22.05.2010, 21:34 (3647 Դիտումներ)
_
Ստորև կներկայացնեմ հեղինակային հոդվածս` նվիրված «Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիայի» այն հոդվածներին, որոնք վավերացրել է Հայաստանի Հանրապետությունը, և Հայաստանի` տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրության համապատասխանությանը Խարտիայի պահանջներին: Աշխատանքում բերված են Խարտիայի օրենսդրական պահանջները բավարարող ՀՀ օրենքները և դրանց համապատասխան հոդվածները: Նշվել են Խարտիայի նաև այն հոդվածները, որոնց պահանջները դեռևս ապահովված չեն ՀՀ օրենսդրությամբ:
ՀՀ տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրության համապատասխանությունը Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիային
ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ոլորտի ձևավորումը ուղենշող հիմնական փաստաթղթերից է «Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան» (այսուհետ` Խարտիա):
Հայտնի է, որ ըստ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի` միջազգային պայմանագրերը ունեն գերակա դիրք երկրի համապատասխան օրենսդրական ակտերի նկատմամբ` այն պայմանով, որ դրանք չեն հակասում սահմանադրությանը: Հետևաբար Հայաստանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրությունը պետք է համապատասխանի Խարտիային` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ը ստորագրել է այն 2001թ-ի մայիսի 11-ին (վավերացրել 2002թ-ի հունվարի 25-ին, ուժի մեջ է մտել 2002թ-ի մայիսի 1-ից):
Համեմատենք Հայաստանի տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրական առկա իրավիճակը Խարտիայում սահմանված այն նորմերի հետ, որոնց կատարումը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը` վավերացնելով դրանք:
Խարտիայի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ.
Տեղական ինքնակառավարման սկզբունքը պետք է ընդունված լինի երկրի օրենսդրությունում և հնարավորինս` երկրի սահմանադրությունում:
Այս դրույթը ամբողջությամբ ապահովված է ՀՀ-ի օրենսդրությունում, քանի որ Սահմանադրության 2-րդ հոդվածի երկրորդ մասում սահմանված է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Այնուհետև, Սահմանադրության հոդված 11.2-ում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տեղական ինքնակառավարումը:
Բացի սա, Սահմանադրության 7-րդ գլուխը ամբողջությամբ նվիրված է տեղական ինքնակառավարմանը, ուր հստակ սահմանվում են տեղական ինքնակառավարման հիմնարար հասկացությունները և նորմերը:
Իսկ տեղական ինքնակառավարման սկզբունքները, ինչպես պահանջվում է Խարտիայում, սահմանված են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի հոդված 9-ով (թվով 9 սկզբունք):
Խարտիայի 3-րդ հոդվածով սահմանվում է տեղական ինքնակառավարման հասկացությունը: Այն է`
1. Տեղական ինքնակառավարում ասելով հասկանում են տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը և իրական կարողությունը` կանոնակարգելու պետական գործերի զգալի մասը և կառավարելու այն, գործելով օրենքի շրջանակներում, սեփական պատասխանատվությամբ և տեղի բնակչության շահերից ելնելով:
2. Այդ իրավունքն իրականացվում է խորհուրդների կամ ժողովների կողմից, որոնց անդամներն ընտրվում են ազատ, փակ գաղտնի, հավասար, ուղղակի և համընդհանուր քվեարկության ճանապարհով: Խորհուրդները կամ ժողովները կարող են ունենալ իրենց հաշվետու կամ գործադիր մարմինները: Այս դրույթը չի բացառում քաղաքացիների ժողովների, հանրաքվեների կամ քաղաքացիների ուղղակի մասնակցության ցանկացած այլ ձևի կիրառումը այնտեղ, որտեղ դա թույլատրվում է օրենքով:
Սահմանադրական բարեփոխումները մշակելիս հաշվի է առնվել վերը նշված առաջին կետը, որի արդյունքում ՀՀ Սահմանադրության հոդված 104-ով սահմանվում է, որ տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը:
Անդրադառնալով երկրորդ կետին` նշենք, որ ՀՀ-ում խորհրդի կամ ժողովի տեսքով հանդես է գալիս համայնքի ավագանին: Սահմանադրության հոդված 107-ով սահմանվում են ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները` համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը: Որպես ներկայացուցչական մարմին հանդես է գալիս համայնքի ավագանին, իսկ որպես գործադիր մարմին` համայնքի ղեկավարը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ, ինչպես սահմանված է Սահմանադրության 4-րդ հոդվածում: Բացառություն են կազմում Երևանի քաղաքապետի ընտրությունները: Սահմանադրության հոդված 108-ով սահմանվում է, որ Երևանը համայնք է: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Օրենքով կարող է սահմանվել Երևանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրություն: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքով սահմանվում է Երևանի քաղաքապետի ընտրությանկարգը[«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, հոդված 44]:
Քաղաքացիների` տեղական ինքնակառավարմանը մասնակցության այլ ձևերի առումով ՀՀ օրենսդրության մեջ սահմանված է միայն տեղական հանրաքվե անցկացնելու իրավունքը` Սահմանադրության հոդված 107-ի չորրորդ մասով: Տեղական հանրաքվեի անցկացման կարգը, ըստ Սահմանադրության պահանջի, սահմանվում է «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ Օրենքով:
(շարունակությունը հաջորդ գրառման մեջ)