Խավարին դատապարտվածը
շարունակություն
Վիկային մտորումներից դուրս բերեց հեռախոսազանգը։ Աչքերը կտրեց ջահից, որի վրա վառված էին բոլոր վեց լամպերը։ Վերջին կես ժամը անընդմեջ լույսին էր նայել։ Հեռախոսը միայն զնգոցով գտավ։ «Սովորում եմ կամաց-կամաց», - անցավ մտքով։ Սարսռաց, թեև ցուրտ չէր։
Լսափողը մոտեցրեց ականջին.
- Հա, Ալ։
- Վիկ, բա որ մի օր ուրիշ մարդ լինի։ Հեչ մտածել ե՞ս։
Զգաց, գրեթե տեսավ, որ Ալեքսը ժպտում է։
- Էդ դեպքում կասեմ՝ ալո։
- Դե հա..դու կզգաս..քեզ շատ չկա..Վանգայի թոռ։
Վիկան զգաց, որ ոտքերը թուլանում են։ Հենվեց պատին։
- Վանգան կույր էր, Ալ։
- Վի՞կ։
Ասա...ասա, պետք է ասես, պարտավոր ես..
- Ալ, հիշում ես իմ դասարանի Կարենին, պատմել եմ իր մասին։
- Հա, ջան, հիշում եմ։ Ինչ է, վերադարձել է կյա՞նքդ,- Ալեքսը ծիծաղեց։
Վիկան պատին հենված սահեց գետնին։
- Զանգել էր, խոսում էինք։
- Հետո ինչ։ Լավ էիք անում։ Ձայնիդ հետ ի՞նչ է կատարվում, Վիկ։
- Կարող է հանդիպենք էս քանի օրը։
- Է հանդիպենք, վաղուց էի ուզում տեսնել առաջին սիրուդ։
- Չէ, դու ... դու չես գա։ Ուզում եմ հանգիստ նստենք, հիշենք։
- Վիկ, դողացնում ես։
- Չեմ դողացնում..հոգնած եմ։ Գնա քնի, Ալ։ Ուշ է։
- Վի՞կ..
Լսափողը մի կերպ դրեց տեղը ու քարացավ՝ պատի տակ կուչ եկած։
Արցունք չկար։ Միայն գիշերվա կեսին զգաց, որ ոսկորները սառչում են։
Ջահի բոլոր վեց լամպերը վառվում էին։
շարունակելի