզում սիրտս կոտրել։
— Լավ,— ասաց նա քիչ տատանվելուց հետո,— ահա իմ այցետոմսը։
Եվ ռեդիկյուլից մի այցետոմս մեկնեց ինձ։
Մենք բաժանվեցինք։
Սենյակ մտնելուն պես այցետոմսը շպրտեցի սեղանին և բերանքսիվայր ընկա մահճակալին։
Ծանր էր, շատ ծանր հրաժեշտ տալ այդ կարճատև ու թովիչ երազին….
Առավոտյան ես մաքուր հագնվեցի և մեկնեցի երկաթուղու կայարան։
Ինչքա՜ն մարդիկ են հավաքվել այստեղ՝ ձեռքներին ծաղկեփնջեր։
Ինչ-որ նշանավոր մարդու են ճամփու դնում։ Ո՞վ կլինի տեսնես…
Հենվել եմ ծառի բնին ու սպասում եմ իմ «մանկապարտեզի ուսուցչուհուն»։
Խփեց երկրորդ զանգը։
Վերջապես ահա նա, այն տիկինը, որին բերել են այդ անհամար ծաղկեփնջերը։ Շքեղ վագոնի աստիճանների վրա կանգնած՝ նա օդային համբույրներ է հղում իր երկրպագուներին։
Հիմա գնացքը կշարժվի, իսկ ո՞ւր է նա։
Արագ քայլերով մոտեցավ ինձ իմ տանտիրուհին և մատը վրաս թափ տալով, ծիծաղելով ասաց.
— Երիտասարդ կովկասցի, այս ի՜նչ եմ տեսնում. ընդամենը հինգ օր է, ինչ այստեղ ես և արդեն հաջողացրել ես աշխարհահռչակ դերասանուհիներին կավալերությո՞ւն անել։
— Ի՞նչ դերասանուհի, ցնդվե՞լ եք, ինչ է։
Նա պատասխանի փոխարեն ինձ մեկնեց այն այցետոմսը, որ գիշերը ես շպրտել էի սեղանին։
Ձեռքից հափշտակեցի ու կարդացի.

ՍՍՌՄ Միության ժողովրդական դերասանուհի
Վ Ե Ր Ա Օ Դ Ի Ն Ց Ո Վ Ա

Կարդացի ու մնացի շվարած։ Ահա թե ո՜վ է եղել պարզ շորերով ու հասարակ սանդալներով այդ կինը…
Նայեցի վագոնի աստիճաններին կանգնած տիկնոջը։ Այո, թեև շքեղ, ինձ համար օտարոտի է հագնված, բայց իսկ և իսկ նա է, նույն մանկական անմեղ ու դյութիչ ժպիտը նուրբ շուրթերին, նույն չարաճճի ծիծաղն աչքերում։
Ես ապշած, կարկամած նայում եմ ներքևից, և նա հետզհետե հեռանում է, բարձրանում ամպերից էլ վեր, բազմում է այդ կիսաաստվածուհին արվեստի արևային բարձունքին, այնքա՜ն բարձր ու պայծառ, որ միլիոնավոր մարդիկ տեսնում են, ճանաչում են նրան, հրճվում են նրա հանճարով ու երկրպագում նրա արվեստին, իսկ նա այդ անմատչելի բարձունքներից սիրալիր ժպտում է մեզ բոլորիս։ Ու կորչում եմ, փոքրանում, ոչնչանում։ Ինչպե՞ս կարող է նկատել ինձ Մեծ Միության միլիոնավոր մարդկանց այդ գորշ զանգվածի մեջ...
Ես ցնցվեցի. նա ձեռքով կարծես ինձ է կանչում, այո՛, հենց ինձ՝ նույն երեկվա մտերիմ ու պարզ ժպիտով։
Ես տեղումս կարկամել, մեխվել եմ, միայն հիշում եմ, որ նրա տված նշանով մարդիկ ինձ տարան վագոնի դռան մոտ։ Նա կռացավ, շոյեց մազերս, ձեռքս ամուր սեղմեց ու քնքշությամբ ասաց.
— Մնաս բարի, իմ լավ չոբան, կսովորես, Մոսկվա կգաս, և այն ժամանակ քեզ անմատչելի չեն լինի ոչ Չայկովսկին, ոչ էլ ես...
Գնացքը շարժվեց։
Բազմաթիվ գլխարկներ ու թաշկինակներ շարժվեցին օդում, իսկ նա վագոնի բաց պատուհանից սիրուն գլուխը դուրս հանած, օդային համբույրներ էր ուղարկում։
...Ու այդ օրից առաջ գնալու, արվեստի բարձունքներին հասնելու խանդն ինձ հանգիստ չէր տալիս և շարունակ մղում էր դեպի գործ։
Տարիներ անց, երբ Կրեմլից, աշխարհի ամենամեծ մարդու մոտից դուրս եկանք հրճվանքից փայլող դեմքերով և շտապեցինք մեզ համար պատրաստված շքեղ բանկետին, այդտեղ անակնկալ կերպով հանդիպեցի նրան։ Իմ ճաշակով հագուստի, արդեն նրբացած դեմքի և կիրթ շարժուձևերի մեջ նա դժվարությամբ ճանաչեց նախկին որսորդ հովվին։
— Այս ո՜ւմ եմ տեսնում, այս ո՜ւմ եմ տեսնում,— գոչեց նա իր զրնգուն ձայնով և ի զարմանս ներկա եղողների, ինձ իր գիրկն առավ։— Ինչպե՜ս է փոխվել... ինչպե՜ս,— կրկնում էր նա ինձ շուռ ու մուռ տալով ու բոլոր կողմերից զննելով։
— Նո՞ւ, քեռիդ ինչպե՞ս է, քեռիդ է՛լ ինչ նոր բաներ է պատվիրել,—ինձ այնքան ծանոթ ծիծաղով ասաց նա։ Եվ առանց պատասխանի սպասելու վրա տվեց.
— Էլ չե՞ս կարմրում, ասա՛, կարմրո՞ւմ ես, թե ոչ, թե՞ երեսիդ վարագույրն արդեն պատռվել է... Այո , զգում եմ, որ այլևս այն չես, այլևս չես շառագունում, փոխվե՜լ ես... Լա՛վ է եղել, որ փոխվել ես, բայց... ափսո՜ս, ախ, ափսո՜ս, որ փոխվել ես... Այնպես ավելի լավ էր, այնպես շա՜տ լավ էր, այնպես դո՛ւ էիր, ինքնատիպ։ Հիմա քեզ նման այնքա՜ն կա մայրաքաղաքում.…— ասաց նա շտապ, կցկտուր, ցավով և տխրության ու ափսոսանքի նկատելի շեշտով։ Ապա հետզհետե ընկավ նրա տրամադրությունը, և ես զգացի, թե ինչպես մարեց գգվանքի ինձ ծանոթ փայլր նրա երկնագույն պայծառ աչքերում, ու նա հետզհետե սառեց, հոգով հեռացավ ինձանից...
Բանկետի մասնակիցների խնդրանքով նա ոտքի ելավ ու երգեց իմ սովորեցրած երգր՝ «Աշուղի արիան» «Ալմաստ» օպերայից։ Երգեց այնպե՜ս սրտառուչ, այնպե՜ս թախծոտ...
Ես զգացի, որ նա այլևս իմ ներկայությունը չի զգում և Կիսլովոդսկում տարիներ առաջ թողած հովվին է հիշում, իր երգի սրտառուչ ելևէջներով նրա հետ է խոսում...

ՎԵՐՋ