StrangeLittleGirl-ի խոսքերից
Մտածեցի՝ Շինի վերջին օրագրային գրառմանը հենց օրագրումս էլ պատասխանեմ։
Իմ PhD-ի երեք տարիների ընթացքում ու բազմաթիվ տարբեր ոլորտների ու տարբեր երկրներում PhD անող ընկերներ ունենալու արդյունքում մի բանում եմ համոզվել: Ղեկավարները երկու տեսակի են լինում: Մի տեսակի ուսանողները միշտ վերջացնում են ու պաշտպանում՝ անկախ ամեն ինչից: Հազվադեպ ա լինում, որ կիսատ թողնեն, էն էլ լուրջ պատճառներ պիտի լինեն: Սովորաբար էս տեսակի ղեկավարները շատ զգուշությամբ են ընտրում իրենց ուսանողներին, ընտրելիս էլ արդեն կազմ ու պատրաստ գիտեն, թե ուսանողն ինչ է անելու: Կոպիտ ասած, պրոյեկտ ունեն, ու իրենց աշխատուժ է պետք, որ պրոյեկտն իրականացնի: PhD ուսանողն ամենալավ տարբերակն է. էժան, ակադեմիայում ոչ էնքան անկախ ու մոտիվացված, որ պիտի դիսերտացիա հանձնի վերջում:
Կա նաև ղեկավարների երկրորդ տեսակը, որոնց PhD ուսանողները եթե վերջացնում են, հրաշքով են վերջացնում: Էս տեսակը սովորաբար վերցնում է իր հետ PhD անել ցանկացող առաջին պատահածին կամ նույնիսկ իր դասավանդած մագիստրատուրայի ուսանողներին համոզում, որ իր մոտ PhD անեն: Չունենալով կոնկրետ ուղղվածություն՝ PhD ուսանողին մեծ ազատություն են տալիս թեմայի ընտրության հարցում, բայց հետո կանգնում են փաստի առաջ, որովհետև չեն կարողանում նորմալ ղեկավարել՝ թեմային չտիրապետելու պատճառով:
Իմ ղեկավարն այ էդ երկրորդ խմբից էր: Իր առաջին PhD ուսանողը մի տարի անց կիսատ թողեց: Ես երկրորդն էի. առաջինից չորս ամիս ուշ էի սկսել: Երբ առաջինը կիսատ թողեց, ղեկավարս պանիկայի մեջ ընկավ՝ վախենալով, որ ես էլ եմ կիսատ թողնելու: Ու եթե անկեղծ լինենք, բազմաթիվ են եղել պահերը, որ իսկականից ուզեցել եմ կիսատ թողնել: Ուղղակի որևէ բան կիսատ չթողնելու բնավորությունս ինձ փրկեց, որ մինչև վերջ ձգեմ: Իսկ ամենավատ էմոցիոնալ պահերին նույնիսկ ղեկավարիս ասել եմ, որ ուզում եմ թեզիցս ազատվեմ ու հանգիստ կյանքս շարունակեմ:
Ղեկավարիս հետ լեզու չգտնելու հիմնական պատճառն էն էր, որ ինքն իմ ոլորտում կոմպետենտ չէր: Ինքը տեսական լեզվաբան է, ես եկել էի հոգե- և նեյրոլեզվաբանության PhD անելու (հայտարարությունն էդպես էր տրված, առաջին օրվանից էլ իմ ամբողջ պլանը հենց էդ ոլորտում էր): Բայց ղեկավարս շատ շուտ գիտակցելով իր ոչ կոմպետենտությունն իմ ոլորտում՝ օգնելու փոխարեն սկսեց փորձել ինձ ներքաշել տեսական լեզվաբանության մեջ, չնայած ամեն անգամ շատ ուղիղ իր երեսին ասում էի, որ դա ինձ չի հետաքրքրում ու դրա համար չեմ եկել էստեղ PhD անելու:
Բայց ամենաահավորը Շինի ասած ֆիդբեքի պահն էր: Իմ թեզը պիտի չորս հոդվածից, ներածությունից ու ամփոփումից բաղկացած լիներ: Հատկապես երկրորդ հոդվածը գրելու ամբողջ պրոցեսը հսկայական տուրուդմփոց էր: Ղեկավարս ինչ-որ անորոշ քոմենթներ էր անում, որոնցից բան չէի հասկանում ու ներվայնանում էի։ Ասենք որ պատկերացնեք քոմենթի անորոշությունը, կարող ա մի ամբողջ պարբերություն նշված լինի ու կողքը բացականչական նշան դրված լինի։ Ու չեմ հասկանում՝ ինչ պիտի անեմ էդ պարբերության հետ։ Հետագայում պարզեցի, որ էդ բացականչական նշանն ինչ ասես չի նշանակում. սկսած նրանից, որ պարբերությունը լավն ա, վերջացրած նրանով, որ էդ պարբերության մեջ կա նախադասություն, որտեղ մի բառ բաց եմ թողել։ Մի անգամ ղեկավարիս ասեցի՝ եթե ֆիդբեք ես տալիս, կոնկրետացրու, էս անորոշ քոմենթներից բան չեմ հասկանում։
Իսկական տուրուդմփոցն էդ կոնկրետացումից հետո սկսվեց։ Չնայած տեսական լեզվաբանությունն ու հոգե- և նեյրոլեզվաբանությունն իրար նման են հնչում, բայց մեկը հումանիտար գիտությունների կանոններին է հետևում, մյուսը՝ հասարակագիտական։ Մեր ոլորտում հոդվածները խստորեն հետևում են IMRAD կառուցվածքին, պիտի լինեն լակոնիկ, առանց սարուձոր ընկնելու: Իսկ տեսական լեզվաբանները կարող են ընտրել իրենց ուզած կառուցվածքը ու գրել էնքան, ինչքան ուզում են: Կոպիտ ասած, ղեկավարս իմ ոլորտում հոդված գրել չգիտի: Ու երբ գալիս էր ֆիդբեքը, ասենք առաջարկում էր ներածությունում արդյունքները գրել, արդյունքներում՝ քննարկում և այլն: Ընդ որում, երբ հրաժարվում էին ենթարկվելուց, ասում էր՝ բա որ ամսագիրը մերժի: Ահագին ուժեղ հոգեբանական ճնշում էր. ղեկավարս կոպիտ ասած ասում էր՝ եթե մերժվի, ուրեմն դու ես մեղավոր: Իսկ PhD ուսանողին վերջին բանը, որ պետք ա լսել, «դու վատն ես», «դու խելացի չես», «դու արժանի չես», «դու մեղավոր ես» տիպի արտահայտություններն են. առանց էդ էլ առավոտից իրիկուն էս մտքերը գլխումդ պտտվում են: Եթե մեկը դրսից էլ դա ասում է, ոնց որ աշխարհի վերջը լինի:
Հոդվածը, բարեբախտաբար, չմերժվեց: Ու ամենալավն էն էր, որ էն տեղերում, որտեղ ղեկավարիս ենթարկվել էի, ղեկավարները քննադատել էին ու առաջարկել փոփոխություններ, որոնք ղեկավարս չէր ուզում:
Բայց PhD-ս վերջացնելիս մի ուրիշ խնդրի բախվեցի: Օրագրումս կիսատ-պռատ գրել եմ դրա մասին: Վերջին էքսպերիմենտիս համար լրացուցիչ տվյալներ էին պետք, ինչը համաձայնեցի անել թեզս հանձնելուց հետո, բայց ղեկավարս ասել էր՝ պիտի անվճար աշխատես: Սկզբում համաձայնեցի, հետո նստեցի, գցեցի-բռնեցի ու մտածեցի, որ անարդար վերաբերմունք է իմ նկատմամբ: Նստեցի ղեկավարիս հետ, ինչքան հարց կար, տվեցի, ինչ կուտակվել էր ներսումս, ասեցի: Հարցրի՝ ինչո՞վ եմ վատը, որ գրեթե բոլոր PhD ուսանողներին երկարացնում են, ինձ՝ չէ: Ասաց, որ լավ պրակտիկա չի երկարացնելը: Ասեցի՝ բայց գործ կա, թեզս էլ ժամանակին հանձնում եմ, տես՝ քանի հոգի ա ժամանակին հանձնում: Ասեցի՝ եթե իմ տեղն ուրիշը լիներ, հաստատ ժամանակին չէր հանձնի. էսքան տեխնիկական թերություն ու ադմինիստրատիվ խնդիրների միջով որ ես եմ անցել, ոչ մի տեղացի ուսանող չի անցել: Ո՞ր մի դանիացի ուսանողը շաբաթը յոթ օր լաբում կաշխատեր, ինչ ա թե հասցնի: Ղեկավարս էլ թե՝ հա, ես միշտ զարմացել ու հիացել եմ քեզնով, և այլն, և այլն:
Իհարկե, վերջում ուղղակի ստիպեցի ղեկավարիս ու ամբիոնին ինձ վարձատրել կատարածս աշխատանքի համար (էստեղ չենք ասում, որ երկու ամիս առանց պայմանագրի եմ աշխատել, ու աշխատավարձս էլ երկու ամիս ուշացել ա. սա առանձին պատմություն ա, առիթի դեպքում կպատմեմ): Բայց փաստորեն մենակ էդ երեք ամիսն էր: Էս ամսվա վերջին պայմանագիրս լրանում է, ու ինձ ամբիոնը հաջող է անում: Մնացած բոլոր PhD ուսանողները դասավանդելու ժամեր ունեն: Մեր գիտական թիմի մնացած անդամներն ավելի երկար պայմանագրեր ունեն:
Ես կարող եմ նստել ու մտածել՝ էնքան վատն եմ, որ ինձ չեն երկարացնում: Չարախնդացողներն էլ կասեն, թե՝ էդ ես էլի, էնքան վատն ես, որ չեն երկարաձգում պայմանագիրը: Բայց ախր ինքս լավ գիտեմ իմ աշխատանքի արժեքը: Ուղղակի ամբիոնն իր առաջնահերթություններն ունի, իսկ դրա մեջ չի մտնում օտարերկրացուն ժամանակավոր աշխատանք առաջարկելը: Ու ընդհանրապես վերջերս ղեկավարիս ու հիվանդանոցի պրոյեկտի ղեկավարիս հետ հանդիպել էի: Վերջինս ինձ ահագին գովեց ու ասեց, որ ուզում է շարունակել համագործակցել: Ես էլ ոգևորվեցի, սկսեցի մտածել պոստդոկ պրոյեկտի մասին, որ գրանտ գրեմ:
Հիմա մտածում եմ՝ կարող եմ նստել ու դարդոտել, որ իմ սերնդի PhD անողներից մենակ ես էս բախտին արժանացա. կռվով-դավով երեք ամսով կեսդրույքով պայմանագիր: Ուրեմն պիտի ահավոր վատը լինեմ: Բայց չէ, գրողը տանի: Ես գործազուրկ չեմ մնում: Ֆինլանդիայից ինձ գրել էին ու գործ առաջարկել, առանց մրցույթ անցկացնելու էլ գործի ընդունել: Սեպտեմբերից մեկի փոխարեն հինգ առարկա եմ դասավանդելու: Ու հիմա էդպես էլ անում եմ. պաշտպանությունիցս հետո էս ամբիոնից հնարավորինս հեռու: Կսկսեմ գրանտներ գրել, բայց ղեկավարս պիտի խնդրի, որ իր հետ աշխատեմ:
Էջանիշներ