Նայել RSS հոսքը

Աբելյան

Թերթելով Կյանքիս էջերը... (մաս 2)

Գնահատել այս գրառումը
Տենաս ինչ ա նախապատրաստել կյանքը՝ վաղը գլխիս բերելու համար:
Կամ երևի հենց էսօր:
Կամ երևի մի 2 օրից:
Բայց թե սենց երկար չի կարա շարունակվի: Մի քանի օր ա՝ ոչ մի ախմախ բան չի կատարվում: Մի քանի օր ամեն ինչ ոնց որ թե լուռ ա:
Լռությունը քնելու համար չի՛: Զգաստանալու համար ա: Քնել չի կարելի: Նախապատրաստվել ա պետք:

16.06.2008
Երկար ժամանակ, ավելի ճիշտ` մի քանի օր, ոչ մի տհաճ երևույթ չէիր տեսել: Ու սպասում էիր... Երանի քեզ, երանի էդ ժամանակներին, որ հիմնականում անհոգ էիր ապրում: Ու ոչ երնեկ քեզ, որ էսօրվան էս հասել: Նախանձում եմ ինքս քեզ: Նախանձում ես ինքդ ինձ: Նախանձում եմ, նախանձում ես...

Ինչիս ա պետք տելևիզրը կամ կոմպը: Դրանից ինձ ինչ ա ավելանում կամ պակասում:
Ինչիս ա պետք ֆուտբոլ խաղալը, եթե ֆուտբոլիստ չեմ դառնա:
Ինչիս ա պետք ինքնագլուխ բաներ անելը, եթե կարամ իմ համար հանգիստ ապրեմ:
Ինչիս ա պետք ինտերնետը, եթե իզուր փող եմ ծախսում ու ոչ մի օգուտ:
Ինչիս ա պետք քաղաքից դուրս գնալ-հանգստանալը, կամ քաղաքում ֆռֆռալը, եթե տունը պառկած կարամ հանգստանամ:
Ինչիս ա պետք սրան-նրան սիրելը, եթե կարամ իմ համար հանգիստ ապրեմ:
Մեկ ա, օդ կա, ջուր կա, գազ կա, հաց կա, սովորում եմ, աշխատանք կա, տուն ունեմ, շոր ունեմ:
Մնացած ամեն ինչի իմաստը որն ա:

30.06.2008
Խորը փիլիսոփայական հարցեր ես առաջ բերում, որոնց վրա ժամանակին գլուխ են ջարդել Արիստոտելը, Պլատոնը, Սոկրատեսը և նրանց մեծերը... Սենց խոհափիլիսոփայական բում դիտվում ա մղձավանջային ամիսներին: Քեզ լիքը մղձավանջներ եմ ցանկանում:

Բայց ինչքան քիչ բան ա պետք, որ մոմենտի տակ տրամադրությունդ 180 աստիճանով փոխվի:
04.07.2008
Ծեծված ճշմարտություն:

Ու Աստված 6-րդ օրը ստեղծեց մարդուն... Մարդն էլ միանգամից, տեսավ Աստված հանգստանում ա, մի հիմար բան արեց: Էհ, հետո Աստված մարդուն դուրս արեց դրախտից, որ լավ տանջվի, էն էլ մարդը ոնց մարդ կար, տենց մարդ էլ մնաց: Հլա մի բան էլ շատացան: Աստված ջրհեղեղ բերեց մարդու գլխին, մարդիկ նորից շատացան ու նորից շարունակեցին իրանց էշը քշել: Մի հարցնող էլ ըլնի. "Աստված ջան, հաստա՞տ քո պատկերով ես ստեղծել մարդուն":
06.07.2008
Հունիս-հուլիս մղձավանջի թեժ կետերից մեկը... Չէ, լուրջ, մղձավանջները ավելի շատ են օգուտ բերում, քան թե լճացումները: Եղիցի մղձավանջ: Զի դու տեսել ես, որ մղձավանջը բարի է... Հենց մենակ նրանով, որ քեզ ստիպում են փոխել, ոչ թե փոխվել: Իսկ լճացումները ոնց կան, տենց էլ թողում են:

Սենց երկար չի կարա շարունակվի: Կամ պետք ա հարմարվել, կամ պետք ա փոխել: Դե, փոխելն էլ հնարավոր չի, ուրեմն մնում ա հարմարվել: Ի՞նչ… Չես ուզում... Ուրեմն երկրորդը: Ի՞նչ... Չես կարու՞մ... Ուրեմն հարմարվի: Չես ուզում... Բայց խի՞... Որովհետև վատ ա: Բայց ինչի՞ ա վատ: Ի՞նչն ա պատճառը: Պողոսն ա՞ մեղավոր: Չէ, դու ես մեղավոր: Վատ ա, որովհետև դու վատն ես: Վատն ես, որովհետև բարի ես, ազնիվ ես, անկեղծ ես, չես կարում մարդկանց խաբես, միամիտ ես: Էն էլ ինչքան: Այ, էսօր տեսա՞ր քեզ ոնց կարեցան խաբեն: Բա էս քանի օրվա մեջ քանի՞ անգամ խաբված կըլնես: Երևի մի 4-5 անգամ: Բայց չէ, իրականում քեզ ավելի շատ խաբած կըլնեն, ուղղակի դու չես նկատել: Ցավում ա՞: Տեղն ա քեզ: Պողոսն ա՞ ճղել: Չէ, տեսնում ե՞ս, դու ես արել: Դու ես ճղել, քո անզգուշության պատճառով: Չնայած, լավ ես արել: Թող ցավա: Որ շատ ցավաց, ինֆեկցիա անցավ, էլ մյուս անգամ տենց բան դժվար թե անես: Չնայած, որ մի քանի անգամ նույն սխալը հաջողացնում ես անես, կարող ա մյուս անգամ էլ ցավա: Ուզում ես փոխես, բայց չես կարու՞մ: Ի՞նչ մի դժվար բան ա: Դառի չար, խարդախ, կեղծավոր, ու կըլնես լավը: Քեզ ավելի շատ կսիրեն: Չես կարում... Տենց տաղանդ մեջդ չկա... Էտ դեպքում քեզ ուրիշ խորհուրդ չեմ կարա տամ: Երրորդ տարբերակ էլ կա, բայց թե... Դու գիտես: Չնայած, որտեղից քեզ էդքան համարձակություն ու կամքի ուժ: Էլի ա՞ ցավում... Ոչինչ. կմեծանաս, կհիշես: Ասածներս էլ կհիշես:
Ու ստեղ եկանք մեր հերթական դաստիարակչական անօգուտ զրույցի վերջաբանին. ի՞նչ ենք որոշում: Ոչ մի բան: Նույն ձևով էլ շարունակի: Մեկ ա. գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա շուտ արեք, ոչխարը փախավ: Մեկ ա ոչ կարաս փոխես, ոչ էլ ուզում ես հարմարվես, երրորդ տարբերակի մասին վախում էլ ես մտածես: Շարունակի նույն ձևով: Կուշտ հաց կեր, բայց էս գիշեր քնելուց առաջ էլ էդքան շատ չմտածես, մեկ ա օգուտ չկա, իսկ վաղը առավոտ գործի ես: Պետք ա շուտ քնես, որ շուտ վեր կենաս: Թե չէ էսօր հազիվ 5 ժամ կարեցար քնես:

29.07.2008
Մղձավանջի պիկը: Խաչվեցի, թաղվեցի անկողնում, բայց դժբախտաբար առավոտը հարություն առա ու նորից սկսա ապրել: Մղձավանջը բնույթով սեռական ակտի նմանվեց. սկիզբ, թեժ կետ, վերելք, պի՛կ... Կտրուկ անկում...

