ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Տաղտուկից ծեծված հաստափոր օրը,
Մի կերպ քարշ տալով պարարտ մարմինը,
Դանդաղ փոխվում է տխմար գիշերվա...
Եվ թեթևամիտ տիկին անդորրը՝
Ծերուկ գիշերվա անառակ կինը,
Խենթ պար է բռնում ուղեղիս վրա...

Իսկ ժամացույցի վայրկյան-սլաքը
Իր զիլ անունը սեղանին դաջող
Ծույլ ու անպիտան աշակերտի պես
Նյարդերիս վրա վերք է փորագրում,
Որ իր զարկերը հիշեմ մշտապես։

Բայց զարկերն, իրենց սև գործն անելով,
Քիչ-քիչ դառնում են օրորոցային,
Հոգնած ուղեղիս վերքը շոյելով
Ճանապարհում են նրան սրտագին...

Հետո աննկատ մարում են, լուծվում
Ծլվլոցի մեջ կենաց հավքերի,
Եվ գունատվում է Գիշերը դրսում,
Անձայն լացելով ավարտն իր դերի...
................................................................

Գիշերը փակեց աչքերը դժկամ...
Օրը զարթնել է... Սակայն ես... չկամ...