Նայել RSS հոսքը

Harcaser

Չորսամյա Ակումբի և իմ Ակումբի մասին

Գնահատել այս գրառումը
Լավ:
Եկեք այսօր խոսենք Ակումբի առավելությունների ու թերությունների մասին: Սա շարունակական կլինի:

Առավելությունները.
1. Ակումբը հայատառ է, հայալեզու. ողջունելի և խրախուսելի է Ակումբի գործունեությունը:
2. Ակումբում մասնակիցները շատ են, ինչը խոսում է նրա մեծ ժողովրդականության մասին:
3. Ակումբում երկխոսություններն արագ են:
4. Ակումբի մասնակիցների գրառումները շատ արդիական են, ժամանակին համընթաց: Սա մի լավ հատկանիշ է, որ պակասում է շատ այլ ֆորումներից:
5. Միասնականությունը, թիմային աշխատանքը հաճախ իր գեղեցիկ պտուղներն է տալիս. ուշի ուշով հետևում եմ <խոհանոցային> կյանքին, հաճելի է, երբ ջերմությունն ու հոգատարությունը վիրտուալ աշխարհից տեղափոխվում են իրական աշխարհ: Հանդիպումների սովորույթը լավ է:

Թերությունները. բնականաբար, նման նախագիծը զերծ չէ թերություններից.
1. Գրառումները հաճախ տառասխալներով են, երբեմն գռեհկաբան ոճով են շարադրվում:
2. Ակումբի կառուցվածքի հիերարխիան` աստիճանակարգությունը, շատ հեղհեղուկ է, ինչ-որ առումով` անտրամաբանական. բովանդակությամբ իրար մոտ բաժիններն ու թեմաներն ընդմիջարկված են բոլորովին կապ չունեցող բաժիններով ու թեմաներով:
3. Մասնակիցներն ասես աշխատում են <ես քեզ, դու` ինձ> սկզբունքով. անաչառությունը երբեմն տեղի է տալիս: Դժվարանում եմ ասել` սա գալիս է առավելությունների 5-րդ կետում խոսված երևույթների՞ց, թե հոգեբանական այլ իրողություն է: Ամեն դեպքում ֆորումի մասնակիցները պետք է աշխատեն բոլոր տեսակի հովանավորչություններից ազատվել:

Շատ լավ:
Հիմա կասեք` ինչո՞ւ է Հարցասերը խոսում այս թեմայի մասին, այն էլ բլոգում. կասեմ, որ ի շարս մի քանի այլ նպատակների` ավելի անկեղծ խոսելու և իմ ակումբցի հարևաններին բացահայտելու համեստ նպատակ ունեմ:
Լա՜վ եղեք: Շնորհավոր Ակումբի չորրորդ տարեդարձը:

Ուղարկել «Չորսամյա Ակումբի և իմ Ակումբի մասին"» Digg-ին Ուղարկել «Չորսամյա Ակումբի և իմ Ակումբի մասին"» del.icio.us-ին Ուղարկել «Չորսամյա Ակումբի և իմ Ակումբի մասին"» StumbleUpon-ին Ուղարկել «Չորսամյա Ակումբի և իմ Ակումբի մասին"» Google-ին

Թարմացել է 20.03.2010, 13:24 ըստ [ARG:5 UNDEFINED] (մեխանիկական սխալի ուղղում)

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Շինարար-ի ավատար
    ...
    Թարմացել է 20.03.2010, 13:26 ըստ [ARG:5 UNDEFINED]
  2. Harcaser-ի ավատար
    Ահ, նկատեցի. շնորհակալություն:
    Շինարար, իսկ դու գիտե՞ս, թե քանի՜ տեսակ են լինում գրավոր խոսքի սխալները:
  3. Շինարար-ի ավատար
    Ոչ, կհուշե՞ս:
  4. Շինարար-ի ավատար
    Հարցասեր ջան, ազատիր ինձ նման տնային հանձնարարություններից, աղերսում եմ, առավել երախտապարտ կլինեմ, որ միանգամից ներկայացնեիր գիտելիքի այն բնագավառի մասին քո գիտելիքները, որի համար դիմել եմ քեզ, քո սխալի մեխանիկական լինելը ինձ համար պարզ է, արդարանալու պատճառ չունես, ի միջի այլոց ակումբում նման սխալների առումով ես ռեկորդակիր եմ, այնպես որ զուր ես նեղվել, ես միայն ցանկացել էի օգնել…
  5. Harcaser-ի ավատար
    Չեմ նեղացել. ընդհակառակը, առիթ ունեմ մի բան ասելու: Երկուշաբթի կասեմ:
  6. Շինարար-ի ավատար
    Անհամբերությամբ սպասում եմ երկուշաբթի օրվան…
  7. Harcaser-ի ավատար
    Մի դաժան և անկեղծ բան ասեմ, հետո կշարունակենք:

    Երբ շատ փոքր էի` դեռ նոր էի տառերը սովորել, հազիվ գրում-կարդում էի հայերեն, առիթ ունեցա <հեքիաթ> բառը գրելու: Մայրս ինչ-որ հեքիաթ էր պատմել ինձ ու եղբորս, և մենք պետք է այդ հեքիաթի` մեզ դուր եկած բառերը գրեինք թղթին: Ես պետք է գրեի այդ բառը, և գրեցի` <հեքյաթ>. այսօրվա պես հիշում եմ, հավատացեք: Եղբայրս ճիշտ էր գրել` <հեքիաթ>, և ես հարցրեցի, թե ինչու է իմ գրածը սխալ: Պատասխանն ստանալուց հետո զարմացել էի, թե ինչու չեն գրում այնպես, ինչպես արտասանում են: Եվ դեռ նեղացել էի...

    Այդ օրվանից որոշեցի, որ պիտի ուղղագրություն սովորեմ: Երկու տասնամյակից մի քիչ շատ ժամանակ է անցել, և այդ ընթացքում ես ընդամենը մի քանի ուղղագրական սխալներ եմ թույլ տվել:
    Առաջինն այդ <հեքիաթ> բառն էր դեռ շատ փոքր հասակումս: Երկրորդը <լուսնկա> բառն էր, որ սխալմամբ գրել էի` <լուսընկա> երրորդ կամ չորրորդ դասարանում: Մեկ ուրիշ սխալ (ամաչեցի դրա համար) վեցերորդ կամ յոթերորդ դասարանում եմ թույլ տվել. դա <միայն> բառն էր: Հայոց լեզվի ուսուցչուհիս կանչել էր գրատախտակի մոտ և մի քանի բառեր էր թելադրում: Ուզում էի գրել <միյայն>, բայց ուսուցիչս նրբանկատորեն հասկացավ գրատախտակին այդ բառը գրելու հապաղումս և առաջ անցնելով` հուշեց, որ բառը բաղկացած է <մի> և <այն> արմատներից: Ես էլ գրեցի <միայն>` հստակ համոզված լինելով, որ եթե ուսուցչուհիս չկանխեր, կգրեի <միյայն>:


    Ինչևէ, ուղղագրական վերջին սխալ թույլ տալուցս անցել է մոտ 14 տարի: Իհարկե այս տարիներին և ավելի վաղ էլ այլ տեսակի սխալներ թույլ եմ տվել` ոճական, կետադրական և այլն, բայց արագ ուղղել եմ, ճիշտը սովորել, ու հիմա առիթ ունեմ ուրիշներին որոշ բաներ սովորեցնելու:
    Մի քանի կանոն եմ սովորել ուսուցիչներիցս: Դրանցից ամենակարևորը կարող եմ հիշել այստեղ ու ասել.
    Երբեք չկարդալ տառասխալներով գրվածքներ: Եթե ստիպված եմ լինում կարդալ, չեմ զլանում, ուղղում եմ: Սխալաշատ գրվածքը` լինի կարճ թե երկար, միշտ իր վատորակ ազդեցությունն ունենում է ընթերցողի վրա, և կարդացողը եթե ճիշտը չգիտի, անմիջապես սովորում է սխալ գրությունը` ընդմիշտ դաջելով բառի տեսքն իր ուղեղի մեջ:

    Ակումբի գրառումներն ինձ լեզվի տեսակետից դուր չեն գալիս: Անկեղծ ասած` կուզենայի ավելի գրագետ գրվածքներ կարդալ, դրա համար էլ որպես Ակումբի թերություն` նշել եմ առաջին կետում. <Գրառումները հաճախ տառասխալներով են, երբեմն գռեհկաբան ոճով են շարադրվում>: Սխալ չեմ ասում:
  8. Harcaser-ի ավատար
    Մի բան էլ ասեմ. սովորածս կանոններից է.
    Գեղեցիկ գրողը երբեք չի կարող տգեղ շարժուձև, նիստուկաց ունենալ: Եվ ընդհակառակը, ինչքան անգրագետ ես գրում, այնքան անկիրթ ես, մտածողությունդ այդքան զարգացած չէ, շրջապատում այդքան գռեհիկ ես:
  9. Շինարար-ի ավատար
    Հարցասեր ջան, անկեղծ ասած, քեզ հետ կտրականապես համաձայն չեմ: Հավատա ինձ, շատ անկիրթ մարդիկ, որոնք գուցե ունենան էլ բռի շարժուձև, շատ ավելի մարդ են, քան ուղղագրական դժվարություն ունեցող վեց հարյուր բառը անգիր սերտած, նրբակիրթ ու գեղեցիկ շարժուձևով ոմանք: Մասնավորապես, քո նման մտածելակերպի, որի մասին պատկերացում կազմեցի այս վերջին գրառումիցդ, մարդու հետ ինձ բավական տհաճ կլիներ շփվել: Չեմ սիրում այն մարդկանց, որոնց համար մարդկային գնահատականի չափանիշ կարող է հանդիսանալ նրանց գրագիտության աստիճանը: Ներիր, որ անկեղծ եմ:
    Հ. Գ. Շարունակելու եմ կարդալ բլոգդ, գուցե հաճախ էլ մեկնաբանություններ թողնեմ: Դեմ չե՞ս:
    Թարմացել է 22.03.2010, 21:14 ըստ [ARG:5 UNDEFINED]
  10. Harcaser-ի ավատար
    Միայն ուրախ կլինեմ. իհարկե դեմ չեմ:
    ***
    Այո՜, համաձայն եմ, մի քիչ խիստ է ասված վերջինը: Այդ գաղափարը տալու ժամանակ մեր ուսուցչուհին մեզ հավանաբար մի քիչ խիստ էր մոտենում, որ հանկարծ չպատահի այնպես, որ լեզվական սխալներ թույլ տանք և անկիրթ մարդու տպավորություն թողնենք: Բայց և այնպես, որոշ առումներով համաձայն եմ:
    Ինձ համար նշանակություն չունի, թե մարդն ինչ կրթություն, լեզվի ինչ իմացություն ունի. կարևորը սխալ խոսքին սխալ, ճիշտ խոսքին ճիշտ ասի: Քննի, աշխատի, նուրբ, տեղին, ճիշտ ու գեղեցիկ խոսելաոճ ունենա, սովորի ճիշտ խոսել ու գրել:

    Լավ, անցնենք սխալների տեսակներին. կներես, որ մի օր ուշացումով եմ տեղադրում. երեկ համակարգչի հետ կապված խնդիրներ ծագեցին:

    Սխալների առաջին խումբը հնչյունային խումբն է, որի մեջ են մտնում այն սխալները, որոնք թույլ են տրվում բառը սխալ լսած լինելու պատճառով: Այս տեսակի սխալ կատարողների շրջանում բացակայում է բառերի գրաֆիկական կազմի կայուն մտապատկերը: Սա շատ կարևոր հանգամանք է:

    Երկրորդ խումբը ավանդական սխալների խումբն է, որի մեջ են մտնում այն բառերը, որոնք ավանդաբար սխալ են գրվում, և որոնց համար առանձին կանոն չեն սովորում. պարզապես պետք է անգիր անել այդ բառերի ուղղագրությունը: Օրինակ` ընդհանուր բառը կարող է գրվել ընդանուր:
    Հակադարձ ավանդականը սրա ենթատեսակն է. սա բնորոշվում է մի բառախմբի ուղղագրության կանոնի տարածումը մեկ ուրիշ խմբի վրա: Օրինակ` ընդհանուր բառի ուղղագրությունը սովորողը կարող է կարծել, թե ընդամենը բառն էլ է գրվում հ-ով` ընդհամենը և այլն:

    Երրորդը բարբառային սխալների խումբն է, որի պատճառը բարբառային միջավայրն է:

    Չորրորդ` քերականական սխալների խմբի մեջ են մտնում այն բառերը, որոնց ճիշտ գրությունը կապված է քերականական այս կամ այն օրենքի կամ կանոնի չիմացության հետ, օրինակ բառաբարդման, հոգնակի թվի կազմության և այլն:

    Գրամեքենայի, համակարգչի և տպագրական սարքերի թույլ տված սխալները մի առանձին` մեխանիկական սխալների խումբ են կազմում (իհարկե, եթե վերևում նշված տեսակներին չեն պատկանում), սակայն դրանց ուսումնասիրությունն անտեղի է, դրանցից սովորելու բան չկա:

    Ես շատ լավ եմ տարբերում սխալները և երբեք որևէ մեկին ցույց չեմ տվել մեխանիկական/տեխնիկական սխալը. իմ խնդիրն եմ համարել զգուշացնել իրական սխալների մասին:
  11. Շինարար-ի ավատար
    Շնորհակալություն, հետաքրքիր էր իմանալ: Ամեն դեպքում, կարծում եմ՝ մեխանիկական սխալներ նկատելու դեպքում հեղինակին հուշել կարելի է, որ նա ուղղի այդ սխալը…
  12. Chuk-ի ավատար
    Հայերենում գոյություն չունեն < և > նշանները, հայերենում չակերտներն ունեն « և » տեսքը:

    Ես հարկ եմ համարում հուշել այս սխալի մասին, քանզի <> նշանների կիրառությունը համարում եմ տգեղ :
  13. Harcaser-ի ավատար
    Այո, իհարկե:
  14. Chuk-ի ավատար
    Հայերենում գոյություն չունեն < և > նշանները, հայերենում չակերտներն ունեն « և » տեսքը:

    Ես հարկ եմ համարում հուշել այս սխալի մասին, քանզի <> նշանների կիրառությունը համարում եմ տգեղ :
  15. Harcaser-ի ավատար
    Ապրես
  16. Harcaser-ի ավատար
    Իմիջիայլոց, Ակումբում շատ բաներ կան, որ հայերենում գոյություն չունեն: