ԳՆԵՐԻ ՊՈՒԼՍԸ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է

Պետք չէ անակնկալի գալ, երբ վաղը խանութ մտնելիս` հայտնաբերեք, որ հացի գինը թանկացել է: «Մեզ հաց մատակարարողները այսօր զգուշացրեցին, որ վաղվանից 10 դրամ ավելի թանկ է լինելու հացը: Սակայն բուլկեղենի գնի մեջ դեռ ակնհայտ փոփոխություն չկա»,- «Ա1+»-ին ասել է Բուզանդի փողոցի մթերային խանութներից մեկի վաճառողուհին: Նույնը հաստատել են նաեւ այլ խանութներում: Ի դեպ, արդեն թանկացել է հեղուկ գազը, ալյուրը եւ այլ մթերքներ: Սպառողական գների բարձրացումը ուղղակի հետեւանք է ընտրությունների:

«Կապը միանշանակ է», երեկ հայտնեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Բացատրությունը մեկն է. պաստառների, գովազդի ու ընտրական այլ ծախսերը վերադարձվում են այս եղանակով: Արմեն Պողոսյանը չի ընդունում այն տեսակետը, թե ՀՀ-ում գնաճ չի գրանցվել, այլ գնանկում: «Ջրի գինը մի քանի անգամ բարձրացավ: Չունենք տրամվայ, տրոլեյբուս, կա 100 դրամանոց փոխադրամիջոց: Բանջարեղենի, հացի գինը աճում է եւ էլի կաճի: Բոլոր ապրանքատեսակների պուլսը չենք կարող պահել», ասում է նա:

Արմեն Պողոսյանը ցավով է արձանագրում, որ Հայաստանի միջին եկամուտ ունեցող քաղաքացին բնակարան կամ ավտոմեքենա գնում է կյանքում լավագույն դեպքում ընդամենը մեկ անգամ: Թեեւ մարդը կարիք ունի նաեւ հոգեւոր սննդի, սակայն հայաստանցիների մեծ մասի ընտանեկան բյուջեի 46 տոկոսը ծախսվում է սննդի վրա: Մյուս մասը չի բավարարում անգամ կոմունալ ծախսերը մարելուն:

Ի դեպ, դոլար-դրամ արտարժութային փոխհարաբերություններին անդրադառնալով` Արմեն Պողոսյանը նշել է. «Համաշխարհային երեւույթ է, պարզապես մեզ մոտ ավելի թռիչքաձեւ է: Բայց մեր պես փոքր երկրում միջոցներ ունեցող մարդիկ են այդ անում, երբ որ պետք է՝ բարձրացնում են, իսկ երբ պետք չի` ցածրացնում»

http://www.chi.am