Էսօր վերջին տասը տարվա մեջ առաջին անգամ Վարդավառի օրը ջրվել եմ։ Եվ վերջին երևի 15 տարվա մեջ առաջին անգամ ոչ միայն ջրվել եմ, այլև ինքս մասնակցել եմ ջրոցիին։ Սա նաև Արեգի առաջին ջրոցին էր, ու տղուկս ահագին ոգևորված ու տպավորված էր։ Ճիշտն ասած՝ ջրվել էնքան էլ չեմ սիրում (ընդհանրապես հագուստով թրջված լինելու զգացողությունից դիսկոմֆորտ եմ զգում սովորաբար), իսկ վերջին անգամ ջրվելս խիստ տհաճ հուշեր է թողել մեջս,
բայց էսօր ինքնակամ մասնակցելով Թումոյի ջրոցիին՝ ինչ–որ առումով կարծես ջնջեցի էդ տհաճ հուշը։ Հավես էր շատ, ու ոչ միայն հենց իմ ջրել–ջրվելն էր հավես, այլև ընդհանուր էդ մթնոլորտն էի վայելում, էդ զուտ հայկական, յուրահատուկ կոլորիտային տեսարանը, որ հետաքրքիր ձևով կարծես միավորում ու ամբողջացնում է մի մեծ խումբ հայերի։ Ուրիշ ի՞նչ իրավիճակում կարող էին էդքան մարդ միայն ժպիտներ ու ծիծաղներ փոխանակել։ Ճիշտ է, վերջում, երբ արդեն համապատասխան հատվածում նստած՝ չորանում էինք, որ գնայինք տուն, իրավիճակը մի քիչ հարամեց մեկը՝ արդեն համարյա լրիվ չորանալուցս հետո ինձ մի դույլ ջրով լողացնելով (էդ տարածքում մարդիկ չորանում էին, ու չորացողներին չէին ջրում հիմնականում, բայց պարբերաբար հայտնվում էին չարաճճիներ, ովքեր հետևից թաքուն ջրում էին չորացողներին), մի քիչ ջղայնացա, բայց շատ ծանր չտարա։ Դրական մթնոլորտն ամեն դեպքում գերակշռող էր։
Մեկ էլ էսօր առաջին անգամ ջրոցիի ժամանակ Ակումբի Enna Adoly–ին (Նանեին) եմ տեսել։ Յուրօրինակ հանդիպում ստացվեց. ջրոցիի խառնաշփոթի մեջ մեկ էլ հանկարծակի իրար «բախվեցինք»՝ երկուսս էլ թրջված մկան տեսքով, բայց լավ տրամադրությամբ։ Երկուսս էլ միանգամից իրար ճանաչեցինք։ Հավես էր

։ Ի դեպ, Էննան իմ պատկերացրածի նման էր՝ սիրուն, կանացի ու շատ բնական։ Ափսոս, իրավիճակից ելնելով՝ կարգին շփվել չհաջողվեց։
Էջանիշներ