08.07.2010, 09:45 (2223 Դիտումներ)
Համարյա մեկ ամիս է, ինչ ողջ աշխարհը խորասուզված հետևում է Աֆրիկայի հարավում տեղի ունեցող իրադարձություններին: Ես` որպես ֆուտբոլասեր, կուզեյի առաջնության վերջին երկու հանդիպումներից առաջ ընդհանուր գնահատական տալ ավարտվող մրցաշարին ու մասնակից բոլոր թիմերերին:
Առաջնության սկիզբը անտանելի ձանձրալի էր, առաջին փուլում թիմերը չեին խաղում կարծես, կամ էլ շատ զգույշ էին խաղում նույնիսկ կարգով իրենցից շատ ցածր մրցակցի հետ, բացատրելով դա նրանով, որ առաջնության սկզբից չեն ուզում միանգամից բացվել: Արդյունքում մի քանի չափազանց անհետաքրքիր խաղեր եղան:
Բացի դա, հիմա արդեն հուսով եմ ՖԻՖԱ-ն հասկացավ, որ ինչ էլ ուզում է լիներ, չպետք է առաջնությունը անցկացվեր հետամնաց Աֆրիկայում, որտեղ հերիք չէ ցանկացած խաղում տրիբունաներից անդադար հնչող վուվուզելայի վզզոցները սղոցում են ուղեղդ ու չես կարողանում նորմալ հետևել խաղին, բացի դա նաև հասարակածից հարավ` հարավային կիսագնդում, այդ թվում ՀԱՀ-ում այս ամիսներին ձմեռ է, և հավաքականների ֆուտբոլիստները, որոնք հիմնականում ամբողջ մրցաշրջանը անցկացնում են Եվրոպայի ավելի տաք կլիմայական պայմաններում, ցրտի պատճառով չեին կարողանում ցույց տալ իրենց բոլոր կարողությունները: Հուսով եմ գոնե այսուհետ ՖԻՖԱ-ն, սխալ ընտրություն չի կատարի ԱԱ-ների անցկացման վայրի հարցում:
Առանձին հարց է նաև բավականին անունով մրցավարների թույլ տված բազում սխալները, որոնք շատ անգամ որոշեցին այս կամ այն թիմի ճակատագիրը... ՖԻՖԱ-ն այս հարցում մտածելու շատ բան ունի...
Առանձին գլխացավանք է մեր "սիրելի" Հ1-ն իր "մասնագետ մեկնաբաններով", որոնց մեկնաբանությունից քունդ տանում է ու ակամայից քնում ես, խաղի կեսը այդպես էլ չնայելով: Բայց հերիք չի այն, որ ՀՀ-ի բնակչության մեծ մասը ստիպված էր նայել այդքան սպասված խաղերը այդ մահացած մեկնաբանությունների տակ, դեռ արգելվել էր երկրի մալուխային օպերատորներին իրենց ալիքների ցանկում եղած ռուսականան ալիքներով հանդիպումները հեռարձակել, արդյունքում դու գումար ես վճարում մալուխային հեռուստատեսության համար, բայց միևնույն է, խաղի ժամանակ էկրանը սև է... չնայած ես չգիտեմ ինչպես եղավ Երևանի մալուխայինների գործը, բայց մեր Աբովյանի մալուխայինը վերջը սկսեց ընդդեմ գնալով այդ որոշմանը, ռուսական ալիքներով տալ խաղերը, ինչի համար նրանցից շատ շնորհակալ եմ:
Այժմ խոսենք թիմերից: Հերթականությունը ընտրենք այսպես, A խմբից սկսած խմբերում 4-րդ տեղը զբաղեցրած թիմերից մինչը կիսաեզրափակիչներում դուրս մնացածները, և զուգահեռ, իհարկե, հաղթողները:
Ֆրանսիա - Ռայմոն Դոմենեկը վերջապես ստացավ այն, ինչին արժանի էր: Նա չեր կարողանում լեզու գտնել իր տղաների հետ, որոնք բացի մարզչից, նաև իրար հետ, թիմի ներսում, լավ հարաբերությունների մեջ չեին: Հարց` եթե չկա մի գաղափարի շուրջ հավաքված կոլեկտիվ, ո՟րտեղից այդ "հավաքածուն" կարող է հաջողություններ ունենալ... արդյունքում` մեծ սկանդալ, ու Ֆրանսիան` նորից առաջնության ամենավատ թիմերից մեկը...
ՀԱՀ - Առաջնության տանտերերը, անզեն աչքով էլ երևում էր, որ այն մակարդակը չունեն, և նրանք չկարողացան նույնիսկ խմբից դուրս գալ, չնայած որ Բաֆանա-Բաֆանան կարող է հպարտանալ, որ իր հետևից շրխկացրեց դուռը, պարտության մատնելով աշխարի արդեն նախկին, քայքայված փոխչեմպիոններին:
Նիգերիա - Երկրի նախագահը նրանց անփառունակ ելույթներից հետո երկու տարով արգելել է հավաքականին ելույթ ունենալ: Բայց, հանուն արդարության պետք է ասել, որ նիգերիացիները խմբում բոլոր երեք խաղերում էլ պայքարում էին, ու ամեն դեպքում խայտառակ տպավորություն չթողեցին:
Հունաստան - Ռեհագելը ինչպես ժամանակին հելլասներին դարձրեց չեմպիոն, թեկուզ և մեկ այլ մրցաշարում, այդպես էլ աստիճանաբար թիմին հավասարացրեց անհաջողակների հետ... եթե 2004-ի Եվրոպայի չեմպիոնի համար ԱԱ-ում միակ մխիթարանքը նիգերացիների դեմ տարած կամային հաղթանակն էր, ուրեմն նրանք շատ-շատ բան ունեն վերլուծելու:
Ալժիր - Հոնդուրասի հետ միասին երկու հավաքականներից մեկն էր, որ այդպես էլ գոլ չխփեց, չնայած խաղով ավելի լավ տպավորություն թողեց, քան բրազիլացիների դարպասը գրաված ԿԺԴՀ-ի խաղացողները: Նրանց պակասում էր և մի քիչ վարպետությունը, և նաև տեղ-տեղ բախտը...
Սլովենիա - Ըստ իս առաջնության բացահայտումերից մեկը, դեռևս Ռուսաստանին ընտրական փուլում հաղթելուց սկսած: Նրանց աստղը մարեց այն ժամանակ, երբ հավատալով իրենց ժամանակից շուտ տարած հաղթանակին, ԱՄՆ-ին թույլ տվեցին հավասարեցնել խաղի հաշիվը, դե իսկ անգլիացիների հետ խաղում պարզապես մի քանի անգամ ֆանտաստիկ կերպով այս թիմի բախտը չբերեց:
Սերբիա - Գերմանացիներին հաղթած սերբերը պարտվեցին ավստրալացիներին ու արժանիորեն դուրս մնացին, քանի որ զորեղ մրցակցին հաղթելուց հետո թույլ մրցակցին թերագնահատելը ֆուտբոլում ` հանցագործություն է:
Ավստրալիա - Մեկնարկային ջախջախումից հետո կամաց-կամաց ուշքի եկած ավստրալացիներին պարզապես խաղերի քանակը չհերիքեց ավելի հաջող արդյունքի հասնելու համար:
Կամերուն - Չափից դուրս իրենց մասին մեծ կարծիք ունեցող թիմ իր ինտերիստա-լիդերի հետ միասին, որը արժանիորեն ստացավ իրեն հասանելիքը:
Դանիա - Ես ինքս կուզեյի դանիացիների խաղին մի քիչ երկար հետևել, բայց ավաղ, իմ մանկության ֆուտբոլային կուռքերից մեկը` Յեսպեր Գրոնկյաերը իր թիմով շատ շուտ դուրս մնաց: Հուսով եմ ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ունեցող այս երկրում ճիշտ հետևություններ կանեն ապագայի համար:
Իտալիա - Սեփական մարզչի սխալների զոհ դարձավ աշխարհի արդեն նախկին չեմպիոնը: "Յուվենտուսի" խոնարհ ծառա Լիպպին հավաքական էր բերել մրցաշրջանը տապալած թուրինյան թիմի ոչ լավ մարզավիճակում գտնվող խաղացողներին, արհամարհելով մի շարք լավ ֆուտբոլիստների: Արդյունքը տեսան բոլորը:
Նոր Զելանդիա - Առաջնության մյուս բացահայտումը: Օվկիանիայի գոտին ներկայացնող միակ թիմը բոլոր խաղերն ավարտեց ոչ-ոքիով, ցույց տալով, որ Օվկիանիայում էլ են մտածում ֆուտբոլի մասին:
ԿԺԴՀ - Մեկնարկային խաղում բրազիլացիներին հակադրած գրագետ խաղը հենց մյուս երկու խաղերում վերափոխվեց խայտառակ հաշիվներով ջախջախումների: Էհ... թող Կիմ Չեն Իրի ձեռքը թեթև լինի ձեր վրա, կոմունիստ ընկերներ...
Կոտ - Դիվուար - Ոչնչով աչքի չընկան և նույինիսկ կորեացիների նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակով հպարտանալու տեղ չունեն, իսկ անելու ունեն շատ բան...
Հոնդուրաս - Ինձ թվում է, այս թիմի խաղացողները միայն երրորդ խաղում հասկացան, որ Տեգուսիգալպայի փողոցներում գնդակ չեն տշում, այլ ԱԱ-ում են խաղում, բայց արդեն ուշ էր...
Շվեյցարիա - մեկնարկային խաղում Իսպանիային հաղթած շվեյցարացիները դրանով կարծես քար գցեցին իրենց ելույթների վրա... Ի՟նչ է նշանակում ոչ-ոքի Հոնդուրասի հետ...
Հրվ. Կորեա - Իր խմբում արժանիներից մեկն էր, բայց 1/8 - ում դարձավ ուրուգվայցիների գրագետ մշակած խաղի զոհը ու նույնիսկ մրցակցի նկատմամբ խաղի ընթացքում ունեցած մեծ առավելությունը չոգնեց...
ԱՄՆ - Ընդհանուր առմամբ արժանի ելույթ էր ԱԱ-ում, միայն թե պետք չեր ոտքները թուլացնել 1/8-ի խաղի ավելացված խաղակեսերի ժամանակ...
Անգլիա - Իրենց ժողովրդի համար նրանց ցուցադրած ֆուտբոլը պարզապես մղձավանջ էր, ու այսպիսի Անգլիան արժանի չեր նույնիսկ խմբից դուրս գալու... Ինչևէ, լավ է, որ գերմանացիները նրանց ուղարկեցին հայրենիք... հաղթողի հոգեբանություն ունեցող մարզիչ ունենալը լավ արդյունքի հասնելու համար դեռ քիչ է...
Մեքսիկա - Արգենտինացիների հետ 1/8-ի խաղում շատ ուշ արթնացան, ինչի համար էլ պատժվեցին... պետք էր մի քիչ շուտ հասկանալ, թե ո՟ր փուլում ես և մրցակիցդ ով է...
Սլովակիա - Իրենց գլխից արդեն վեր թռած սլովակները պետք է որ այս փուլից դուրս մնային, այդպես էլ եղավ ու դա օրինաչափ էր:
Չիլի - Ընդհանուր առմամբ լավ տպավորություն թողած Չիլին կարծես հակախաղ չգտավ 1/8-ում բրազիլացիների պրագմատիկ ֆուտբոլի դեմ. բայց դե 3:0-ն շատ - շատ էր...
Ճապոնիա - Միակ թիմն էր, որ վստահ կարելի է ասել, որ անիմաստ դուրս մնաց ԱԱ-ից, 1/8-ում իրեն բաժին հասած մրցակցի ընտրած մարտավարության պատճառով...
Պորտուգալիա - Աղջիկները, որոնք կարող են միայն 7 գնդակ ուղարկել դեմոբիլիզացված կորեացիների դարպասը, հենց սրան էլ պիտի արժանանային... հուսով եմ Կրիշտիանուն հասկացավ գոնե հիմա, որ ինքը ոչնչություն է...
Բրազիլիա - Դունգայի ընտրած պրագմատիկ մարտավարությունը շատ հեռու չեր կարող տանել այս թիմին, ու երբ որ նրանք հանդիպեցին քիչ թե շատ խաղալ իմացող թիմի, ինքներդ էլ տեսաք, թե ինչ եղավ...
Գանա - Թիմը, որը սերբերին հաղթեց 11մետրանոցի շնորհիվ, ավստրալացիների հետ ոչ-ոքի խաղաց նույնպես 11մետրանոցի շնորհիվ, արժանիորեն պարտվեց գերմանացիներին ու միայն նորմալ խաղաց ԱՄՆ-ի դեմ, 1/4-ում պատժվեց, հենց չկարողանալով իրացնել այդ նույն 11մետրանոցները, թե խաղի ժամանակ և թե խաղից հետո, այլապես ինչքա՟ն կարելի էր այդպես առաջ գնալ...
Արգենտինա - Երևի արդեն մտովի իրենց չեմպիոն զգալու համար էլ հենց Դիեգոն ու իր թիմը խայտառակ ձևով պատժվեցին վերջում... հաղթանակը տոնում են այն տանելուց հետո...
Պարագվայ - Խմբում հաճելի անակնկալ էր այս թիմը, բայց Ճապոնիայի հետ տաղտկալի խաղից հետո աչքիցս ընկավ... չնայած որ միայն մրցավարների օգնությամբ այն "զիջեց" իսպանացիներին...
Ուրուգվայ - Հնարավոր է ինձ կողմնակալ համարեք, բայց ըստ իս այս թիմը առաջնության գլխավոր բացահայտումն էր, կիսաեզրափակչի անկոչ հյուրը... թիմը հիանալի կերպով հարմարվում էր մրցակցի խաղաոճին, գիտեր, որ րոպեյին ոնց խաղար, տեխնիկան տեղն է, գոլահարն էլ հետը... նրանք նաև ունեն իրենց հերոսը, առանց որի անձնազոհության նրանք կիսաեզրափակիչում չեին էլ հայտնվի... միայն դրական էմոցիաներ...
Գերմանիա - Ութոտնուկը առաջ տարավ թիմին, գուշակելով փառահեղ հաղթանակներ, ութոտնուկն էլ նրանց թաղեց... պատկերացրեք խաղացողների վիճակը, որոնք կիսաեզրափակիչում դուրս են եկել խաղադաշտ, նախապես իմանալով, որ իրենց արդյունքները մինչ այս անսխալ գուշակող Պաուլը այս անգամ իրենց չի ընտրել... հոգեբանական ծանր վիճակ, վախ, զգուշավորություն, պարտություն... ափսոս...
Հոլանդիա - Առաջնությունում բոլոր իր խաղերը հաղթած այս թիմը ամենաանարժանն էր եզրափակիչ դուրս գալու համար... եթե այս խաղով նրանք դառնան չեմպիոոն, ուրեմն ֆուտբոլում հետընթաց ժամանակներ են...
Իսպանիա - Ժամանակ առ ժամանակ արթնացող թիմ... անդուր մարտավարություն, ինքնահավանություն... բայց դե հոլանդացիներից ավելի արժանի են չեմպիոնի կոչմանը... կտեսնենք...
Իսկական եզրափակիչը շաբաթ օրն է, բրոնզի համար խաղում, դե իսկ կիրակնօրյա խեղկատակությունը ես անձամբ հրաժարվում եմ դիտել...