Նայել RSS հոսքը

Անուկապատում

Ես ու ատելի ատամնաբույժները

Գնահատել այս գրառումը
Ատամնաբույժները մանկությանս ամենաակնառու սարսափահարուցիչներից են եղել։ «Ատամնաբույժ» բառն անգամ մեջս սարսուռ էր առաջացնում... Ատամներս էլ փոքր ժամանակ հեչ լավ վիճակում չէին, և դա է՛լ ավելի էր մեծացնում վախս այդ մարդկանց նկատմամբ...

Հիշում եմ իմ առաջին հանդիպումն ատամնաբույժի հետ... Դեռ դպրոց չէի գնում, տատիկիս տանն էի մնում էդ շրջանում, ատամս էլ արդեն երկար ժամանակ ուռած էր ու անտանելի ցավում էր։ Վերջը տատիկս ու պապիկս որոշեցին, որ ինձ հարկավոր է ատամնաբույժի մոտ տանել։ Մինչ այդ հասակակիցներիցս զանազան հավանական ու անհավանական պատմություններ էի լսել ատամ հանելու զարզանդելի գործընթացի մասին, ընդ որում՝ խիստ մանրամասն, ու դրանցից ամենասարսափելիի մասին մտածելով էլ տատիկիս ու պապիկիս հետ ուղևորվեցի այդ ահասարսուռ արկածին ընդառաջ...

Ատամ հանելու չարագուշակ գործիքը ճիշտ և ճիշտ էնպիսին էր, ինչպիսին որ նկարագրել էին ծանոթներս։ Նախապես գիտեի, որ էդ սրածայր զզվելի գործիքը պիտի խրեն ատամիս մեջ ու ցավեցնելով դուրս քաշեն։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ։ Ատամից ազատումն ահավոր ցավոտ էր, ու ես, իհարկե, մի լավ լացեցի։ Դրանից հետո ատամնաբույժներն աչքիս գրողը դարձան...

Այդ արարածների հետ հաջորդ հանդիպումս տեղի ունեցավ մեր դպրոցում, կարծեմ 2-3-րդ դասարանում էի, եկան մեր դասարան, ստուգեցին բոլորի ատամները, ու ինձ անողոքաբար տարան իրենց հետ՝ հերթական դաժան գործընթացն իրականացնելու...

Դրանից հետո մեր դպրոցի ատամնաբույժին դպրոցի միջանքներում էլ տեսնելիս, ավելի ճիշտ՝ ի՞նչ միջանցք, նույնիսկ դպրոցից դուրս ցանկացած տեղ պատահաբար հանդիպելիս ակնթարթորեն սիրտս թուլանում էր, սփրթնում էի ու արագ փոխում ճանապարհս, որ հանկարծ դեմ առ դեմ չհանդիպեմ։ Չգիտես ինչու, ինձ թվում էր, որ ինձ որտեղ տեսնի՝ կանգնեցնելու է ու ատամներս ստուգի՝ համապատասխան հետևանքներով։ Իրոք, էնքան հստակ ու իրական էր թվում ինձ էդ տեսարանը. փողոցի մեջտեղում կանգնած ատամներս ստուգելիս։

Հետո մի անգամ, կարծեմ 4-րդ դասարանում էի, ատամս էլի ահավոր ցավում էր, ու պետք էր ատամնաբույժի մոտ գնալ։ Ծնողներս ինձ մի կերպ համոզել էին, որ հայրս ինձ տանի ինչ–որ ատամնաբուժարան՝ ատամս հանելու։ Էդպես վախը սրտումս գնացի պապայիս հետ, ինչքան մոտենում էինք, էնքան սրտիս աշխատանքն արագանում էր։ Հասանք, պարզվեց՝ հերթ է։ Էդտեղ ահագին թեթևություն զգացի. «մահապատիժն» անհայտ ժամանակով հետաձգվեց... Բայց դե դա երկար չտևեց, շուտով եկան մի քանի երիտասարդ աղջիկներ, ըստ երևույթին՝ ատամնաբույժի օգնականներն էին, և մեզ կանչեցին։ Ես խուճապի մատնվեցի, կպա պապայիցս ու ոչ մի կերպ չէի ուզում գնալ... Պապաս մի կողմից, էս աղջիկները՝ մյուս կողմից, սկսեցին ինձ շատ մեղմորեն համոզել, որ ոչ մի սարսափելի բան չկա, շատ կարճ է լինելու և այլն։ Աղջիկներից մեկը նույնիսկ ասաց, որ բժիշկն ընդամենը դեղ է քսելու, ատամս չի հանելու, բայց դե ես հո գիտեի, որ իմ ատամի հարցը դեղով լուծվողներից չէր։ Հետս էլ էնպես էին խոսում, կարծես փոքր երեխա լինեի, դրանից էլ ավելի էի ներվայնանում։ Չգիտեմ՝ ինչքան տևեցին էդ աղջիկների ապարդյուն հորդորները, բայց հիշում եմ, որ դրանք կտրուկ կերպով ընդհատվեցին գլխավոր ատամնաբույժի սարսափազդու ներխուժմամբ... Հանկարծ մեզ մոտեցավ կարճահասակ չաղոտ մի կին՝ կարճ կտրած խուճուճ մազերով, ու սկսեց բոբոյավարի գոռգոռալ.
– Չհասկացա՛։ Էս ի՞նչ ա կատարվում ստեղ։ Էսքան ժամանակում ես հիմա քանի հոգու արդեն սպասարկել, ուղարկել էի։ Է՞ս ինչ բան էր։ Հե՛նց հիմա վերջացրե՛ք, շու՛տ։

Ես վախից տեղումս սսկվեցի։ Քիչ հետո աղջիկները մի կողմ քաշվեցին։ Իսկ բոբո կինը, ձեռքիցս կոպտորեն բռնելով, ինձ քարշ տվեց դեպի համապատասխան սենյակ... Նույն կոպտությամբ ինձ շպրտեց ատամնաբուժական աթոռին, ու ես արդեն չգիտեի՝ ավելի շատ ատամս հանելուց եմ վախենում, թե էդ բոբոյից... Բայց երևի, այնուամենայնիվ, երկրորդի հանդեպ վախն ավելի ուժեղ էր, թե չէ ամենայն հավանականությամբ կփախչեի։ Հիշում եմ՝ վախեցած ձայնով մի կերպ հասցրի արտաբերել.
– Իսկ... չի՞ ցավում... ,– ասացի՝ հուսալով գոնե որևէ մխիթարական բան լսել։
Կինն արհամարհական տոնով շպրտեց.
– Ցավում ա. այ էսքան,– ու կոպտորեն կսմթեց դաստակիս դրսի կողմը։ Պետք է ասեմ, որ ահագին էլ ցավեց։ Բայց դե ձայն չհանեցի, հատկապես որ ժամանակ էլ չունեցա. բերանս անմիջապես բացել տվեց ու ինչ–որ բան փչեց մեջը, որից հետո բերանիս խոռոչը տարօրինակ կերպով քարացավ ու մի քիչ բթացավ։ Հետո զարմանալիորեն արագ հանեց երկու փչացած ատամներս, որի ժամանակ ես շատ ուժեղ գոռացի՝ մասամբ ցավից, մասամբ վախից։ Եվ ամեն ինչ վերջացավ։

Հաջորդ ատամնաբուժական արկածը կրկին դպրոցում էր։ Կարծեմ 5–րդ դասարանում էի։ Մաթեմատիկայի դաս էր, ուսուցչուհին որոշ ժամանակով դասարանից դուրս էր եկել, մեկ էլ դուռը բացվեց, և այ քեզ անակնկալ. անիծյալ ատամնաբույժները մեզ հյուր եկան ոչ բարով... Ես էլ նստում էի պատուհանի կողմի՝ հենց դռան դիմացն ընկած շարքի առաջին նստարանին։ Սովորության համաձայն, իհարկե, սիրտս ընկավ չոքերս... Անելանելիության մի աննկարագրելի զգացողություն համակեց։ Եվ մինչ ատամնաբույժները մոտեցան պատի կողմի շարքի առջևում գտնվող ուսուցչի սեղանին, ինքս էլ չնկատեցի, թե ոնց անկախ ինձնից վերցրի պայուսակս ու պուկ՝ դուրս թռա դասարանից... Ինքս իմ արածից շոկի մեջ էի... Ախր ես ահավոր անհամարձակ, ամաչկոտ երեխա էի, ո՞նց էդպիսի բան արեցի, ո՞նց համարձակությունս հերիքեց, էլ չեմ ասում ամոթի մասին... Էնքան արագ տեղի ունեցավ էդ ծլկումը, որ նույնիսկ չհասցրի մտածել դրա մասին։ Երեխաներն էլ անմիջապես անակնկալի եկած ու զվարճացած գոռացին. «Անահիտը փախա՜վ »։ Իսկ ես արագ իջա առաջին հարկ, ճանապարհին էլ հանդիպեցի մեր դասարանի աղջիկներից մեկի քրոջը, որը իր դասերը վերջացրել էր ու սպասում էr, որ քույրն էլ վերջացնի, միասին գնան տուն։ Դա մեր վերջին դասն էր, բայց ռիսկ չարեցի տուն գնալ։ Դասից փախչելու գաղափարն ինձ էնքան էլ հոգեհարազատ չէր. ես ընդամենը ատամնաբույժից էի փախել։ Ուստի կանգնել էի առաջին հարկի միջանցքում, դասարանցուս քրոջն էլ պարբերաբար ուղարկում էի վերև՝ տեղեկություններ բերելու։ Պարզվեց՝ ուսուցչուհին դեռ չէր եկել, ատամնաբույժներին էլ իմ փախուստը, բարեբախտաբար, շատ չէր հետաքրքրել, համենայնդեպս, ոչ այն աստիճանի, որ զբաղվեին ինձ բերման ենթարկելու գործով, այնպես որ կարծես թե անհանգստանալու բան առանձնապես չունեի։ Հետո, երբ արդեն զանգի ժամը մոտ էր, դասարանցուս քույրն ասաց, որ ուսուցչուհին եկել է դասարան, երեխաներն էլ խաբար էին տվել, որ ես փախել եմ, բայց դե քանի որ դասն արդեն ավարտվում էի, նա էլ, թեև զարմացել ու մի փոքր էլ ջղայնացել է, բայց գլուխ չի դրել։ Ես էլ զանգը տալուց հետո արդեն թեթևացած գնացի տուն՝ մտածելով, որ էս անգամ էլ լավ պրծա...

Ատամնաբույժների նկատմամբ վախս անցավ ինստիտուտն ավարտելուց հետո միայն, երբ առիթ ունեցա երկար տարիների ընդմիջումից հետո արդեն մեծավարի այցելել ատամնաբույժի։ Ճիշտ է, հատուկ հետս փափուկ բան էի վերցրել, որ ցավելու ժամանակ ձեռքումս սեղմեմ, բայց, ի բարեբախտություն ինձ, դրա կարիքն ընդհանրապես չզգացվեց։ Հաճելիորեն զարմացած էի։ Դրանից հետո ատամնաբույժի մոտ գնալը սովորական երևույթ դարձավ։

Ուղարկել «Ես ու ատելի ատամնաբույժները"» Digg-ին Ուղարկել «Ես ու ատելի ատամնաբույժները"» del.icio.us-ին Ուղարկել «Ես ու ատելի ատամնաբույժները"» StumbleUpon-ին Ուղարկել «Ես ու ատելի ատամնաբույժները"» Google-ին

Մեկնաբանություն

  1. One_Way_Ticket-ի ավատար
    Մի բան չհասկացա: Կաթնատամներդ են այդքան անողոքաբար հեռացրե՞լ, թե "իսկական" ատամներդ: Առաջին դեպքում դա հասկանալի է, սակայն երկրորդ դեպքում ատամը հեռացնելը ամենավերջին քայլն է, երբ ուրիշ ոչինչ անել արդեն հնարավոր չէ:

    Ես մի հեռացրած ատամ ունեմ (այն էլ հիմա կարծում եմ, որ կարելի էր փրկել, և ատամնաբույժը սխալ որոշում կայացրեց): Կարելի է ասել` բավական անցավ գործընթաց էր:
  2. Ուլուանա-ի ավատար
    Հա, կաթնատամների մասին էր խոսքը։ Չնայած մի հեռացրած հիմնական ատամ էլ ես ունեմ, ուղղակի բժիշկն ասել էր, որ պետք է ռենտգեն անել, տեսնել՝ հնարավոր է փրկել ատամը, թե չէ, բայց ասեց, որ իննսուն տոկոսով հանելու ատամ է, ես էլ, քանի որ արդեն էնքան էի տանջվել էդ ատամի ձեռը, էլ չուզեցի, սպասել ռենտգենի, ասեցի, որ հանի, պրծնեմ։ Էդ արդեն բավական մեծ տարիքում էր, բնականաբար, գրածներս դրա հետ կապ չունեին։ Իսկ էդ ժամանակ իրոք անցավ էր, փոքր ժամանակվանն էր ցավոտ լինում, որովհետև, ըստ երևույթին, համարվում է, որ կաթնատամ է, դրա համար չպիտի ցավի, ու առանձնապես միջոցներ չեն ձեռնարկում էդ ուղղությամբ, բայց արդյունքում լավ էլ ցավում է։
    Թարմացել է 28.03.2010, 02:19 ըստ [ARG:5 UNDEFINED]
  3. Meme-ի ավատար
    Ասեմ որ ես ել եմ անչափ վախեցել ատամնաբույժներից,և ամեն անգամ գնալիս հիշում եմ, որ հայրիկիս ձեռքը շատ ուժեղ սեղմում էի,և ձեռքերս սառչում էին այդ վախից,սակայն վախն անցավ հայրիկիս լավ բացատրելուց հետո,և իհարկե որ տեսա թէ ինչքան անցավ գործնթաց է....արդեն գիտակցում էի, որ վախենալու բան ընդանրապես չկա
  4. Harcaser-ի ավատար
    Ուլուանա ջան, անկեղծ ասած` այնպիսի տպավորություն ստացա, թե ամբողջ կյանքումդ ատամ ես քաշել. վերջը քանի՞ ատամ մնաց....