ivy-ի խոսքերից
10 րոպեի ոտքի ճանաարհը կես ժամում անցնելով՝ հասա բժշկի, հասա չէ, ինձ մի կերպ ներս գցեցի: Նստել եմ մոտը, զգում եմ, որ ինչ-որ անկապություններ եմ խոսում, բայց ոչ էլ հասկանում եմ, թե ինչ: Էս բժիշկը կլոր աչքերով վրաս է նայում ու թե.
-Կարո՞ղ եք ինձ ասել՝ էսօր ամսի քանիսն է: Որտե՞ղ եք հիմա գտնվում:
Երևի զառանցում էի դրանից առաջ: Հետո առանց պատասխանի սպասելու, ջերմաչափը ականջիս մեջ ճտացրեց՝ մոտ 40 աստիճան: Լիքը ջուր տվեց խմելու, մի քիչ ուշքի եկա: Ստուգեց-մուգեց, դեղեր նշանակեց:
Ասում է.
-Ո՞նց եք հասել էստեղ:
-Ոտքով, մոտիկ եմ ապրում:
Հարցրեց, թե մեկը չկա՞, որ ինձ էստեղից վերցնի, մենակ չգնամ: Ասեցի, որ չէ, կգնամ մենակ, դեռ ճանաարհին էլ պիտի դեղերն առնեմ:
Ճանապարհին ինչ դեղատուն մտա, բժշկի նշանակած անտիբիոտիկը չունեին, պիտի պատվիրեի, հաջոորդ առավոտյան վերցնեի: Բայց դե էդ գիշերը դեռ լուսացնել էր պետք:
Մի տեղ էլ մտա, մի շատ նուրբ, ջահել տղա էր աշխատողը: Նույնն էլ ինքն ասեց, որ հիմա չունեն, պատվիրել է պետք: Հետո էլ թե.
-Սպասեք, ես հիմա մի ուրիշ բան կփորձեմ:
Գնաց, եսիմ ուր զանգեց, հետ եկավ:
-Պայմանավորվեցի, որ պատվերը մի ժամից բերեն:
Ուրախացա, մտածեցի՝ լավ, մի տեղ կնստեմ, մինչև մի ժամն անցնի:
Բայց էս տղան ուրիշ բան առաջարկեց.
-Դուք հիմա գնացեք տուն, պատվերը մինչև բերեն, արդեն դեղատունը փակելու ժամը կլինի, կփակեմ ու դեղերը Ձեր տուն կբերեմ:
Ականջներիս չհավատացի:
-Ո՞նց, դեղերը իմ տուն կբերե՞ք:
Ասում է.
-Հա, հո Ձեզ էսօր առանց դեղ չեմ թողնելու կամ հո էս վիճակում չեք կանգնելու սպասեք:
Մի հատ էլ ջերմության դեղ տվեց ու տուն ճամփեց:
Հասցես դե դեղատոմսի վրա գրված էր, բայց հեչ հավատս չէր գալիս, որ էդպիսի բան հնարավոր է:
Իզուր էլ չէի հավատում, իսկականից բերեց: Փող էլ չվերցրեց դեղերի համար:
Շշմել էի լրիվ:
Էսպիսի բաները նենց են ջերմացնում: Որ մարդիկ կարող են ուղղակի շատ բարի լինել դիմացինի հանդեպ՝ առանց դրա համար որևէ հատուկ պատճառ ունենալու:
Էջանիշներ