Նայել RSS հոսքը

HARD - AYIN

Ոճրագործը...

Գնահատել այս գրառումը
...և մի անգամ, այն բազմաթիվ անգամներից հետո, կրկին կգա մի օր, որում ես նրա հետ կանցկացնեմ հրաշալի ժամանակ: Այդ պահին ես այնքան երջանիկ կլինեմ, որ կզգամ, թե ինչպես չեմ կարողանում զգալ երջանկության չափը... կզգամ, որ ես այնքան սահմանափակ եմ, որ իմ մեջ դա չի տեղավորվում ոչ մի կերպ: Ու դրա հետ մեկտեղ կանցնեն ակնթարթները երջանկության, և կավարտվի այդ օրը, որին կհետևեն մի քանի օրեր, որոնցում ես կսնվեմ, կապրեմ այն պահերով ու դեռ յոթերորդ երկնքում կսավառնեմ...
Դրան կհետևի հաջորդ փուլն օրերի, երբ կսկսեմ վերլուծել ամեն միտքն ասված, ամեն շարժումն արված, ամեն շունչը շնչած, ամեն վայրկյանն ապրած ու կսկսեմ կարոտել այդ պահերը...
Եվ վերջին օրերին կաթիլ առ կաթիլ... կսկսվեն տառապանքի օրերը... նախորդ օրերին վերլուծածներս կժողովվեն մտքերիս կծիկում ու կսկսվի հիվանդագին վերլուծության ժամանակը, երբ արդեն ցանկացած լավ բան վերլուծել ես, մնացել են վատերը... իսկ երբ վատերի մասին շատ ես մտածում, ակամայից լավերն էլ են աչքիդ մթնում: Այդ ժամանակ ես ինքնաբերաբար կսկսեմ մեղադրել նրան որ ամեն բան այդպես ստացվեց, կմեղադրեմ, որ ես այսօր շատ վատ եմ ինձ զգում ու թույլ, կմեղադրեմ նաև նրա համար, որ այն օրը եղավ... մեղադրանքը կամաց - կամաց կվերածվի հիվանդագին մոլեգնության, երբ ես ոչ թե նրան կմեղադրեմ, այլ կսկսեմ ատել նրան, որ իմ թևերը կտրեց, իսկ մինչ այդ ես ճախրող արծիվ էի... կմեղադրեմ նրա համար, որ այսքան ժամանակ ինձ չի հիշել ու չի զանգել:
Կգա նրան տեսնելու օրը... ես չարացած կհավաքեմ մտքերս հոգուս կենտրոնում, պատրաստ ամեն վայրկյան դրանցով նրան ռմբակոծելու և նա հանկարծ անսպասելի չգիտես որտեղից ինձ ընդհառաջ դուրս կգա... անմեղ կբարևի պարզ ժպիտով, ու կասի, որ շատ էր կարոտել... ու հոգուս մեջ իմ առջև ծառացած ծանր Ոճրագործը մի վայրկյանում կփշրի իմ մի քանի օրվա բոլոր մտքերն ու վերլուծությունները, կբուժի վերջին օրերին առաջացած վերքերն ու նորից ինձ կյանք կվերադարձնի... ու ամեն բան նորից կկրկնվի...

...և մի անգամ, այն բազմաթիվ անգամներից հետո, կրկին կգա մի օր, որում ես նրա հետ կանցկացնեմ հրաշալի ժամանակ...

Ուղարկել «Ոճրագործը..."» Digg-ին Ուղարկել «Ոճրագործը..."» del.icio.us-ին Ուղարկել «Ոճրագործը..."» StumbleUpon-ին Ուղարկել «Ոճրագործը..."» Google-ին

Թարմացել է 09.09.2010, 20:41 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն