Բորչալվի հայերը
Կարդացի Հովհաննես Թումանյանի ճանապարհորդական նկատողությունները Բորչալվի գյուղացիների մասին, որը նա գրել է 1894 թվականին։
Այստեղ Թումանյանը նկարագրում է հայ գյուղացիների անմխիթար պայմանները՝
Հիվանդություններն ու մոլությունները այս ժողովրդի կյանքի հարազատ եզրակացություններն են։ Սիֆիլիսը (տիրամոր ցավ) և օնանիզմը հայտնի են ամենախուլ անկյուններում, իսկ անասնամոլությունը զարմանալի տարածված է թե ամուրիների և թե ամուսնացածների մեջ։
Ապրում են կեղտոտ, ավելի կեղտոտ, քան իրանց անասունները․ մարդիկ կան, որ մկրտվելիս ավազանումն են լողացել, մեկ էլ մեռած ժամանակ պետք է լողացնեն․ նրանց մարմինը 50—70 տարվա ընթացքում երկու անգամ է ջուր տեսնում։
Իսկ ահա թե ինչպես է նա նկարագրում կողքի գյուղերում ապրող ռուս և գերմանացի գաղթականներին.
Հողի կողմից ավելի բախտավոր են ռուսներն ու մալականները, որոնք թեև ուշ եկվորներ են, բայց լավ և ընդարձակ տեղեր են գրաված, և բացի ունեցածը համայնական ուժով նորանոր հողեր են գնում։
Տոկուն և ժրաջան գերմանացի գաղթականներն էլ այգեգործությամբ և առհասարակ օրինակելի գյուղատնտեսությամբ ապահովել են իրանց և ապրում քաղաքավարի, գեղեցիկ տներում, առանձնացած, ջոկված մյուս ազգություններից, սառն ու մռայլ բնավորությամբ։
Իսկ ահա թե ինչպես է Թումանյանը նկարագրում կրթված հայ երիտասարդությունը.
Անտարբեր ու սառը դեպի շրջապատող ժողովրդի կյանքի կարիքներն ու չարիքները, զզված, վհատած, հավատացնում են, թե «ոչինչ չի կարելի անել այսպիսի ժողովրդի մեջ»․ ահա թուլամորթ, փոքրոգի մարդկանց հավիտենական երգն ու ապաստարանը։
Այսպես լինելուց հետո, տաք վիճաբանություններով իրլանդական հոմռուլի վճիռն են պահանջում անգլիական պառլամենտում կամ բանվորների խնդիրն են քննում ու պաշտպանում Ֆրանսիայում...։
Նրանց վեճերի մշտական առարկան հոգևորականությունը, եկեղեցին է. կարծես, թե նրանց խելքին ու դատողությանը լայաղ ուրիշ բան չկա, բայց իսկապես՝ այս նրանց մտքի թշվառության և աչքերի կուրության ապացույցն է։ Ինչ որ խոսեն, անգիր արած աշուղի նման, կգան կկպչեն եկեղեցուն, թեկուզ անտեղյակ այն նույն եկեղեցու էությանն ու գոյությանը, լրության ու թերությանը։
Հետո Թումանյանը ասում է որ մոտ 100 տարի իրենից առաջ այդպես չէր։ Առաջ մարդիկ ավելի բարոյական էին, ավելի ազնիվ էին, ավելի լավն էին։
Հետաքրքիր է թե ինչքան բան համարյա չի փոխվել հայ ժողովրդի մեջ անցած 116 տարվա ընթացքում։
Շատ հետաքրքիր հոդված է, և խորհուրդ եմ տալիս այն կարդալ և ձեր կարծիքը հայտնել։