Մի մոռացված հանդիպում "Ռեդ բուլում"
Ես այս պատմությունը վաղուց մոռացել էի, թաքցրել գլխուղեղիս ամենախորը ծալքերից մեկում: Չիմացա, թե ինչ պատահեց, որ հանկարծ հիշեցի: Հին օրագիր կարդալը բացառվում է, որովհետև որոշ մանրամասներ մտքիս մեջ վերականգնելուց հետո վազեցի լքված տետրերիս մոտ, մի քանի անգամ թերթեցի դրանք, բայց ոչինչ չգտա՝ այդպես էլ չհասկանալով. ես դրա մասին ոչինչ չե՞մ գրել, թե՞ գրել եմ, բայց մոռացել եմ:
Չեմ հիշում անգամ, թե մոտավորապես երբ է եղել: Վերջին չորս տարվա մեջ դժվար լիներ, որովհետև ես վաղուց "Ռեդ բուլ" չեմ գնում: Գուցե առաջին կուրս էի այն ժամանակ, գուցե ավելի փոքր, բայց կոնկրետ ժամանակների մասին ոչինչ չեմ կարող ասել. որքան մեծանում եմ, այնքան անցյալը կորցնում է իր տարբեր շերտերը, դառնում մի հոծ զանգված ու կրում միայն մի տխուր անուն. "եղել է": Բայց հավանաբար դա այն օրերին էր, երբ դեռ ժամանակ էի գտնում մի կուշտ մեն-մենակ թափառելու, "Յամ" գնալու և ժամերով գրելու համար: Այն ժամանակներն էին, երբ օրագիրս ինձնից անբաժան էր, և կարող էի դասի ժամանակ կամ նույնիսկ փողոցում բացել ու խզբզել:
Մի խոսքով, "Ռեդ բուլում" էի: Չեմ հիշում՝ Էլոյանչիկե՞նց էի սպասում, թե՞ իմ՝ մենակ շրջելու հերթական օրերից էր: Ինչևէ, դա այնքան էլ կարևոր չէ: Կարևորը՝ ինձ հետ ոչ ոք չկար, և ես բացել էի օրագիրս ու ինչ-որ բան էի գրում: Մեկ էլ մի աղջիկ մոտեցավ.
- Դու գրո՞ղ ես:
- Հա,- պատասխանեցի, որովհետև նախկինում նման դեպքերում բացասական պատասխանին հետևում էր հաջորդ հարցը՝ իսկ ի՞նչ ես գրում: Ու երբ ասում էի, թե ընդամենը օրագիր է, դրան հետևում էր երկարատև խոհափիլիսոփայական զրույց օրագիր պահողների մասին, և դա ոչ միշտ էր հաճելի լինում. ես ինձ նվաստացած ու չհասկացված էի զգում, ինչպես հաճախ լինում է, երբ անծանոթները քիթները խոթում են քո կյանքի ամենաթանկ անկյունները, այն էլ՝ առանց քո ցանկության:
Կարծեցի, թե այդքանով կավարտվի խոսակցությունը, բայց չէ...
- Ես էլ,- ասաց,- դու բանաստեղծություննե՞ր ես գրում:
- Չէ, արձակ,- պատասխանեցի, չնայած այդ ժամանակներում ձևի համար ոչ մի խելքին մոտ ստեղծագործություն չունեի. իմ եղած-չեղածը բազմաթիվ հաստափոր օրագրերն էին:
- Դա ավելի դժվար է... Մի օր միմյանց անունները կլսենք:
Կարծեմ անունս էլ հարցրեց, ես էլ՝ նրանը: Բայց սպանեք, հիմա չեմ հիշի: Ու չգիտեմ ինչու, տպավորվել էր, որ ռուսախոս է: Գուցե ռուսերեն էլ խոսում էր հետս: Չգիտեմ:
Դրանից հետո այնքան ուժեղ մոռացվեց այս պատմությունը, որ չհասցրի նույնիսկ որևէ մեկի հետ կիսել: Իսկ օրագրերս դրա մասին համառորեն լռում են: Տեսնես՝ որտե՞ղ է այդ աղջիկը, ի՞նչ է անում: Գուցե արդեն հայտնի գրող է կամ գոնե հանդիպել եմ նրա ստեղծագործություններին: Չի բացառվում նույնիսկ, որ հետագայում նորից ենք ծանոթացել՝ բոլորովին մոռացած լինելով մեր առաջին հանդիպումը: Գուցե այս բազմաթիվ բլոգերներից մեկն էլ նա է, և ես մտել եմ նրա մոտ որպես հյուր: Գուցե նույնիսկ քոմենթ եմ թողել: Կամ էլ նա եղել է այս կողմերում, կարդացել, լռել. մտքով չի անցել, որ տարիներ առաջ հանդիպել ենք:
Բայց ինչու՞ հիշեցի այս պատմությունը: