Նայել RSS հոսքը

Monk

Մենախոսություն

Գնահատական. 3 ձայն, 5.00 ընդհանուր:
Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
Մեկ օր ազատագրված տարածքներում


Նախանցած շաբաթ Արցախի ազատագրված հարավային շրջաններում էի: Պարգև Սրբազանի և թեմի երկու այլ հոգևորականների հետ գնացինք Արցախի հարավային սահմանները պաշտպանող զորքերին տեսության: Եղանք հիմնականում Կովսականի և Քաշունիքի շրջաններում: Տպավորություններն այնքան վառ էին ու անմոռաց, որ կցանկանայի մի երկու խոսքով կիսվել: Կես ճանապարհից մեզ դիմավորեց ակադեմիկոս Ալեքսանդր Ղազարյանն իր ուղեկիցների հետ և առաջնորդեց մինչև սահմանապահ զորամաս: Զորմասում ջերմ ընդունելություն էր սպասվում. նախ հանդիպում սպայական անձնակազմի հետ, այնուհետև ողջ զորքի: Հատուկ օրհնության կարգ կատարեցինք, որից հետո քաջալերանքի ու գնահատանքի խոսքով Սրբազանը դիմեց զորքին: Այնուհետև եղանք սահմանապահ տարբեր ուղեկալներում: Բավականին հետաքրքիր էր գիտակցել, որ գտնվում էի ոչ միայն Արցախի, այլ նաև նախկին ԽՍՀՄ սահմանի վրա: Արաքսի մյուսը ափը Պարսկաստանն էր. տպավորություն էր, որ հանգիստ կարելի է մի պետությունից մյուսը քար նետել:
Սահմանի մի հատվածի վրա ուղղակի չքնաղ տեսարան էր բացվում. Արաքսի վրա մի հսկա ջրամբար է կառուցվում, որի մեջ Արաքսից բացի երկու այլ մեծ գետեր էին թափվում: Դեռևս ամբողջովին չլցված ջրամբարը լեռնայիկ անչափ սիրունիկ մի լիճ էր, իսկ լցվելուց հետո պատկերացնում եմ ինչ մեծություն և ֆանտաստիկ գեղեցկություն է ունենալու: Իջանք Արաքսի ափ. կոշիկներս հանել, մտել էի գետը, իսկ մտքիս մեջ անընդհատ պտտվում էր Պատկանյանի ստեղծագործությունը:
Արաքսի ափին հաց ուտելուց հետո շարունակեցինք շրջագայությունը ազատագրված Հայրենիքով: Եղանք Աղաձոր գյուղում. գյուղապետը՝ Մինաս Մինասյանը, որ մինչ այդ մեր ուղեկիցներից էր, դարձավ մեր հյուրընկալը: Հիշում եմ, մինչև գյուղապետի տուն գնալը մեր ուղեկից զինվորականներն անընդհատ «Ջրաշխարհ» էին կոչում այն տեղը, ուր գնալու էինք: Տեղ հասնելուց հետո իմացանք վերջապես անվանման պատճառը. գյուղապետի տան բակում անհավատալի սառնությամբ ու անուշահամությամբ աղբյուր էր, որից վայրը ստացել էր իր անունը; Բավականին սրտաբաց ու հյուրընկալ ընտանիք ուներ Մինաս Մինասյանը` կինն ու երկու դուստրերը: Սեղանի շուրջ գյուղապետը մեր միջոցով հարց ուղղեց մեր իշխանություններին ու ժողովրդին. «Դուք տեսնում եք, թե ինչքան գեղեցիկ և հարուստ հնարավորություններով երկիր է: Ինչու՞ մինչև հիմա մեր իշխանությունները համակարգված քայլեր չեն ձեռնարկում բնակեցնելու այս հողերը: Ինչու՞ մեր ժողովուրդը չի գալիս և բնակվում այստեղ: Այս հողերը ոչնչով չեն զիջում Արարատյան դաշտի հողերին»: Պիտի ասեմ, որ ոչ միայն չեն զիջում, այլ թերևս շատ ավելի հարուստ հնարավորություններ են ընձեռում: Ես դեռևս Հայաստանում ոչ մի տեղ այդքան ջրառատ հողատարածքներ չէի տեսել: Պարզապես անհամամեմատելի են հողագործության, անասնապահության և ձկնաարդյունաբերության համար նպաստավոր իրենց հսկայական հնարավորություններով: Էլ չեմ խոսում ֆանտաստիկ գեղեցկությամբ բնության մասին: Ես առաջարկեցի գյուղապետի դուստրերին բլոգ բացել: Հուսամ խորհուրդս կլսեն: Եթե անգամ ոչինչ չգրեն, միայն լուսանկարները բավարար են, որպեսզի շատ շատերը պատկերացում կազմեն այդքան հաճախ հիշատակվող ազատագրված տարածքների մասին, որոնց անունն են միայն լսել մամուլում հնչող քննարկումներից, այն էլ տխրահռչակ «փոխզիջումների» կոնտեքստում:
Երբ արդեն վերադառնում էինք, նայում էի իրար հաջորդող չքնաղ տեսարաններին, իսկ հոգուս վրա ծանրացած էր վերոնշյալ փոխզիջումների շուրջ եղած խոսակցությունները: Ես չեմ ուզում ոչ մտնել քաղաքական շահարկումների ճահիճը, ոչ էլ կեղծ հայրենասիրական կոչերով էժան դիվիդենտներ շահել: Բայց ի վերջո ի՞նչը զիջել, գրողը տանի, մեր Հայրենի՞քը, մեր զոհերի արյու՞նը: Ինչի՞ դիմաց, որ ավելի լավ ապրե՞նք, թե որ մեզ էլ չսպառնան վերացնել: Քի՞չ ենք զիջել, ի՞նչ ենք ստացել դրա դիմաց: Միշտ նույն կոտրած տաշտակը` ավելի ջարդրդված վիճակում: Ինչքան զիջել ենք, այնքան ավելին են պահանջել: Իսկ սա կարող է լինել մեր վերջին զիջումը, դրանից հետո արդեն մենք «զիջվենք», կամ, ինչպես կասեր պատերազմի մեր հանճարը, «շրջենք մեր պատմության վերջին էջը»: Չէի ցանկանա ավելի ծավալվել, մնում է միայն հուսալ և աղոթել, որ Աստված մեզ այնքան խելք կտա, որ մի բանի արժեքը չզգանք միայն այն կորցնելուց հետո: Մանավանդ որ դա կարող է լինել մեր վերջին կորուստը:

Ուղարկել «Մենախոսություն"» Digg-ին Ուղարկել «Մենախոսություն"» del.icio.us-ին Ուղարկել «Մենախոսություն"» StumbleUpon-ին Ուղարկել «Մենախոսություն"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Անտիգոնե-ի ավատար
    Քի՞չ ենք զիջել, ի՞նչ ենք ստացել դրա դիմաց: Միշտ նույն կոտրած տաշտակը` ավելի ջարդրդված վիճակում: Ինչքան զիջել ենք, այնքան ավելին են պահանջել: Իսկ սա կարող է լինել մեր վերջին զիջումը, դրանից հետո արդեն մենք «զիջվենք», կամ, ինչպես կասեր պատերազմի մեր հանճարը, «շրջենք մեր պատմության վերջին էջը»: Չէի ցանկանա ավելի ծավալվել, մնում է միայն հուսալ և աղոթել, որ Աստված մեզ այնքան խելք կտա, որ մի բանի արժեքը չզգանք միայն այն կորցնելուց հետո:
    Արդեն 3 անգամն եմ ընթերցում Ձեր "Մենախոսություն"-ը: Ասելիք շատ ունեմ, բայց...չեմ կարծում որ տեղին ու նպատակային կլինի: Շնորհակալ եմ... ՀԱՏԿԱՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆԻ ՀԱՄԱՐ
  2. Monk-ի ավատար
    Մեջբերում Անտիգոնե-ի խոսքերից
    Քի՞չ ենք զիջել, ի՞նչ ենք ստացել դրա դիմաց: Միշտ նույն կոտրած տաշտակը` ավելի ջարդրդված վիճակում: Ինչքան զիջել ենք, այնքան ավելին են պահանջել: Իսկ սա կարող է լինել մեր վերջին զիջումը, դրանից հետո արդեն մենք «զիջվենք», կամ, ինչպես կասեր պատերազմի մեր հանճարը, «շրջենք մեր պատմության վերջին էջը»: Չէի ցանկանա ավելի ծավալվել, մնում է միայն հուսալ և աղոթել, որ Աստված մեզ այնքան խելք կտա, որ մի բանի արժեքը չզգանք միայն այն կորցնելուց հետո:
    Արդեն 3 անգամն եմ ընթերցում Ձեր "Մենախոսություն"-ը: Ասելիք շատ ունեմ, բայց...չեմ կարծում որ տեղին ու նպատակային կլինի: Շնորհակալ եմ... ՀԱՏԿԱՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆԻ ՀԱՄԱՐ
    Շնորհակալ եմ ուշադրության արժանացնելու համար: