Մայրություն
Վերջերս ինձ հարցրին աշխատում ե՞ս: Ասեցի այո: «Ո՞րտեղ եւ ի՞նչ ես աշխատում»: «Տանն եմ աշխատում ու մայր եմ աշխատում», (մի խոսքով ամուսնուս քարտուղարուհին եմ, երեխաներիս՝ դայակը):
Դժվար, բայց հաճելի մասնագիտություն է մայրությունը: Ճիշտ է մայրության կարգավիճակ ստանալու համար պետք չէ հատուկ ուսում առնել: Այն ձեռք է բերվում կյանքի ընթացքում, քիչ-քիչ: Միայն երեխան ծնելով մայր դառնալու կարգավիճակը չի սահմանափակվում:
Պետք է կարողանալ ուրախանալ երեխայի ուրախության հետ, տխրել՝ տխրության ժամանակ, ոգեւորել հաջողությունների, նաեւ անհաջողությունների ժամանակ, ուշադրություն ու հոգատարություն՝ հիվանդության ժամանակ... Եւ այս ամենը մինչեւ վերջորովհետեւ երեխան ինչքան էլ մեծանում է, ծնողի համար մնում է երեխա: Քիչ չի լինում, երբ 40 տարեկանում ինչ որ հուզումով դիմում են ծնողի հովանավորության, կամ օգնությանը:
Երբ ծնվեց առաջինս, տատս ասեց, «էլ երեխա մի ունեցի, քանի երեխա, էտքան էլ՝ հոգս ու անհանգստություն:
Այսպես. կերակրել, հագցնել, սովորեցնել, ուրախանալ ու հուզվել երեխայի հետ միասին: Հիմա, ինչքան երեխա, այնքան այս ամենը ոչ թե կիսվում է երեխաների միջեւ, այլ ԿՐԿՆՎՈՒՄ է: Մոր մեջ էներգիայի պաշարը ոչ թե կիսվում է երեխաների միջեւ, այլ կրկնակի է դառնում:
Հյուր էինք գնացել 3 փոքրիկներիս հետ միասին: Երեխաները խաղում են: Ես էլ զրուցում եմ տանտիրուհու հետ: Երեխաները սիրում են փորձել ու ստուգել, արդյո՞ք իմ հոգատարությունն ու ուշադրությունը չի պակասում: Փոքրիկ տղաս եկավ մոտս բարձրացավ գիրկս, անմիջապես հաջորդը եկավ, թե ես էլ եմ ուզում: Լավ, նա էլ մյուս ծնկիս նստեց: Օհօ, եկավ աղջիկս, Նայում է, բայց չի մոտենում: Գիտեք, կար ցանկություն, որ երեխաները արագ վերադառնային իրենց խաղին: Բայց երեւի թե երկար կկանգնեին:
Պետք է բավարարեի նաեւ աղջկաս վստահությունը, «մաման նաեւ ձեռքեր ունի, արի ես քեզ ձեռքով գրկեմ:» Նելլին մոտեցավ, ձեռքով գրկեցի իրեն: Երկու րոպեից երեխաները եւ վստահ էին, եւ բավարարված, անմիջապես անցան նորից խաղերին: Դժվար թե ծանոթիս հետ շարունակեի զրուցս, եթե հենց սկզբից նրանց քշեի՝ դիտողությամբ, թե մենք զրուցում ենք, մի խանգարեք: Նրանք միեւնույն է անընդհատ կպնելու էին:
Հետաքրքրություններ կյանքում շա՜տ կան: Բայց կյանքը երեխաներով, մի այլ կերպ է հետաքրքիր: