Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Re. Անկապ օրագիր

Գնահատական. 3 ձայն, 4.67 ընդհանուր:
Այս գրառումը առաջին անկապ օրագրում իմ 2 գրառումներից առաջինն է: Բացելուս նպատակն էր աշխարհին հիշեցնել նրա գոյության մասին, ժամանակին ես այսպիսին էի... Իսկ եթե լուրջ, ապա ասեմ, որ ուղղակի փորձարկում եմ գրառումը բլոգ ուղարկելու հնարավորությունը
Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Առաջին անգամ նրան տեսա երեք շաբաթ առաջ: Հոգնած ու անտարբեր գնում էի փողոցով՝ ձեռքերս ջինսե շալվարիս գրպանը, գլուխս կախ, մտածկոտ: Ուշադրությունս շեղեցին նրա ոտքերը: Սլացիկ ու գեղեցիկ ոտքերը, որոնք նկատեցի անգամ գլուխս կախ: Հայացքս աստիճանաբար բարձրացնելուն զուգահեռ տեսա նրա շքեղ, կարմիր կիսաշրջազգեստն ու եվրոպական շքեղ, սպիտակ շապիկը: Հետո տեսա նրա դեմքն ու հոգիս անմիջապես խռովվեց, երեսս արյուն լցվեց, ականջներումս սկսեց ինչ-որ ձայն դժժալ, սրտիս աշխատանքն արագացավ: Աստվա՜ծ, միթե՞ հնարավոր է այսպիսի գեղեցկություն: Նրա ոչ հաստ ու ոչ բարակ շրթունքները փորձում էր ծածկել շատ մեղմ քսված շրթներկը, քիթը, ասես աշխարհի ամենատաղանդավոր նկարիչ-ճարտարապետի կողմից գծված, կապույտ, հեռուն նայող նշաձև աչքերը, կամարակապ, հատիկ-հատիկ հոնքերը, փարթամ սև մազերը... Ես անցա առաջ՝ հառաչելով ու ինքս ինձ մեղադրելով վախկոտության ու անհամարձակության մեջ: Ախր ինչու՞ չմոտեցա նրան: Ինչու՞ չհարցրի անունը, չներկայացա...

Մեկ շաբաթ ամեն գիշեր երազիս այցելուն էր: Մեկ շաբաթ նույնիսկ չքնած ժամանակ երազ էի տեսնում ու նա երազումս էր: Մեկ շաբաթ հետո նորից անցնում էի նույն փողոցով, նույն ջինսե շալվարով, ձեռքերս նույն շալվարի գրպաններում, նույնքան անտարբեր և էլի երազ էի տեսնում և երազումս էլի նա էր: Ինձ երազից արթնացրին նրա ոտքերը: Այդ սլացիկ ոտքերը կճանաչեի որտեղ ասես: Դրանք նրանն էին, այն չքնաղ էակինը, ով տեղ էր գտել իմ սրտում ու մտքում: Բարձրացրի հայացքս: Իրոք նա էր: Նույնքան գեղեցիկ, նույնքան վեհ, նույնքան հպարտ, գեղեցիկ հայացքը գցած հեռուները: Փոխվել էր միայն հագուստը: Հիմա սև, ակնհայտ թանկարժեք կիսաշրջազգեստով ու էլի սպիտակ, բայց այլ շապիկով էր: Նայեցի մեկ րոպե: Ուզեցի մոտենալ, չհամարձակվեցի: «Աստված երրորդություն է սիրում», - հիշեցի ծեծված խոսքերը, - «Եթե ինձ վիճակված է նրան ճանաչել, մի անգամ էլ կտեսնեմ»:

Անցավ էլի մեկ շաբաթ: Այդ մեկ շաբաթը անցկացրի նրա ընկերակցությամբ՝ երազներիս մեջ, ու նրա կարոտով՝ իրական կյանքում: Մեկ շաբաթ հետո էլի նույն փողոցում էի: Այստեղ ոչինչ չէր փոխվել այդ մեկ շաբաթվա ընթացքում: Նույն խանութներն ու քանդրտված մայթերը: Նույն շենքերն ու նույն ծառերը: Նույն մարդիկ ու նույն ես՝ ջինսե շալվարով, մտածկոտ, անտարբեր, գլուխս կախ, նրա մասին հիշողություններով տարված: Ինձ այդ հուշերից արթնացնողն էլի նրա ոտքերն էին: Նույնիսկ տաբատով անմիջապես ճանաչեցի նրան: Կանգնած էր նույն տեղում, նույն դիրքով, նույն խորն ու գեղեցիկ հայացքով: Էլի միայն հագուստն էր փոխվել՝ եվրոպական ընտիր, մոխրագույն կոստյում:

«Սա երրորդ հանդիպումն է», - մտածեցի, - «հարկավոր է մոտենալ ու բարևել»: Մոտեցա:
- Բարև, - ասացի կամաց:
Չպատասխանեց: «Երևի շատ կամաց ասացի, չլսեց», - մտածեցի:
- Բարև, - ասացի փոքր ինչ ավելի բարձր:
Նա էլի լուռ էր: Ես էլի մի փորձ արեցի.
- Ես... ես գիտեմ դու ինչ ես մտածում: Ուղղակի ես այսօր երրորդ անգամ քեզ տեսա ու մտածեցի, որ գուցե... Գիտես, ես չեմ փորձի քեզ հետ անպայման ծանոթանալ, եթե չուզես ինձ պատասխանել, ես ուղղակի կհեռանամ...
Նա ձայն չէր հանում: Ետևից լսեցի մի տղայի ձայն.
- Տեսնում ես, մանեկենին է ուզում խոսեցնել, - ծիծաղելով ասում էր ընկերոջը:
«Ուրեմն այս աղջկա անունը Մանեկեն է և նա ոչ մեկի հետ չի խոսում, նրա հետ ծանոթանալը երազ է: Ավելի լավ է, հեռանամ», - մտածեցի ես:
- Ցտեսություն, Մանեկեն, - ասացի աղջկան, - ես միշտ կհիշեմ քեզ:
Ու հեռացա, որոշելով այլևս երբեք նրան չտեսնել, երբեք չանցնել այդ փողոցով:

Ուղարկել «Re. Անկապ օրագիր"» Digg-ին Ուղարկել «Re. Անկապ օրագիր"» del.icio.us-ին Ուղարկել «Re. Անկապ օրագիր"» StumbleUpon-ին Ուղարկել «Re. Անկապ օրագիր"» Google-ին

Կատեգորիաներ
Անկապ օրագրային

Մեկնաբանություն