Ո՞րն է այսօր մեր հաղթանակի գլխավոր նախադրյալը: Ոչ Եվրոպան, ոչ էլ ԱՄՆ-ն: Մեր հաղթանակի գլխավոր նախադրյալը մենք ինքներս ենք: Մեր միասնությունը, մեր վճռականությունը, մեր կամքը, մեր ոգին և մեր հավատը հաղթանակի նկատմամբ: Փոքր հաղթանակներ արդեն գրանցել ենք, սակայն մեր ամենամեծ խնդիրները դեռ առջևում են:
Հաղթանակի ճանապարհը փշոտ է և դժվարություններով լի, սակայն եթե ժողովուրդը միասնական է և վճռական, ապա ցանկացած դժվարություն հաղթահարելի է: Քանի-քանի անգամներ է ժողովուրդը կանգնել իր համար վճռորոշ ճամփաբաժանների առաջ, երբ միակ ելքը եղել է փրկության փշոտ ճանապարհը: Այդպես է եղել և Ավարայրի, և Սարդարապատի հերոսամարտերում, որտեղ թշնամիները ունեին մի քանի անգամ մեծ թվաքանակներով զորքեր, և արաբների ու թուրքերի արշավանքների ժամանակ, երբ քոչվոր ցեղերը թալանում ու ավիրում էին երկիրը, և անգամ բոլորովին վերջերս` Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը իր հզորությամբ բազմապատիկ անգամներ գերազանցում էր մեր թշվառ-անտեր պետությանը: Ժողովուրդը այդպիսի ճակատագրական պահերին միշտ ոտքի է կանգնել ու պայքարել միահամուռ ուժերով, և թշնամու բիրտ ուժը, ինչքան էլ այն մեծ եղած լինի, ընկրկել է մի բուռ ժողովրդի միասնության, կամքի և ոգու առաջ: Մեր ժողովուրդը միշտ էլ ունեցել է առաջնորդներ, որոնք կարողացել են համախմբել հուսահատ ժողովրդին և հավատ ներշնչել հաղթանակի նկատմամբ:
Այսօր մենք ունենք հզոր առաջնորդ: Մարդ, որին ժողովուրդը փետրվարի 19-ին ընտրեց նախագահ: Առաջնորդ, որը մեզ միավորեց և դարձրեց մեկ միասնական բռունցք: Հայի ոգին չի մարել: Ժողովուրդը համախմբված է և հավատում է իր հաղթանակին:
Քիչ է մնացել: Հեռու չէ այն օրը, երբ դարձյալ հակառակորդի ուժը կընկրկի: Իսկ թե երբ է դա տեղի ունենալու, հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այսպես երկար շարունակվել չի կարող: Չի կարող, քանի որ ժողովուրդը վճռական է տրամադրված: Քանի որ ժողովուրդը հավատում է իր ընդհանուր հաղթանակին: Քանի որ ժողովուրդը ունի մեծ առաջնորդ: Քանի որ պատմությունը ցույց է տվել, որ ժողովրդի առջև անհաղթահարելի ոչինչ չկա: Եվ ես հպարտ եմ, որ այսպիսի ժողովրդի մի մասնիկն եմ: Այսպիսով` օգոստոսի 1-ին, բոլորս դեպի մատենադարան, ևս մեկ անգամ ցույց տալու մեր հզորությունն ու միասնությունը: Բոլորս դեպի մատենադարան` միասին կերտելու մեր ընդհանուր հաղթանակը: Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք չենք դադարեցնելու մեր պայքարը:
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ…

31.07.2008
Նախամիտինգային ելույթ: Էդ օրերին ինձ ներշնչում էի, որ սա վճռական միտինգը կլնի: Ինչևէ, միտինգը հերթական վճռական միտինգներից մեկն եղավ ընդամենը: Ու հիմա որ նայում եմ, վերաբերմունքս էնքան ա փոխվել…

Գործիքներին նայում եմ` քրտինքս խփում ա: Բայց թե կդիմանամ: Հպում, սուր աղմուկ, տհաճ համ, մեկ էլ էն պլաստմասսայից զզվելի նասոսը: Նայում եմ` ձեռին մեծ սպռիչ ա: Գնաց: Սիրտս թուլանում ա էն մտքից, որ ցավացող ատամիս մեջ ա մտնում ասեղը: Բայց թե ցավ չեմ զգում: Բայց թե սիրտս թուլացել ա: Լավ, մյուս անգամ աչքերս կփակեմ:
Մի ժամ ա բերանս բաց ա մնացել, սկի կուլ տալն էլ ա արգելված: Լեզվով էլ չպտի կպնեմ` թե չէ պլոմբը չի մնա: Բա ներվը: Ինչ զզվելի էր: Ամեն ինչի մեղավորը հենց ինքն էր` իրա լիլիպուտ հալով: Հազիվ գլուխս մի փոքր կարեցա թեքեմ: Տենամ՝ ոտս դողդողում ա: Ձեռս էլ թմրած վիճակում էր: Տաս րոպե մնաց համբերեմ: Ինչ լավ ա:
Հազիվ պրծա: Բերանս էլ մի րոպե բաց էր մնացել իներցիայով: Վերջ էս անգամը: Մնաց ութ-ինը ատամ սարքեմ:

18.09.2008
Փոքր ժպիտ` երկու մղձավանջների արանքում:

Ընդամենը երեկ էր: Բայց մոտս արդեն կարոտախտ ա: Իրա տարբեր երանգներով:
Երկար ենք բաժանվելու: Բայց մեկ ա սիրում եմ քեզ: Կդիմանամ: Բայց կարող ա՞... Չէ՛, մտքովդ էլ չանցնի:
Ուրեմն՝ մինչ նոր հանդիպում:

18.10.2008
Ու ոնց որ մյուս սերերը` էս մի սերը նույնպես մաշվում-գնում ա ամիսների ընթացքում: Բայց ի տարբերություն մնացած ստից-մտից սերերի, էս մի սերը դիմացկուն ա ու մինչև էսօր էլ իրան չի սպառել: Մանավանդ որ համեմատաբար փոխադարձ ա:

Լինում է, չի լինում, մի անբախտ է լինում: Ինչ անում է՝ բախտը չի բերում: Զարթուցիչը լարում է առավոտյան ժամը 8-ի վրա՝ ժամացույցը փչանում է, ու ինքը ուշանում է քննություններից, ցնցուղով այգին է ջրում՝ ցնցուղի մեջ ժավել է լցված լինում, կերակրի մնացորդը գցում է աղբարկղը՝ ընկնում է աղբարկղից դուրս: Ահավոր անբախտ է լինում: Ու մի օր որոշում է նետվել անդունդը: Մոտենում է անդունդի եզրին, բացականչում է. "իիիիի-ռա՛ս" և ցատկում: Բայց բախտը չի բերում, և շալվարի՝ գոտու համար նախատեսված օղակներից մեկը կառչում է անդունդի պռունկին աճած ծառի ճյուղերից մեկից: Այդ պահին մի գոգնոցավոր պառավ է անցնելիս լինում այդ կողմերով և տեսնում է անբախտ դժբախտին ու հարցնում.
-Ի՞նչ է պատահել, բարեկամս:
-Անբախտ եմ տատի, շատ եմ անբախտ:
-Բա ես էլ բախտ բաժանողն եմ:
-Բա ինձ էլ տուր:
Տատը ձեռքը տանում է դեպի գոգնոցը ու մի մեծ ծրար է հանում:
-Վերցրու: Մեծ բախտի ես արժանանում:
Անբախտը մեկնում է ձեռքը ու վերցնում ծրարը: Բայց հենց այդ պահին ճյուղը կոտրվում է, ու անբախտը սլանում է վար՝ դեպի անդունդը, բայց սլանալու պահին բախտը ձեռքից բաց է թողնում ու վերջում վայրեջք կատարում խոտի դեզերի մեջ՝ առանց վնասվելու: Վեր է կենում ու զայրացած թափ տալիս շորերի վրայի փոշին:
-Էս անգամ էլ բախտս չբերեց:

06.11.2008
Տրագիկ կոմեդիա: Նոր մղձավանջի ազդանշան: Նոր պրոբլեմները խառնվում են հներին ու պոռթկումներ են առաջ բերում: Քանի ինքդ չես փոխել, քանի լուծումներ չես գտել, քանի նորերի հայտնվելու դեմ մեխանիզմներ չես մշակել, հա էլ պրոբլեմների առաջ կկանգնես: Բախտը մեղավոր չի:

Սկսում ա զզվելի շրջանը. մի ամսուց ավել նստի-պարապի...
Դե լավ էլի...
Որ 18-ից բանակ գնացած ըլնեի, վեց ամսուց կգայի:
Կգայի, մի հատ նոր կյանք կսկսեի:
Թե չէ, հիմա ոնց որ կյանքդ պրծնելու վրա ա...

18.11.2008
Ու դու հլա հավատում էիր որ բանակ ես գնալու...

Ուֆ, դե տանջեցիր թողիր ինքդ քեզ տանջելով: Դե ինչ անեմ, որ էդ տանջանքը քեզ մի բան էլ հաճելի ա: Հա տանջվում ես ու չես կշտանում: Չնայած, տանջում ես` տանջի, ինձ էլ ա հաճելի:
20.01.2009
Վերջ երկրորդ մասի:

Ուղարկել «Թերթելով Կյանքիս էջերը... (մաս 2)"» Digg-ին Ուղարկել «Թերթելով Կյանքիս էջերը... (մաս 2)"» del.icio.us-ին Ուղարկել «Թերթելով Կյանքիս էջերը... (մաս 2)"» StumbleUpon-ին Ուղարկել «Թերթելով Կյանքիս էջերը... (մաս 2)"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն