•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Ո՞վ է այս դավադրության հեղինակը, «զուգընկերս ո՞րն է, կենդանաբանական այգի՞ են դարձնում մեր երկիրը…»
20:33 / 20.04.2015
Հանդես գալով «Ազդակ» ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, հասակակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանն ասաց, որ ինքը ծանոթ է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծին, և խորհուրդ տվեց նրանց, ովքեր դրան դեռ ծանոթ չեն, ծանոթանալ…
«Ինձ ուղղակի ապշեցրեց, թե ինչպես է ձևակերպվում ընտանիքն այդ նախագծում,- ասաց Կարինե Դանիելյանը:- Փաստորեն ընտանիքի միակ ցուցանիշը սեռական կապն է, ուրիշ որևէ բան ես չգտա»:
Մասնավորապես, ըստ հիշյալ խայտառակ օրենքի նախագծի, ընտանիք է համարվում նաև զուգընկեր հանդիսացող, սակայն գրանցված կամ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ չգտնվող անձինք, այդ թվում` եթե միմյանց հետ համատեղ չեն բնակվում: Նշված ՀԿ-ի ղեկավարի հավաստմամբ, ոչ մի տեղ չի գրված կին և տղամարդ, ինչպես ՀՀ Սահմանադրության մեջ: Այսինքն` վերոնշյալ օրենքի ընդունման պարագայում վաղը երկու տղամարդ կամ երկու կին զուգընկերները նույնպես (այդ թվում նույնիսկ` համատեղ չբնակվող) օրենսդրորեն համարվելու են ընտանիք: Ընտանիքի անդամ են համարվելու նաև ամուսիններից, զուգընկերներից յուրաքանչյուրի ծնողները, որդեգրողները, զավակները և այլն, և այլն, ամուսիններից, զուգընկերներից մեկի հետ ազգակցական այլ կապի մեջ գտնվող և նրանց հետ համատեղ բնակվող անձինք: Նկատի ունենալով հիշյալ նախագծում «ընտանիք» հասկացության ձևակերպումը, Կարինե Դանիելյանն ասաց.
«Այսինքն` «ընտանիք» հասկացությունը բացարձակ տարբերվում է այն ավանդական ընտանիք հասկացությունից, որ մենք ունենք»:
Մինչդեռ, ինչպես բանախոսը նշեց, խոսում ենք մեր երեխաների հայեցի զարգացման, դաստիարակության մասին: Ըստ հիշյալ օրենքի նախագծի, եթե վերը նշված բոլոր անձանցից որևէ մեկն այդ ընտանիքում եղած երեխային ինչ-որ կերպ` հոգեբանորեն, ֆիզիկապես և այլն, վնասում է, ապա հատուկ ծառայություններն իրավունք ունեն երեխային այդ ընտանիքից փաստորեն մեկուսացնել:
Ի՞նչ է ստացվում… Եթե, օրինակ, պապիկը բարկացել, գոռգոռացել է թոռնիկի վրա, վերջինս էլ զանգահարել է հեռուստատեսությամբ հաճախակի հաղորդվող և իրեն հայտնի դարձած հեռախոսահամարով, կարող են գալ, դա հոգեբանական բռնություն համարել և երեխային տանել, այսինքն` խլել ընտանիքից: Արևմուտքում արդեն այդպիսի բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Մեր ազգի դեմ դավադրություն իրականացնողների մշակած կամ ցնկած այդ նախագծի` օրենքի վերածվելու պարագայում, մեզ կմնա միայն կողմնորոշվել` կամ ընտանիքում բնակվող, թոռնիկի չարության համար նրա վրա մեկ-մեկ բարկացող մեր ծնողներին տանել ծերանոց, որպեսզի կանխենք մեր երեխայի կորուստը, կամ կորցնել երեխային, որին հատուկ ծառայությունը կտանի հատուկ ապաստան բնակության, որտեղից էլ ինչ-որ մեկը, հնարավոր է նաև` միասեռականների «ընտանիքը», կարող է նրան որդեգրել:
«Սա, իմ կարծիքով, մեր կարծիքով, ուղղակի ազգային անվտանգության խնդիր է»,- ասաց Կարինե Դանիելյանը և հավելեց, որ ընտանիքի շնորհիվ է, եկեղեցու հետ միասին, որ մենք այսօր կանք որպես ազգ, մինչդեռ հիմա փորձ է արվում ամենալուրջ հարվածը հասցնել հայ ընտանիքին:
Մամուլի ակումբի մյուս հյուրը` գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը, տարակուսած է և իր խոսքը սկսեց հռետորական հարցով.
«Նախ, այս ի՞նչ կենդանաբանական տերմինաբանություն է, զուգընկերը ո՞րն է… Ես ժամանակին շուն եմ պահել և իմ այդ շան համար զուգընկեր եմ փնտրել, հայտարարություն եմ տվել: Ու գտել եմ: Ճիշտն ասած, իրենց հանդիպման ժամանակ հետևում էի, որ փիսիկներին ուշադրություն չդարձնեն, իրարից չփախնեն, որովհետև ընդամենը զուգընկեր էին, ընդամենը կենդանի էին, իրենց շատ հեշտ է ապակողմնորոշելը: Ես հասկանում եմ` կա ընկեր, կա փեսացու, կա ամուսին, բայց զուգընկերս ո՞րն է, կենդանաբանական այգի՞ են դարձնում մեր երկիրը, այս ի՞նչ խայտառակություն է…»:
Այս խայտառակ օրենքի նախագծի դավադիր հեղինակը, ըստ հրապարակախոսի, ՀՀ ոստիկանությունից է, և այդ քայլին է գնացել, որպեսզի պղծի մեր ավանդական համակարգը, ինչին, սակայն, նրա կարծիքով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տեղյակ չէ, նախագիծը ներկայացվել է առանց նրան իրազեկելու: Լիա Ավետիսյանի համոզմամբ, ոստիկանապետը լինելով կարգին հայ և բազմազավակ հայր, այդպիսի բան չէր անի:
«Մենք ցեղասպանված ժողովուրդ ենք, հիմա բոլորն այդ անմոռուկը դոշերին կպցրել, ման են գալիս, իսկ սա ի՞նչ է, սա իրական եղեռնագործության միտում է,- ասաց Լիա Ավետիսյանը:- Մենք պետք է շատ զգույշ լինենք և շատ միահամուռ ազգովի, որպեսզի այս խայտառակությունը վերջնական չքանդի մեր ազգը: Մենք ամեն ինչ կանենք` թե տարեց կանայք, թե ջահել, թե տղամարդիկ, թե պապիկները, որպեսզի սա հանկարծ օրենքի ուժ չստանա… Դուք շատ լավ գիտեք Լոուրենս Արաբացու տված հարցազրույցը 1919 թվականին, որտեղ նա ասում է, որ այդ գործը (Հայոց ցեղասպանությունը.- Nyut.am) առաջինը չէր և վերջինը չի լինելու, հայի վերջը պետք է տալ… Այ սա այդ ծրագրի մի մասն է: Ոչ մի դեպքում պետք չէ թույլ տալ, որ դա ընդունվի»:
Արթուր Հովհաննիսյան
Էջանիշներ