Նայել RSS հոսքը

Անուկապատում

Հայաստանն ու մարդիկ

Գնահատել այս գրառումը
Մինչև Հայաստան գալս Հայաստանից ով չէր ալարում, ինձ փորձում էր համոզել, որ Հայաստանում կյանքն էնքան անտանելի է դարձել, որ հենց որ գամ, միանգամից էն աստիճանի կզզվեմ ու կհիասթափվեմ, որ ոչ միայն այլևս վերադառնալու ցանկություն չեմ ունենա, այլև նույնիսկ գալուս համար կփոշմանեմ... Չէի հավատում, որովհետև նախ էդքան հավ չեմ, որ չհիշեմ, թե իմ երկիրն ինչ վիճակում էր, երբ գնացի, ու Հայաստան գալով՝ ես շատ լավ գիտակցում եմ, թե ուր եմ գալիս, վերջիվերջո, վերջին երկու տարին չհաշված՝ ամբողջ կյանքս էնտեղ եմ ապրել, ու սիրում եմ Հայաստանը՝ ինչպիսին էլ որ լինի։ Ես հո նոր չէի՞ իմանալու, որ իմ երկիրը կաշառակերության, ամենաթողության, տգիտության և որոշ այլ բացասական երևույթների մեջ թաղված է։ Բայց որ վերջին երկու տարում կայծակնային արագությամբ աներևակայելի դժոխքի վերածված լիներ, էնպես, որ ես դրանից շոկի մեջ ընկնեի ու խուճապահար փախչեի՝ երբևէ հետ չգալու որոշմամբ՝ ճիշտն ասած՝ մի քիչ հեքիաթների ոլորտից էր թվում, ու էդպես էլ դուրս եկավ։

Ճիշտ է, նաև գիտակցում եմ, որ երկրի վիճակի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար մի ամիսը, այն էլ վազվզոցի մեջ անցկացրած, էնքան էլ բավարար չէ, բայց միաժամանակ հաշվի առնելով, որ տուրիստ չեմ, այլ ընդամենը երկու տարի առաջ էդտեղից գնացած տեղացի, մի ամիսը քիչ թե շատ հերիք էր, որ համոզվեի, որ համարյա ոչինչ էլ չի փոխվել. հա, գուցե որոշ բացասական երևույթներ մի քիչ ավելի են բարգավաճել, բայց նաև որոշ մանր–մունր դրական փոփոխություններ են եղել։ Իհարկե, չեմ կարող ճշգրիտ գնահատել լավի ու վատի համամասնությունը, բայց ընդհանուր առմամբ ես տեսա էն Հայաստանը, որը ճանաչում էի. ոչ մի բանից չզարմացա, ոչ մի բանից չհիասթափվեցի։ Հարազատ մարդկանցով շրջապատված լինելը կամ էն միտքը, որ ուզածդ պահին կարող ես շփվել նրանց հետ, էնքան ջերմություն էր տալիս, որ մնացածն արդեն պակաս կարևոր էր դառնում։ Ու մտածում էի՝ բայց ինչ մեծ երջանկություն է հարազատներին էդքան մոտ գտնվելը, զգալը, որ նրանք հասանելի են, նույնիսկ եթե հետները չես ապրում, գոնե փոքր հեռավորության վրա են, ու պետք եղած ժամանակ կարճ ժամանակում կարող են կողքիդ հայտնվել, երջանկություն, որ ունեցած ժամանակ երբեք չես գիտակցում ու գնահատում։ Ու ընդհանրապես էն գիտակցումը, որ Հայաստանն էնքան փոքրիկ է, որ ուր էլ գնաս, ուր էլ լինես, մեկ է, ամեն ինչ ու բոլորը կողքիդ են, էնքան հավես էր։ Հայաստանում ամեն տեղ կարծես մոտակայք լինի։

Ուղարկել «Հայաստանն ու մարդիկ"» Digg-ին Ուղարկել «Հայաստանն ու մարդիկ"» del.icio.us-ին Ուղարկել «Հայաստանն ու մարդիկ"» StumbleUpon-ին Ուղարկել «Հայաստանն ու մարդիկ"» Google-ին

Թարմացել է 25.01.2010, 03:13 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն