Նայել RSS հոսքը

davidus

Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 2)

Գնահատել այս գրառումը
_
Խարտիայի 4-րդ հոդվածով սահմանվում է Տեղական ինքնակառավարման իրավասությունը:

1. Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ կամ օրենքով: Սակայն սույն դրույթը չի բացառում տեղական ինքնակառավարման մարմիններին առանձին կոնկրետ լիազորություններով օժտելը` այլ օրենքի համապատասխան:
2. Տեղական ինքնակառավարման մարմինները, օրենքով սահմանված շրջանակներում, գործողությունների լիակատար ազատություն ունեն իրականացնելու իրենց նախաձեռնությունները` ցանկացած հարցի հետ կապված, որը դուրս չէ իրենց իրավասություններից և վերապահված չէ իշխանության այլ մարմնի իրավասությանը:
3. Պետական լիազորությունների իրականացումը, որպես կանոն, պետք է առավելապես դրվի իշխանության այն մարմինների վրա, որոնք ամենից մոտ են քաղաքացիներին: Այդ լիազորություններից որևէ մեկը իշխանության այլ մարմնին տալը պետք է իրականացվի` հաշվի
առնելով առաջադրված խնդրի ծավալի բնույթը, ինչպես նաև խնայողության ու արդյունավետության պահանջները:
4. Տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորությունները, որպես կանոն, պետք է լինեն ամբողջական և բացառիկ: Դրանք իշխանության այլ` կենտրոնական կամ տարածաշրջանային մարմնի կողմից կարող են վիճարկվել կամ սահմանափակվել միմիայն օրենքով սահմանված շրջանակներում:
5. Կենտրոնական կամ տարածաշրջանային մարմինների կողմից լիազորութ¬յունները պատվիրակելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինները պետք է, որքան հնարավոր է, ազատություն ունենան դրանց իրականացումը հարմարեցնելու տեղական պայմաններին:
6. Տեղական ինքնակառավարման մարմիններին անմիջականորեն վերաբերող ցանկացած որոշման պլանավորման և ընդունման գործընթացում պետք է հնարավորինս խորհրդակցել այդ մարմինների հետ, ընդ որում` անելով դա նախապես և համապատասխան ձևով:
ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքով [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., հոդվածներ 32-45]: Այս պահանջը ամրագրված է Սահմանադրության հոդված 107-ում, ուր հստակ նշվում է, որ համայնքի ղեկավարի լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով: ՀՀ օրենսդրության մեջ, բացի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքից, այլ օրենքներով նույնպես սահմանված են տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված որոշակի լիազորություններ:
Մասնավորապես, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ Օրենքով սահմանվում են այդ ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները [«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ Օրենք, 2005թ. հոդված 17]: Այնուհետև, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններ են սահմանված նաև «Թափոնների մասին» ՀՀ Օրենքով, ուր սահմանվում է թափոնների գործածության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները [«Թափոնների մասին» ՀՀ Օրենք, 2004թ. հոդված 11]: «Պետական վիճակագրության մասին» ՀՀ Օրենքով սահմանվում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ներառյալ ՀՀ կենտրոնական բանկը իրականացնում են ճյուղային (գերատեսչական) և տեղական (համայնքային) հաշվառում (վիճակագրություն) վարչական ռեգիստրների վարման միջոցով [«Պետական վիճակագրության մասին» ՀՀ Օրենք, 2000թ. հոդված 13]: «Քաղաքաշինության մասին» ՀՀ Օրենքով սահմանվում է քաղաքաշինության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը [«Քաղաքաշինության մասին» ՀՀ Օրենք, 1998թ. հոդված 11]:
Տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների ազատությունը օրենքի սահմաններում ամրագրված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասում, ուր նշված է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կարող են իրականացնել համայնքային շահերին վերաբերող, օրենքին չհակասող ցանկացած գործունեություն, ինչը և սահմանված է տեղական ինքնակառավարման սկզբունքներից առաջինով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., հոդված 9]:
ՀՀ Սահմանադրության հոդված 105-ի երկրորդ մասով սահմանված է, որ պետական իշխանության մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել տեղական ինքնակառավարման մարմիններին: Սա հանդիսանում է նաև տեղական ինքնակառավարման սկզբունքներից մեկը` ամրագրված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 9-րդ հոդվածում:
Տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորությունների ամբողջականությունն ու բացառիկությունը արտահայտվում է այդ լիազորությունների իրականացման համար պատասխանատվություն կրելու միակության մեջ: Մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների իրականացման համար սեփական պատասխանատվություն են կրում միայն տեղական ինքնակառավարման մարմինները: Այդ լիազորությունների իրականացման համար ոչ մի այլ հանրային կառավարման մարմին պատասխանատու չէ: Սա հանդիսանում է ՀՀ տեղական ինքնակառավարման սկզբունքներից մեկը, այն է` ինքնուրույնությունը և սեփական պատասխանատվությունը տեղական ինքնակառավարումն իրականացնելիս: Բացառիկությունը կայանում է նրանում, որ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունները ամրագրված են նրանց, ոչ մի այլ պետական կառավարման մարմին իրավունք չունի իրականացնել այդ լիազորությունները: Օրենքի 71-րդ հոդվածում նշվում է, որ պետական լիազորված մարմինը (Տարածքային կառավարման նախարարություն), ինչպես նաև համապատասխան մարզպետը կարող են տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկել միայն դատական կարգով: Սրանից բացի` օրենքով սահմանված է, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացումը պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից արգելվում է, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., հոդված 70]:
Տեղական ինքնակառավարման մարմիններին անմիջականորեն վերաբերող որոշումների, օրենսդրական բարեփոխումների պլանավորման և ընդունման գործընթացում նրանց ներգրավվածությունը` խորհրդակցելու տեսքով, տրված է միայն ՀՀ Սահմանադրությամբ` հոդված 110-ում: Ըստ այդ հոդվածի` համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Ազգային Ժողովը համապատասխան օրենքն ընդունում է կառավարության առաջարկով: Մինչև օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը։ Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքներից։
Ցավալի է, սակայն հանրաքվեի արդյունքը, որպես ժողովրդի կամարտահայտության ձև, հաշվի չի առնվում միջհամայնքային միավորումների կազմավորման կամ բաժանման գործընթացում:

(շարունակությունը հաջորդ գրառման մեջ)

Ուղարկել «Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 2)"» Digg-ին Ուղարկել «Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 2)"» del.icio.us-ին Ուղարկել «Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 2)"» StumbleUpon-ին Ուղարկել «Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 2)"» Google-ին

Մեկնաբանություն