Մտքովս անցավ, ես էլ...
Հրաշք մեկ օր առանց կոմպի
Վաղուց շատ վաղուց նա չէր եղել բնության գրկում, իր սիրելի տունն էր, իր սիրելի սենյակը ու այն իրը առանց որի յոլա գնալ անհնար է: Բայց զարմանալին այն էր, որ ամբողջ օրը չզբաղվելով ոչ մի ֆիզիկական կամ մտավոր լուրջ բաներով, նա անչափ հոգնում էր օրվա վերջում և իրեն հազիվ նետում էր անկողին, իսկ հաջորդ օրը սկսում էր ինչպես միշտ՝ համակարգչից: Համակարգիչը կարող է փոխարինել ամեն ինչ՝ հեռախոս, հանդիպումներ, գիրք, ռադիո, հեռուստացույց, թերթ կամ ամսագիր: Հարմար, արագ և մատչելի, իհարկե առանց ինտերնետի անհնար է, բայց մեր օրերում դա նաև Նրա համար դժվարություն չէր ներկայացնում:
Ընկերներից մեկը դեռ վաղուց նրան հրավիրում էր մի տեղ, որը քաղաքում չէր, այսինքն հեռու էր իր սիրելի բնակարանից, և թեկուզ լապտոպով, ինտերնետի հնարավորություն չկար:
Մտածեց մտածեց Նա և որոշեց այս հանգստյան օրերին ընդունել նրա առաջարկը, թեկուզ այն իր մեջ պարունակում էր անձնական հարաբերությունների մտերմացման որոշ բնույթ:
Զարմանալի հիանալի օր էր, նախ հրավիրող կողմից չկար ոտնձգություններ, իսկ երկրորդ բնությունը այնքան հրաշալի էր ու գեղեցիկ, այնքան կանաչ, ի դեպ կանաչը նրա սիրելի գույնն է, իսկ մի տեսարան Նա երբեք չի մոռանա.
կանաչ-կանաչ դաշտ սարի լանջին, բազում փոքրիկ խուճուճ դեղին ծաղիկներ, իսկ կարմիր վայրի կակաչները այս ու այնտեղից համեստորեն ծիկրակում էին ու աչքով տալիս, այդ դեղնականաչավուն, չէ կներեք կանաչադեղնավուն դաշտին պարգևելով մի յուրօրինակ հմայք, իսկ մեջտեղում մի ջահել, ուժը և ինչու չէ, նաև գեղեցկությունը տեղը ցուլ էր կանգնած: Հպարտ ինչպես ոչինչ և ոչ ոք այս աշխարհում՝ նա այդ բնության անբաժանելի մասնիկն էր, այնքան խոսուն և այնքան ներդաշնակ, որ պատկերը մեխի պես մեխվեց Նրա հիշողության մեջ:
Իսկ օրվա վերջում կարծես թե պիտի երկար քայլքից և կիսասոված ու կիսածարավ մեկ օրից հետո հոգնաց և ջարդոտված լիներ, բայց ոչ, Նրա աչքերը փայլում էին, նա գոհ էր ու երջանիկ, թեև ոչինչ չէր փոխվել Նրա կյանքում: Թեև վաղը նորից ամեն ինչ պիտի սկսվեր համակարգչից…